Մատչելի հղումներ

Հայաստանցիների 50%-ի համոզմամբ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ․ սոցհարցում


Center for Insights in Survey Research
Center for Insights in Survey Research

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)՝ Հարցումների հետազոտության կենտրոնի Հայաստանում անցկացված նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս՝ հարցվածների 47%-ը կարծում է, որ ազգային անվտանգության եւ սահմանային խնդիրները Հայաստանում ամենաառաջնային հարցերն են։

Գործազրկության եւ տնտեսության հետ կապված խնդիրները առաջնային են գնահատել հարցվածների 23%-ը, իսկ 19%-ը գտնում է, որ հիմնական խնդիրը քաղաքական անկայունությունն է։

Հարցվածների 50%-ը գնահատել է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: 39%-ի կարծիքով՝ սխալ ուղղությամբ։ 2023 թվականի մարտին իրականացված հարցման համեմատ, երկրի ընթացքը ճիշտ ուղղություն գնահատողների թիվն աճել է 14 տոկոսային կետով՝ այն ժամանակ այդպես էր կարծում 36%ը, այժմ, ինչպես ասացինք, 50%-ը։

Պակաս ուշագրավ չէ, որ բացասական գնահատական տվողները նվազել են 13 տոկոսային կետով՝ 52% էր, այժմ՝ 39%։

Հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած Հայաստանի 1 508 քաղաքացիներից։

Կառավարության որպես ամենամեծ ձախողում հարցվածների 36%-ը մատնանշել է «ԼՂ կորուստը, Արցախի հանձնումը», 11%-ը՝ սխալ արտաքին քաղաքականությունը, 6%-ը՝ սխալ կադրային քաղաքականությունը։ Եվս 6 %-ը կարծում է, որ կառավարության ձախողումներից է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների լարումը։

Հայաստանի և որևէ երկրի միջև հարաբերությունների ներկա վիճակը դիտարկելով՝ հարցվածները անվտանգության ոլորտում առավել կարևորել են համագործակցությունը Արեւմուտքի հետ։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը, Ադրբեջանից ու Թուրքիայից հետո, երրորդն է, որպես Հայաստանի անվտանգությանը սպառնացող երկիր։ Այսպես, Հայաստանի համար որպես քաղաքական սպառնալիք հարցվածների 86%-ը տեսնում է Ադրբեջանին, 82%-ը Թուրքիային, իսկ 40%-ը Ռուսաստանին։

Հարցվածների 96%-ի կարծիքով Ֆրանսիայի հետ Հայաստանի հետ հարաբերությունները շատ լավ են կամ որոշակիորեն լավ, և այս ցուցանիշով Փարիզը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հայաստանցիների 61%-ը երկրի համար կարեւոր քաղաքական գործընկեր է համարում Ֆրանսիային, 56%-ը՝ ԱՄՆ-ին, 47%-ը՝ Իրանին, 37%-ը՝ Եվրամիությանը, 34 %-ը՝ Ռուսաստանին, իոկ 31 %-ը՝ Չինաստանին։

Պատկերը փոխվում է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի հետ տնտեսական գործակցությանը։ Այս դեպքում հարցվածների 49%-ը գտնում է, որ երկրի տնտեսական ամենից կարեւոր գործընկերը Իրանն է, 48 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը, 40%-ը նշել է Չինաստանի մասին, Ֆրանսիան ստացել է 34%, 33%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ն է։

Հարցվածների 50%-ի համոզմամբ, անվտանգության ոլորտում ամենից կարևոր գործընկերը Ֆրանսիան է, 46%-ի կարծիքով ԱՄՆ-ն, դարձյալ՝ 46%-ը մատնանշել է Իրանին, 31%-ը՝ Ռուսաստանին, 28 %-ը՝ Եվրամիությանը։ Նշենք նաև, որ այս հարցերը տալիս են մի քանի պատասխանի հնարավորություն։

Հարցվածների 28%-ը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը ձեռքբերումներ չունի, իսկ 17%-ը կարծում է, որ կառավարությունն ունի ձեռքբերում և այն «բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է»։ 7%-ի կարծիքով, ձեռքբերումը անվտանգության եւ խաղաղության ապահովումն է։

Որևէ քաղաքական գործչի չի վստահում հարցման մասնակիցների մեծամասնութունը՝ 60%-ը։ 17%-ը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանին վստահում է հարցվածների 5%-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ 3%-ը, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սրագսյանին՝ 4%-ը, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2%-ը։

Հարցվածների 26%-ը ասել է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում չի մասնակցի քվեարկությանը։ 17%-ը պատրաստ է իր ձայնը տալ իշխող՝ «Քաղաքացիական պայամանգրի» օգտին։ Եվս 3%-ը նշել է «Նիկոլ Փաշինյանի կուսակցություն, իշխող կուսակցություն, «Իմ Քայլը դաշինք» տարբերակները։

Ընդդիմադիրներ խմբակցություններից՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվերակելու ցանկություն է հայտնել 3%-ը, «Հայաստանի հանրապետական կուսակցության» օգտին՝ 2 %-ը, «Հանրային ձայն» կուսակցությանը՝ 2 %-ը, ևս 2%-ը պատրաստ է իր ձայնը տալ «Բարգավաճ Հայաստան կուսակցությանը»։

Պետական կառույցների աշխատանքները գնահատելով՝ զինված ուժերի աշխատանքից գոհունակություն է հայտնել հարցվածների 30%-ը, դժգոհել է՝ 17%-ը, ոստիկանության աշխատանքից գոհ է 23%-ը, դժգոհ՝ 19%-ը, տեղական ինքնակառավարման մարմիններից գոհ է 21%-ը, դժգոհ՝ 20%-ը, ԱԱԾ-ի աշխատանքից՝ հավասարապես, գոհ ու դժգոհ են հարցվածների 22%-ները, մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից էլ գոհ է 16%-ը, և դժգոհ՝ 21%-ը։

Հարցման տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։

Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։

Ստացված ընտրանքը սահմանվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ համաձայն Վիճակագրական կոմիտե 2023 թվականի տվյալների։ Այս հարցման ժամանակ բարձրագույն կրթությամբ հարցվողների մասնաբաժինն ընտրանքում ավելին էր՝ համեմատած ՄՀԻ այլ հետազոտությունների։

Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

XS
SM
MD
LG