Մատչելի հղումներ

Ամերիկյան հետախուզական հանրությունը նախազգուշացրել է Կոնգրեսին, թե ինչ հետևանքեր կունենա Ուկրաինայում ԱՄՆ անգործությունը


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ տարեկան զեկույցի ժամանակ՝ երկուշաբթի, ԱՄՆ հետախուզական հանրության ներկայացուցիչները փոխանցել են կոնգրեսականներին, որ Ուկրաինայում պատերազմը շրջադարձային փուլում է, և պատերազմի ելքը մեծապես կախված է Կիևին ցուցաբերվող ամերիկյան օգնությունից։

Զինամթերքի ու այլ պաշարների մեծածավալ օգտագործման ֆոնին՝ Ուկրաինայում սպասում են ամերիկյան օգնության նոր փաթեթին: Սակայն ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պնդում է՝ Սենատի հավանությունը ստացած և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող աջակցության փաթեթի վերաբերյալ օրինագիծը չի ներկայացվելու Ներկայացուցիչների տան քվեարկությանը: Սենատում համոզված են՝ Կիևին օգնություն չտրամադրելը լուրջ սխալ կլինի:

«Ներկայացուցիչների տան որոշումը՝ անգամ [քվեարկության չներկայացնել] օրինագիծը, որը կոչված է աջակցել Ուկրաինային՝ Պուտինի ագրեսիայի դեմ պայքարում, [ԱՄՆ] ազգային անվտանգության հարցում ամենաանհեռատես որոշումներից մեկն է, որը հնարավոր էր պատկերացնել»,- ասում է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Մարկ Ուորները։

Ամերիկյան հետախուզական հանրությունը նախազգուշացրել է Կոնգրեսին, թե ինչ հետևանքեր կունենա Ուկրաինայում ԱՄՆ անգործությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

Գլոբալ սպառնալիքների մասին իրենց գնահատականները ներկայացնելիս՝ ԱՄՆ հետախուզական հանրության ներկայացուցիչները երկուշաբթի փոխանցել են ամերիկացի կոնգրեսականներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, թե Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային կթուլանա:

«Այժմ՝ Ուկրաինայի, եվրոպական անվտանգության և ողջ աշխարհում ամերիկյան երկարաժամկետ շահերի համար խիստ կարևոր կետում ենք: Կարծում եմ, Կոնգրեսի կողմից հաստատված լրացուցիչ աջակցության միջոցով հնարավոր է հասնել Ուկրաինայի ռազմավարական հաջողությանը և Վլադիմիր Պուտինի ռազմավարական ձախողմանը»,- ասել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Օտարերկրյա օգնության մասին ամերիկյան օրինագիծը ներառում է նաև միլիարդավոր դոլարներ պարունակող աջակցություն Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին՝ չինական ագրեսիայի դեմ պայքարելու համար: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը երկուշաբթի օրենսդիրներին փոխանցել է, որ այդ ագրեսիան, ինչպես կանխատեսվում է, գալիք տարի կաճի:

«Պեկինը կշարունակի օգտագործել իր ռազմուժը՝ հարևաններին վախեցնելու և տարածաշրջանային օրակարգը ձևավորելու համար՝ համաձայն Չինաստանի

Ժողովրդական Հանրապետության առաջնահերթությունների: Ակնկալում ենք, որ Չինաստանը կզարգացնի առաջադեմ հարթակներ, կանցնի նոր տեխնոլոգիաների և ավելի ունակ կդառնա՝ համատեղ գործողություններ իրականացնելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով Թայվանը»,- ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները պնդում են իրենց դիրքորոշումը՝ չեն քննարկի արտաքին օգնության վերաբերյալ օրինագիծը, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ չեն կատարվել, որոնք կամրապնդեն Մեքսիկայի հետ սահմանը:

«Վերցնում ենք դժվարությամբ՝ հարկերի միջոցով վաստակած մեր դոլարները և ուղարկում 5 հազար մղոն հեռավորության վրա, և սրա վերջը չի երևում: Մինչդեռ, մեր սահմանը բաց է, և մեր համաքաղաքացիները սպանվում են մեր փողոցներում։ Սա խնդիր է»,- ասում է հանրապետական կոնգրեսական Սքոթ Փերին:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատները և որոշ հանրապետականներ ուսումնասիրում են արտաքին օգնության մասին օրինագիծը Կոնգրեսի ստորին պալատում հարկադրաբար քվեարկության ներկայացնելու տարբերակը։ Այդ օգնությունն, ինչպես հայտնի է, ներառում է նաև Իսրայելի համար նախատեսված 14 միլիարդ դոլարն ու Գազայի համար առանձնացված մարդասիրական օգնությունը:

XS
SM
MD
LG