Մատչելի հղումներ

Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է լրտեսական գործունեությունն Արևմուտքում. փորձագետական կարծիք


Կրեմլ, Մոսկվա
Կրեմլ, Մոսկվա

Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը ընդլայնել է իր լրտեսական գործողություններն Արևմուտքի դեմ՝ 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո:

Ռուսաստանցի ռազմական օդաչու, 28-ամյա կապիտան Մաքսիմ Կուզմինովը 2023 թվականի օգոստոսին փախուստի դիմեց Ուկրաինա՝ վարելով ռուսաստանյան ռազմական «Ми-8» ուղղաթիռը։ Այնուհետև տեղափոխվել էր Իսպանիա, ուր նոր կյանք էր սկսել կեղծ անվան ներքո։

Անցած ամիս Կուզմինովի գնդակահարված մարմինը հայտնաբերեցին Իսպանիայի հարավային՝ Ալիկանտե քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում: Մոսկվան հերքում է իր առնչությունը սպանությանը, բայց Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենը Կուզմինովին կոչեց «բարոյական դիակ»՝ վերջինիս քայլը որակելով «դավաճանություն»:

Դիտորդների կարծիքով, սպանությունը ի ցույց է դնում, թե Ռուսաստանի լրտեսական գործողություններն որքան են աշխուժացել այն բանից հետո, երբ Եվրոպայից վտարեցին ռուսաստանցի հարյուրավոր ենթադրյալ լրտեսների՝ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժումից հետո:

Կրեմլը լրտեսական ակտիվ գործունեություն է ծավալում արևմտյան երկրներում
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

«Եվրոպացիներն ապահով են զգում, որ ռուս լրտեսներ այլևս չկան ու նրանց հնարավորությունները զգալիորեն կրճատվել են։ Բայց խնդիրն այն է, որ այսօր նրանք շատ ավելի ուժեղ են, քան երբևէ»,- ասում է Լոնդոնի Քինգս քոլեջի ներկայացուցիչ Մարինա Միրոնը։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցներն անցած ամիս հրապարակեցին գերմանական օդուժի բարձրաստիճան սպաների գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկում էր Ուկրաինային հեռահար «Taurus» հրթիռների մատակարարման հնարավորությունը:

Կիևը նախազգուշացրել է Բեռլինին, որ Գերմանիայում գործում է ռուս լրտեսների մի ողջ ցանց:

Մյուս կողմից՝ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հետաքննում են Ռուսաստանի նախաձեռնած հատուկ քարոզարշավը, որի նպատակն է ներազդել այս հունիսին կայանալիք եվրոպական ընտրություններին։ Անցած ամիս Փարիզն ահազանգեց, թե Եվրոպան գտնվում է Ռուսաստանի «տեղեկատվական հարձակման» ներքո։

«Նրանք դեռ միլիարդներ են ներդնում՝ Եվրոպայում հետախուզական գործողությունների համար՝ զարգացնելով կարողություններ, որոնք նախատեսված են ընտրություններին միջամտելու, տարբեր սոցիալական, էթնիկ, կրոնական խմբերին, ներառյալ՝ փոքրամասնություններին արմատական դարձնելու համար՝ զուգահեռաբար միլիարդներ ծախսելով քաղաքական գործիչների համար, որոնք կարող են անգամ իշխանության գալ»,- ասում է Լոնդոնում գործող Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի աշխատակից Օլեքսանդր Դանիլյուկը:

Վերլուծաբանների խոսքով, Մոսկվան իր գաղտնի գործողություններում աստիճանաբար ավելի շատ օտաերկրացիների է ներգրավում, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբերի, արտերկրի քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների:

Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում և մի շարք այլ երկրներում շարունակվում են Ռուսաստանի օգտին աշխատելու համար մեղադրվող անձանց դատավարությունները:

«Սա այլևս գաղափարական պայքար չէ։ Սա նման չէ կոմունիզմին, որը պայքարում է կապիտալիզմի դեմ, ինչպես կասեին սովետները: Ո՛չ, այդպես չէ: Բայց սա այն է, որ ավտորիտար երկրները փորձում են տապալել Արևմուտքը՝ որպես ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հենարան, և սա նրանց համար էքզիստենցիալ պայքար է»,- շարունակում է Դանիլյուկը։

Ինչևէ, հիշեցնենք նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս լույս տեսած հրապարակումը, թե ուկրաինական պատերազմի նկատմամբ դժգոհությունն արևմտյան հետախուզական գործակալություններին լավ հնարավորություն է ընձեռել հավաքագրել ռուսաստանցիների:

XS
SM
MD
LG