Մատչելի հղումներ

Ջո Բայդենը ներկայացրել է 2025 ֆինանսական տարվա 7․3 տրիլիոնանոց պետբյուջեի նախագիծը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հրապարակել է 2025 ֆինանսական տարվա 7․3 տրիլիոն դոլար կազմող պետբյուջեի նախագիծը, ուր ներառված են աշխարհի խոշորագույն տնտեսության, հարկերի ու ծախսերի վերաբերյալ կանխատեսումները։

Հիշեցնենք, 2025 ֆինանսական տարին ԱՄՆ-ում կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 1-ին։

Նոր պետբյուջեն նախատեսում է ներգաղթի հետ կապված ծախսերի աճ, քանի որ, ըստ հարցումների, ամերիկացիները մտահոգ են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առկա իրավիճակով, անօրինական միգրանտներով:

Պաշտպանության ոլորտի համար նախատեսված է 895 միլիարդ դոլար, և ըստ «Reuters»-ի, գալիք տարի, փաստորեն, ծրագրվում է կրճատել նորագույն «F-35» կործանիչների և «Virginia» դասի սուզանավերի ձեռքբերումը, քանի որ նախորդ տարի հանրապետականների հետ համաձայնեցված պետական ծախսերի սահմանափակումների պատճառով երկրի պաշտպանական ծախսերը ավելանալու են ընդամենը 1%-ով՝ ավելի քիչ, քան սպասվում էր:

Բայդենը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման ֆինանսավորման, նաև՝ Իսրայելի, Ուկրաինայի, Թայվանի համար նախատեսված աջակցության փաթեթների վերաբերյալ։ Այս հարցը, հիշեցնենք, ամիսներ շարունակ լուծում չի գտնում ԱՄՆ Կոնգրեսում՝ հանրապետակաների հետ առաջացած հակասությունների պատճառով։

Բայդենի վարչակազմն առաջարկել է առողջապահության և սոցիալական ապահովության ֆինանսավորումն ավելացնել 1,7%-ով՝ հասցնելով 130․7 միլիարդ դոլարի, ինչի արդյունքում 65 և բարձր տարիք ունեցող մարդկանց համար «Medicare» առողջապահական ծրագրի շրջանակում կընդլայնվեն արտոնությունները:

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանաիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ առողջապահական հարցերը դիտարկվում են որպես առանցքային: Բայդենի վարչակազմն առաջարկում է ԱՄՆ քաղաքացիների համար տարեկան առաստաղ սահմանել՝ 2 հազար դոլարը, որից այն կողմ մարդիկ չպետք է վճարեն դեղատոմսերով նախատեսված դեղերի համար:

Բայդենը գլխավորած վարչակազմի ներկայացմամբ, ամերիկացիները պետք է ավելի քիչ վճարեն կրթության և բնակարանների համար, ինչը բազմաթիվ ընտանիքների ծախսերի հիմնական մասն է:

ԱՄՆ կառավարությունը պատսրատվում է միլիարդավոր դոլարներ ներդնել նոր բնակարանների կառուցման և առկա հանրային բնակարանների վերանորոգման համար։ Ավելի շատ բնակարանային հավաստագրեր և հիփոթեքային վարկերի կանխավճարներ կտրամադրվեն անօթևան դառնալու վտանգի առջև կանգնած մարդկանց:

Սպիտակ տունն առաջարկում է համայնքային համալսարաններում ուսումը դարձնել անվճար, ընտանեկան հանգամանքերով պայմանավորված վճարովի արձակուրդը դարձնել 12 շաբաթ, 4 տարեկանից ցածր երեխաների համար սահմանել անվճար նախադպրոցական կրթություն և ֆինանսավորել մի ծրագիր, որը կօգնեն հանրային դպրոցների ուսուցիչներին չկորցնել աշխատանքը:

Ըստ նոր պետբյուջեի նախագծի, հինգ տարվա ընթացքում 1,2 միլիարդ դոլար պետք է հատկացվի հանցագործությունների նվազեցման ու կանխարգելման համար ստեղծվող նոր հիմնադրամին՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար, ինչը կօգնի վարձել սպանությունների գծով նոր քննիչների, ուժեղացնել պայքարը ֆենտանիլի շրջանառության դեմ և այլն:

Բայդենի գլխավորած վարչակազմը նաև առաջարկում է միլիարդավոր դոլարներ տրամադրել ընտրությունների անվտանգության ապահովմանը։ Ըստ նախագծի, նախատեսվում է 288 միլիոն դոլար տրամադրել Արդարադատության նախարարության հակամենաշնորհային ստորաբաժանմանը՝ 28%-ով ավելի, քան 2023 թվականին էր:

Սպիտակ տունը Կոնգրեսից նաև 33․7 միլիարդ դոլար է խնդրել՝ պաշտպանության հետ կապված տիեզերական ծրագրերի համար, այդ թվում՝ 29,4 միլիարդ դոլար՝ ԱՄՆ տիեզերական ուժերի համար:

Ըստ Սպիտակ տան կանխատեսման, երկրի ՀՆԱ-ն 2024 թվականին կաճի 1․7%-ով, 1․8%՝ 2025 թվականին՝ հասնելով 2․2% 2030 թվականին։ 2024 թվականին գնաճը կանխատեսվում է 2․9%, իսկ 2025 թվականին՝ 2․3%։

Գործազրկությունը կկազմի 4%, սակայն առաջիկա տարիներին նպատակ կա այն իջեցնել 3․8%-ի:

XS
SM
MD
LG