Մատչելի հղումներ

«Հայաստանն այլևս չի լինելու». ի՞նչ է ասում Կրեմլի քարոզչամեքենան


Ռուսական «Вечер» հաղորդումը
Ռուսական «Вечер» հաղորդումը

Անցնող օրերին Հայաստանը վերստին հայտնվել էր Կրեմլի քարոզչամեքենայի թիրախում: Այս անգամ Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքներից Հայաստանն ու հայ ժողովրդին քննադատելու առաջադրանքը հիմնականում իրենց վրա էին վերցրել հայազգի քարոզիչները։

Նախկին զինվորական Սեմյոն Բաղդասարովը, մասնավորապես, հայտարարեց, որ Ռուսաստանում տնտեսական շահույթ ստանալու, իսկ Արևմուտքում ռազմաքաղաքական համագործակցություն ծավալելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը վկայում է հայաստանյան որոշում կայացնողների ցածր մտավոր կարողությունների մասին:

«Փաշինյանը հայ ժողովրդին խոստումներ է տալիս՝ եկեք հեռանանք Ռուսաստանից, բարգավաճելու ենք: Նույնիսկ ծրագիր կա, որ կոչվում է խաղաղության խաչմերուկ»,- ասում էր Բաղդասարովը:

Թեև Մոսկվայում նախընտրում են քննադատել հետխորհրդային հարևաններին՝ Արևմուտքի հետ որևէ հարաբերությունների համար, սակայն հենց Ռուսաստանն է, չնայած բազմաթիվ պատժամիջոցների, շարունակում խոշոր գումարներ վաստակել, օրինակ, Եվրամիության երկրներին նավթի ու գազի վաճառքից: Ավելին, չնայած Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմին, ռուսական գազը շարունակում է Եվրոպա հոսել ուկրաինական տարածքով:

Վերադառնանք, սակայն, Սեմյոն Բաղդասարովին։ Այն որ երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշելը, նախևառաջ այդ պետության քաղաքացիների իրավունքն է, բնականաբար, ռուսաստանցի գործչի կարծիքով լուրջ չէ։

Բաղդասարովը նախընտրեց խոսել նաև Զանգեզուրի, կամ, ինչպես նաև երբեմն կոչում էր, ՆԱՏՕ-ի միջանցքի մասին՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանի ուղղությամբ խոսքերից անցնել գործի. «Առաջին, խոշորագույն հայ համայնքը Ռուսաստանում է, երեք միլիոն մարդ: Երկրորդ, շուկան, որի մասին խոսեցի: Երրորդ, չնայած Հայաստանի իշխանությունների ռուսատյաց քաղաքականությանը, Հայաստանում մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնք Ռուսաստանին հրաշալի են վերաբերվում: Վերջապես, գոյություն ունի ընդդիմություն, որը դեմ է նման քաղաքականությանը, սակայն այդ ընդդիմությունը միահամուռ չէ: Եթե այս ամենը միասին օգտագործվի, հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»:

Կրեմլի վերահսկողոըւթյան ներքո գտնվող լրատվամիջոցները կրկին անցել էին տասնամյակների պատմություն ունեցող իրենց գլխավոր պատումին, թե Հայաստանն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ «ռուսական սապոգը», կա՛մ «թուրքական յաթաղանը»:

Այս ամենի ֆոնին, թերևս, հարկ է գնահատել «տիտղոսակիր» քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի անկեղծությունը, ով հրապարակավ խոստովանեց, թե այսօր Ռուսաստանն ինչպես է վերաբերվում գործընկերներին:

Ընդհանրապես, անցնող շաբաթվա եթերում Սոլովյովը որոշել էր հատել բոլոր «կարմիր գծերը»՝ ուղղակի վիրավորանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունների հասցեին։ Վերջիններիս, նույնիսկ, ֆաշիստներ անվանեցին:

Զուգահեռաբար՝ ռուսաստանցի պաշտոնյաներն անցել էին բացահայտ ռասիզմի։ Օրինակ, սենատոր Դմիտրի Ռոգոզինի իր պաշտոնական միկրոբլոգում տեղադրված գրառմամբ մահացու հիվանդ ամերիկացի սևամորթ պաշտոնյային համեմատել է գորիլայի հետ՝ այն համեմելով իր իսկ կողմից պատրաստած կոլաժով:

Երբ խոսքը գնում է հայ-ռուսական հարաբերությունների մասին, չի կարող չներգրավվել «Россия сегодня» պետական լրատվական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը: Թեման բացեց Սոլովյովը՝ եթե 2008 թվականին ռուս զինվորը, գրավելով Վրաստանի տարածքը, Հայաստանի հետ ցամաքային կապ ստեղծեր, իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Սիմոնյանը արձագանքեց, թե, ընդհանրապես, ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի հետ «սահման չէր լինի, ինչպես և պետք է լինի»: «Ինչպես և պետք է լինի»,- համաձայնեց Վլադիմիր Սոլովյովը:

Մարգարիտա Սիմոնյանը ավելորդ համարեց անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների դիրքորոշմանը, իսկ իշխանությունների մասին խոսելիս, վստահություն հայտնեց, որ բավարար մտավոր կարողություններ չունեն:

«Россия сегодня»-ի ղեկավարը նաև կոչով դիմեց հայաստանցի երիտասարդությանը՝ ուշքի գալ․ «Հայաստանի երիտասարդությունը պետք է գիտակցի, որ Փաշինյանը՝ հայ ժողովրդի դավաճանն է։ Նա տանում է Հայաստանը կործանման: Եթե Հայաստանի երիտասարդությունը, ինչպես նաև Հայաստանի հասուն մարդիկ շարունակեն նրան աջակցել, առաջիկա հինգ տարիներին Հայաստան պարզապես չի լինի, ինչպես արդեն չկա Ղարաբաղը այն տեսքով, որն անհրաժեշտ էր հայերին: Եվ ընդհանրապես Հայաստան չի լինելու: Կտեսնեք»։

Ռուսաստանյան պետական հեռուստաալիքի եթերից հնչած այս խոսքերն արժանացան ծափահարության։

Փաշինյանին ընտրած քաղաքացիներին ռուսաստանցի հայազգի պաշտոնյան պարզապես «ինքնասպաններ» կոչեց՝ խորհուրդ տալով դիմել հոգեբանի:

«Հայաստանում ընկեր-ծանոթ-բարեկամ չունեմ, ուստի տեղյակ չեմ, թե մարդկանց գլխում ինչ է կատարվում, սակայն փաստը մնում է փաստ, որ մեծամասնությունը Փաշինյանի օգտին է քվեարկում։ Ինքնասպանների շարժառիթներն ինձ համար բարդ է հասկանալ»,- ասաց Սիմոնյանը՝ Հայաստանի բնակչության մեծամասնությանը կրկին հոգեբանի մոտ ուղարկելով:

Մարգարիտա Սիմոնյանի այս խոսքերը, սակայն, ուղղված էին նաև Ռուսաստանի բնակչությանը։ Ըստ տեղեկությունների, տարեկան մոտ մեկ միլիոն դոլար աշխատավարձ ու հավելավճարներ ստացող Սիմոնյանը կոչ անրեց համաքաղաքացիներին զուսպ լինել, փոքր-ինչ կրկնօրինակել Երկրորդ աշխարհամարտի տարիների բլոկադայի ներքո գտնվող Լենինգրադի բնակիչներին. «Այդ մարդիկ, սոված, ցրտահարված, կարողանում էին ռազմաճակատ զենք մատակարարել: Բոլորս պետք է խորհենք այդ մասին և մի փոքր իրենց նմանվենք՝ յուրաքանչյուրն իր տեղում»։

Նույն հեռուստահաղորդմանը հանդես եկավ Ռուսաստանի նախկին նախագահ, ժամանակին ազատական գործչի համբավ ստեղծող Դմիտրի Մեդվեդևը, ով չի խորշում իր գրառումներում «անառակներ» անվանել Ալեքսեյ Նավալնու այրուն և երիտասարդ դստերը։ Հեռարձակված տեսանյութում պետական գործիչը «հաջողացրեց» ինքն իրեն հակասել՝ նախ մեջբերելով Պուտինի խոսքը, թե Ռուսաստանի սահմանները որևէ տեղ չեն ավարտվում, հետո՝ թե «ուրիշի հողը մեզ պետք չէ»:

Ինչևէ, հատկապես Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հայտնի ձախողման ֆոնին՝ Մոսկվայում որոշել էին գովեստով խոսել Սիրիայում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասին, որն, իբր, «փայլուն աշխատանք է կատարում»:

«Սիրիայում շատ բարդ էր։ Ահաբեկչության վտանգը բարձր էր։ Շրջանը պարզապես դատարկվել էր, չնայած ժամանակին այնտեղ 400 հազար մարդ էր բնակվում: Ահա, մեր հենակետը։ Ընդամենը տասը մարդ է։ Ընդամենը տասը մարդ և մեր դրոշը, ու արդեն հարյուր հազար սիրիացիներ իրենց տներն են վերադարձել: Նույնն է Լաթակիայում․ քայլում է մեր ռազմական ոստիկանությունը՝ դրոշները ձեռքին և վե՛րջ։ Անմիջապես հանդարտություն է տիրում»,- ասում էր Վլադիմիր Սոլովյովը՝ հավելելով, թե «որտեղ ռուս զինվորի սապոգը մտավ՝ այնտեղից դուրս չի գալու այլևս երբեք». «Չենք հեռանա այն մայրաքաղաքներից, որտեղ մտել ենք։ Վե՛րջ: Սա է

հիմնական եզրակացությունը։ Որտեղ ռուսական դրոշը բարձրանում ենք, այն երբե՛ք այլևս չպիտի իջնի»։

Թեմաներից հաջորդը, որ մտահոգել էր մոսկովյան «հեռուստաաստղերին», ԱՄՆ նախագահական ընտրություններն են։

«Իրոք, շատ է անհանգստացնում, որ այսօր Ամերիկայում նախընտրական պայքարում ոչ մի գործնական հարց չի բարձրացվում: Նման ծրագրով իշխանության գալը վտանգավոր է»:

Սակայն ռուսաստանյան նույն հեռուստահաղորդմանը կարելի էր ականտես լինել, թե Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ «գործնական» ինչ հարցեր են բարձրացվում։ Օրինակ, հեռարձակվեց մի գյուղացու հարցը Պուտինին՝ Կրեմլի ղեկավարի նախընտրած կերակուրների մասին. «Հետաքրքիր է ձեզնից իմանալ, դուք նախընտրում եք վարո՞ւնգ, թե՞ լոլիկ»։

Պուտինը արձագանքեց․ «Կախված է, թե ինչից հետո եմ ուտում: Իսկ եթե լուրջ՝ երկուսն էլ»։

Հաջորդ «լուրջ» խնդիրը, որը բարձրացրեց մի բանվորը, արդյո՞ք հնարավոր է «ագրոնոմ» անվանումը փոխարինել «բուսաբույծ դիզայներ» անվանմամբ:

Վլադիմիր Պուտինն, ում համար, ինչպես հայտնի է, երկրորդական հարցեր գոյություն չունեն, պատասխանեց՝ «ագրոնոմ» անվանումը հպարտ է հնչում և խորացավ բառի հունական արմատների մեջ:

Այս շաբաթվա ռուսաստանյան հանրային հեռուստաալիքի եթերում վերջապես անդրադարձ եղավ ռուսաստանցի ընդդիմադիր 47-ամյա Ալեքսեյ Նավալնիի մահվանը, կամ, ինչպես համոզված են բազմաթիվ գործիչներ, սպանությանը: Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը՝ ժպտալով հայտարարեց, որ Նավալնին կյանքից հեռացել է բնական մահով․ «Մարդիկ մի հատկություն ունեն՝ մահանում են։ Վաղ թե ուշ կյանքն ավարտվում է: Նավալնին իր մահով է մահացել»։

Նարիշկինը հավելել է, թե Արևմուտքում «սատանայական պարեր» են կազմակերպում Նավալնիի մահվան շուրջ։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, որևէ բառ չասաց այն մասին, թե ինչու էին իշխանություններն օրեր շարունակ արգելում Ալեքսեյիի մորը հուղարկավորել որդուն:

Նարիշկինի հետ հարցազրույցից Վլադիմիր Սոլովյովն ակնհայտորեն գոհ էր, սակայն չկարողացավ զսպել իրեն և նկատեց, որ ի տարբերություն նախորդ հանդիպմանը, այս անգամ Նարիշկինը հանգստություն ու ինքնավստահություն էր ճառագում: Հավանաբար, Սոլովյովը ակնարկում էր երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հայտնի քննարկմանը՝ Ուկրաինայի հարցի վրաբերյալ, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեց

XS
SM
MD
LG