ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը դեկտեմբերի սկզբին տված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԱՄՆ տիեզերական գործակալության «Արտեմիս» ծրագրի շրջանակում լուսնային թռիչքների նորացված ժամանակացույցը՝ ընդգծելով, որ առաքելությունը բարդ է իրականացնել։
«Ամենից համարձակ, տեխնոլոգիապես բարդ, համագործակցություն նախատեսող միջազգային նախաձեռնությունն է, որը երբևէ իրականացվել է մարդկության կողմից»։
«Արտեմիս I» առաքելությունը՝ ՆԱՍԱ-ի առաջին քայլն էր Լուսին վերադառնալու ճանապարհին, և այն անօդաչու, փորձնական թռիչք էր, որը տեղի ունեցավ 2022 թվականի վերջին։ «Արտեմիս I»-ի «Օրիոն» տիեզերանավը վերադարձավ Երկրի մթնոլորտ, և ՆԱՍԱ-ի աշխատակիցները նկատեցին խնդիրներ՝ կապված ջերմապաշտպանիչ վահանի հետ, որը նախատեսված էր ապահովել տիեզերագնացների անվտանգությունը վերադարձի ընթացքում։ Այս հանգամանքը կասկածի տակ դրեց տիեզերանավի հուսալիությունը և «Արտեմիս» ծրագրի ապագան։
«Ջերմությունը կուտակվում է ջերմապաշտպանիչ վահանի արտաքին շերտի ներսում»։
ՆԱՍԱ-ի ղեկավարի տեղակալ և նախկին աստղանավորդ Փեմ Մելրոյի խոսքով՝ խնդրի հետագա ուսումնասիրությունը հնարավորություն է տվել լուծում գտնել՝ երաշխավորելով «Օրիոն» տիեզերանավի ապագա առաքելությունները։
«Մեր թիմը պարզել է ջերմապաշտպանիչ վահանի հետ կապված խնդրի հիմնական պատճառը»։
«Արտեմիս II» առաջին օդաչուավոր լուսնային առաքելությունը ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի վերջին, որի ընթացքում տիեզերանավը պետք է դուրս գար Լուսնի ուղեծիր, բայց վայրէջք չկատարեր Լուսնի մակերեսին։ «Օրիոն» տիեզերանավի ջերմապաշտպանիչ վահանի հետ կապված խնդիրների լուծման և մթնոլորտ մուտք գործելու հետագծի վերանայման պատճառով ՆԱՍԱ-ն «Արտեմիս II»-ի մեկնարկը տեղափոխել է 2026 թվականի ապրիլ։ Իսկ «Արտեմիս III» առաքելությունը, որի նպատակն է տիեզերագնացներին հասցնել Լուսնի հարավային բևեռ, այժմ նախատեսված է 2027 թվականի կեսերին։
«Մեր տիեզերագնացների անվտանգությունը միշտ առաջին տեղում է մեզ համար»։
ՆԱՍԱ-ի ղեկավար Նելսոնն ընդգծել է տիեզերագնացներին անվտանգ և հուսալի կերպով Լուսին հասցնելու «Արտեմիս» ծրագրի կարևորությունը՝ նախքան Չինաստանի՝ մինչև 2030 թվականը Լուսին անձնակազմ ուղարկելու ծրագրի իրագործումը։
«Կարևոր է, որ մեր ներկայությունը հաստատենք Լուսնի հարավային բևեռում, որը, մեր կարծիքով, խոստումնալից է առաջին հերթին ջրի առկայության շնորհիվ, որպեսզի Չինաստանն այնտեղ չհայտնվի ու ասի՝ հեռու մնացեք»։
Նելսոնը նաև հիմնավորել է «Արտեմիս» ծրագրի ժամանակացույցը ճշգրտելու որոշումը՝ չնայած, որ հունվարին ամերիկյան վարչակազմի փոփոխությունը կարող է հանգեցնել հետագա ճշգրտումների՝ նշելով, որ «Արտեմիս II» առաքելության՝ տիեզերք արձակվելու համար նախատեսված հրթիռներն արդեն պատրաստվում են։
«Պինդ վառելիքով հրթիռային ուժեղացուցիչներն ունեն ծառայության որոշակի ժամկետ։ Այդ պատճառով հարկավոր է գործընթացն առաջ մղել, որպեսզի պահպանենք սահմանված ժամանակացույցը»։
«Արտեմիս II»-ի հաջող մեկնարկը կարող է պատմություն կերտել՝ Լուսնի ուղեծիր ուղարկելով առաջին կին և առաջին ոչ սպիտակամորթ տիեզերագնացների։ «Արտեմիս» ծրագրի ապագա առաքելությունների համար կօգտագործվեն նաև այնպիսի մասնավոր ընկերությունների սարքավորումներ, ինչպիսիք են SpaceX-ը և Blue Origin-ը։