Արևմուտքում ամրապնդվում է այն տեսակետը, թե հարկ է բռնագրավել Կրեմլին պատկանող հարյուր միլիարդավոր դոլարների հասնող ակտիվները, որոնք սառեցվել են Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Եվրոպայում մտահոգ են, որ ԱՄՆ գալիք նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրճատել ռազմական օգնությունը Կիևին, և ոմանց խոսքով՝ այդ պարագայում ռուսական ակտիվները կարող են լրացնել պակասը:
Ինչպես հայտնի է, արևմտյան երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ դոլարի հասնող ռուսական պետական ակտիվները՝ 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո:
Ակտիվների մեծ մասը պահվում է Եվրոպայում:
Մեծ Բրիտանիայում, օրինակ, առկա է Կրեմլին պատկանող և շուրջ 22 միլիարդ դոլարի հասնող կարողություն: Անցած շաբաթ բրիտանացի օրենսդիրները քվեարկեցին մի որոշման օգտին, որը կոչ է անում պաշտոնական Լոնդոնին այդ միջոցները բռնագրավել և փոխանցել Կիևին։ Սակայն որոշումը պարտադիր չէ կատարման համար։
Բրիտանացի օրենսդիրները խոսում էին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնությունը կարող է կրճատվել, ուստի հարկ է գործել:
«Գիտենք, որ նա այլ կերպ է վերաբերվում Ուկրաինային: Այլ կերպ է վերաբերվում Եվրոպայի անվտանգությանը, այլ կերպ՝ Ռուսաստանին։ Եթե ցանկանում ենք փոխել Ուկրաինայի նկատմամբ [Վաշինգտոնի ապագա գիծը], հատկապես՝ ԱՄՆ աջակցության կրճատման կամ հնարավոր կրճատման ֆոնին, պետք է ավելի արագ գործենք, և պետք է բռնագրավենք այդ 300 միլիարդ դոլար սառեցված ակտիվները և ուղղենք դրանք Ուկրաինա»,- ասում է բրիտանական խորհրդարանաի անդամ, լիբերալ դեմոկրատ Մայք Մարտինը։
«Անշուշտ, այժմ Միացյալ Թագավորության կառավարության համար հնարավորություն է առաջացել առաջնորդություն ստանձնել և պահանջել, որ օգտագործենք այդ ակտիվները [Կիևին] ապագա փոխհատուցումների համար, որոնք պետք է վճարվեն՝ Ուկրաինայում տեղի ունեցած սարսափը վերացնելու նպատակով»,- նշում է Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի մեկ այլ անդամ, պահպանողական Իյան Դանքըն Սմիթը:
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոլյանդրի խոսքով՝ Կիևին Վաշինգտոնի աջակցության կրճատումը կարող է ուղղակի ստիպել Եվրոպային որոշում կայացնել ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ։
«Մտահոգիչ է Ուկրաինային թողնել [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի ռազմական մեքենայի առջև: Բայց, անկեղծ ասած, կասկածում եմ, որ եթե բանը հասնի դրան, որոշում կկայացվի այդ գումարը տալ Ուկրաինային»,- ասում է Կոլյանդրը։
Կոլյանդրը շարունակում է, թե Ուկրաինան կարող է խոստանալ այդ միջոցներն օգտագործել ամերիկյան զենք գնելու համար՝ հասնելու Թրամփի աջակցությանը։
«[Նման մոտեցումը] լավ տեղավորվում է «Նախևառաջ Ամերիկան» գաղափարի ներքո: Այն կօգնի Ուկրաինային զենք ձեռք բերել։ Կօգնի Թրամփին որոշակի հաղթանակներ տանել տանը»,- նշում է Կոլյանդրը։
Վերլուծաբանի խոսքով՝ սակայն, Եվրոպական կենտրոնական բանկը և եվրոպական որոշ երկրների կառավարություններ դեռ վերապահումներ ունեն ռուսական ակտիվները բռնագրավելու հարցում:
«Նրանք վախենում են, որ եթե բռնագրավեն ռուսական ակտիվները կամ գործնականում ազգայնացնեն ու փոխանցեն Ուկրաինային, ապա [նման քայլը] կսասանի եվրոյի նկատմամբ վստահությունը՝ որպես պահուստային արժույթի, և ոչ եվրոպական երկրները այլևս կվախենան իրենց սուվերեն ակտիվները ներդնել եվրոպական բաժնետոմսերում, պարտատոմսերում և վերածել եվրոյի»,- ասում է Ալեքսանդր Կոլյանդրը:
Մոսկվայից արձագանքում են, թե իր ակտիվների ցանկացած առգրավում անօրինական կլինի և կհանգեցնի պատասխան քայլերի: Սակայն դիտորդները նկատում են՝ արևմտյան ընկերությունների մեծ մասն այլևս լքել է Ռուսաստանը: