Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը


Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, 03/08/24
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, 03/08/24

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համատեղ կաշխատեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը հասնելու համար: Կողմերը հայտարարել են դրա մասին նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 7-րդ նստաշրջանից հետո հրապարակած հայտարարության մեջ, ուր բազմաթիվ միջազգային և երկկողմանի հարցերի հետ մեկտեղ անդրադարձել են նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում էր գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի ու ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում նշված է. «Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, և համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»:

Նույն օրը մարտի 9-ին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով պետքարտուղար Բլինքենի ու արտգործնախարար Ֆիդանի միջև հանդիպմանը, հայտնել է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը Սիրիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղությանը հասնելու վերաբերյալ։ Պետքարտուղարը և արտգործնախարարը պայմանավորվել են խթանել առևտուրն ու ներդրումները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև և վերահաստատել են, որ չնայած Ռուսաստանի անօրինական լայնածավալ ներխուժմանը Ուկրաինա, սևծովյան տարածաշրջանը պետք է մնա անվտանգ և ապահով։ Նրանք նաև ընդգծեցին ԱՄՆ-Թուրքիա Ֆուլբրայթ ծրագրի 75-ամյակը և ողջունեցին Շվեդիայի անդամակցությունը որպես ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակից։ Նրանց հանդիպմամբ ավարտվեցին երկօրյա բարձր մակարդակի երկկողմ քննարկումները, որոնք անցկացվեցին ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հովանու ներքո:»

XS
SM
MD
LG