Մատչելի հղումներ

 
«Ընտրություններում» հաղթանակ տանելու մասին Պուտինի հայտարարության ֆոնին՝ Սիեթլում հիշատակել են Նավալնիին

«Ընտրություններում» հաղթանակ տանելու մասին Պուտինի հայտարարության ֆոնին՝ Սիեթլում հիշատակել են Նավալնիին


Ընտրություններ Ռուսաստանում
Ընտրություններ Ռուսաստանում

Սիեթլում ռուսաստանցի ընդդիմադիրները հիշատակել են Ռուսաստանի ընդդիմության երբեմնի առաջնորդ, հանգուցյալ Ալեքսեյ Նավալնիին և նամակներ գրել ռուսաստանցի քաղբանտարկյալներին, որոնց թիվը պուտինյան ռեժիմի ներքո շարունակում է աճել։

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի հայտնի «Space Needle» («Տիեզերական ասեղ») աշտարակից ոչ հեռու գտնվող Խաղաղության այգում տեղակայված ժամանակավոր հուշարձանը դարձել է այն վայրը, ուր տեղի ռուսական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ հավաքվում են՝ հարգանքի տուրք մատուցելու ռուսաստանյան ընդդիմության երբեմնի առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հիշատակին:

Կիրակի մոտ 40 ռուսաստանցի ընդդիմադիրներ վերստին հավաքվել էին այստեղ, երբ ամփոփվում էր այն, ինչ Ռուսաստանի իշխանությունները կոչում են «նախագահական ընտրություններ»։ Ըստ պաշտոնական տվյալների, Վլադիմիր Պուտինը, որը իշխում է Կրեմլում գրեթե քառորդ դար՝ 1999 թվականից, վերստին հաղթանակ է տարել:

«Նրանք պարզապես նկարում են այս արդյունքները, և դրանք ամբողջովին կեղծ են»,- ասում է ռուսաստանցի ընդդիմադիր-ակտիվիստ Արտյոմ Տոմիլինը:


Մեկուկես տարի առաջ Մոսկվայից հեռացած Արտյոմ Տոմիլինը այս ամիս 10-րդ անգամն է գալիս հուշակոթողի մոտ՝ Նավալնիի նոր դաջվածքով:

Հիշեցնենք, Կրեմլի սուր քննադատը՝ Ալեքսեյ Նավլանին, ըստ ռուսական իշխանությունների, մահացել է այս փետրվարի 16-ին Ռուսաստանի հյուսիսում գտնվող գաղութներից մեկում՝ «բնական ճանապարհով»:

«Նա եղել և մնում է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդը, ով, իրոք, ոգեշնչել է ինձ»,- ասում է Տոմիլինը:

Ակտիվիստները ստորագրել են խնդրագիր՝ կոչ անելով ԱՄՆ Կոնգրեսին չճանաչել Ռուսաստանի իշխանությունների կոչած «ընտրությունների» արդյունքները։

Միչ Գաուլի խոսքով, ԱՄՆ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի կարողացել այցելել ընտրատեղամասեր՝ բողոքելու, այսպես կոչված, ընտրությունների դեմ:

«Այն վայրերը, ուր ԱՄՆ-ում մարդիկ կարող էին քվեարկել, Հյուսթոնն էր՝ Տեխաս նահագնում, Նյու Յորքում էր և [մայրաքաղաք] Վաշինգտոնում՝ [Ռուսաստանի] դեսպանատանը: Եվ սա էր ԱՄՆ-ում բնակվող բազմահազար ռուսաստանցիների համար [առկա հնարավորությունը], ովքեր ցանկանում են փոփոխություններ կատարել Ռուսաստանում՝ դեպի լավը, հանուն ժողովրդավարության և վերջ տալ պատերազմին ու ագրեսիային Ուկրաինայի նկատմամբ»,- ասում է ռուսաստանցի ընդդիմադիր Միչ Գաուլը:

Սիեթլի Խաղաղության այգում կազմակերպված միջոցառումն ավարտվեց ռուսաստանցի քաղբանտարկյալներին ուղղված նամակներով։

Անցած տարի Մարիանա Մարկովան պարբերաբար նամակներ էր ուղարկում Ռուսաստանի 18 քաղբանտարկյալներին։ Այս տարի ցուցակն այլևս բաղկացած է 37 հոգուց։

Մարկովայի ներկայացմամբ, Ռուսաստանում՝ ընտրատեղամասերում իրականացրած բողոքի ակցիաներից հետո, քաղբանտարկյալների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

«Մոսկվայում իմ ընկերներն ապրում են մշտական վախի մեջ։ [Այնտեղ] չեք կարող արտաբերել «Նավալնի» բառը: Չեք կարող ասել «պատերազմ»: Չեք կարող խոսել որևէ բանի մասին»,- ասում է Մարիանա Մարկովան:

Ռուսաստանցի ընդդիմադիրները դիմել են Սիեթլի քաղաքային իշխանություններին՝ հիմնել Ալեքսեյ Նավալնիի հուշարձանը և խոստանում են շարունակել պայքարը նրա պատկերացրած «գեղեցիկ ապագայով Ռուսաստանի» համար:

XS
SM
MD
LG