Մատչելի հղումներ

Եվրամիության 14 երկրներ կոչ են արել ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը


Դրոշները՝ Բրյուսելում ԵՄ հանձնաժողովի շենքի մոտ
Դրոշները՝ Բրյուսելում ԵՄ հանձնաժողովի շենքի մոտ

Այս մասին երկրների ղեկավարները նշում են Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարին ուղղված նամակում։

Եվրամիության 27 անդամ-երկրների կեսից ավելին, ներառյալ՝ Գերմանիան և Ֆրանսիան, կոչ են արել ԵՄ վարկատու մարմնին ընդլայնել եվրոպական ռազմական արդյունաբերության ֆինանսավորումը:

Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն ձգտում է մեծացնել զենքի արտադրությունը, որպեսզի համալրի սեփական պաշարները և շարունակի սպառազինության մատակարարումը Ուկրաինային։

Կիրակի Եվրոպական ներդրումային բանկի («EIB») ղեկավարին ուղղված նամակում Եվրամիության անդամ 14 երկրներ կոչ են արել ընդլայնել պաշտպանական ոլորտին ուղղված ներդրումները՝ չսահմանափակվելով երկակի նշանակության ապրանքների փոքր քանակով արտադրության ֆինանսավորմամբ:

«Եվրամիության պաշտպանական արդյունաբերությունը եվրոպական անվտանգության կարևոր բաղկացուցիչն է: Հուսալի պաշտպանական արդյունաբերությունն իր հերթին ներդրումներ է պահանջում։ Այդ իսկ պատճառով պետք է շտապ քննարկենք անվտանգության և պաշտպանության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի հետագա ներդրումներն ապահովելու ուղիները»,- ասված է Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի ղեկավարների կողմից ստորագրված նամակում։

Հիշեցնք, բանկը չի կարող ուղղակի ներդրումներ կատարել զենքի և զինամթերքի արտադրությունում, և նրա ֆինանսավորմամբ արտադրվող ապրանքները պետք է հիմնականում ունենան քաղաքացիական կիրառություն։

«Պետք է ուսումնասիրենք տարբեր ճանապարհներ, որոնք թույլ կտան Եվրոպական ներդրումային բանկին ներդրումներ կատարել պաշտպանական ոլորտում՝ գոյություն ունեցող երկակի նշանակության նախագծերից զատ: Սա կնշանակի քննարկել և վերագնահատել երկակի նշանակության նախագծերի առկա սահմանումները և բացառվող գործունեությունների ցանկը»,- կարդում ենք նամակում:

Ըստ տեղեկությունների, այս հարցը լինելու է Բրյուսելում Եվրամիության առաջնորդների այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում, որը պետք է կենտրոնանա եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման և Ուկրաինային աջակցելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG