Մատչելի հղումներ

Իսրայելը ցանկանում է ներխուժել Ռաֆահ քաղաք, ուր կենտրոնացած է Գազայի բնակչության մեծ մասը


Իսրայելցի զինվորականները՝ Գազայում
Իսրայելցի զինվորականները՝ Գազայում

Իսրայելի ներկայացմամբ, օրակարգում են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք ցամաքային ներխուժում իրականացնելու ծրագրերը՝ չեզոքացնելու «Համասի» ռազմական ենթակառուցվածքները։ Զուգահեռաբար՝ միջնորդներն աշխատում են նոր զինադադարի վրա, որը ենթադրում է պատանդների ազատ արձակում։

Իսրայելական բանակը կիրակի հրապարակել է մի տեսանյութ, ուր, ըստ իսրայելական կողմի, պատկերված են Գազայի հատվածում «Համասի» ենթակառուցվածքների թիրախավորումները:

«Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել տեսանյութի իսկությունը։

Մարտերին զուգահեռ՝ Իսրայելի, Եգիպտոսի, Միացյալ Նահանգների և Կատարի ներկայացուցիչները Փարիզում բանակցությունների էին՝ քննարկելու նոր զինադադարի և «Համասի» ձեռքում գտնվող մոտ 100 պատանդների ազատ արձակման գործարքի պայմանները:

Սակայն այդ բանակցությունների ելքը տակավին անորոշ է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «CBS News»-ի նետ զրույցում հայտարարել է, որ պարզ չէ՝ արդյո՞ք բանակցությունները շարունակվելու են Կատարում:

Իր հերթին՝ «Համասի» ներկայացուցիչների խոսքով, Իսրայելը հրաժարվել է կատարել պաղեստինյան կողմի հիմնական պահանջը՝ դադարեցնել Գազայի ռազմական օկուպացիան:

ԱՄՆ-ը պահանջել է Իսրայելից ներխուժման դեպքում՝ մարդասիրական միջանցք տրամադրել տեղի բնակիչներին
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Այս ամենին զուգահեռ՝ անհանգիստ է Իսրայելում։ Թել Ավիվում հազարավոր մարդիկ դուրս էին եկել ամեն շաբաթ անցկացվող ցույցին՝ պահանջելով հասնել պատանդների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև մեղադրելով վարչապետ Նեթանյահուին՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ տեղի ունեցած հարձակման համար։ Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել է ակցիան:

Կարծես, արձագանքելով՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե մտադիր է կառավարության նիստում քննարկել Ռաֆահ ցամաքային ներխուժումը, ինչպես նաև, զուգահեռաբար, տեղի խաղաղ բնակչության տարհանումը:

ՄԱԿ-ը զգուշացրել է՝ ցամաքային հարձակման պարագայում ավելի քան 600 հազար երեխաներ կհայտնվեն թիրախում:

Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահ քաղաքում այժմ բնակվում է ավելի քան 1.4 միլիոն մարդ՝ ողջ Գազայի բնակչության կեսից ավելին։ Շատերը տեղահանվել են ամիսներ շարունակվող մարտերի պատճառով:

Ըստ Միացյալ Նահանգների, Ռաֆահում որևէ ցամաքային գործողություն պետք է զուգորդվի մարդասիրական միջանցքի ստեղծմամբ:

«Մենք խոսում ենք ավելի քան մեկ միլիոն մարդկանց մասին, ովքեր ռազմական գործողությունների պատճառով կենտրոնացել են Գազայի այդ փոքր հատվածում: Այդտեղ է հասնում նաև ողջ մարդասիրական օգնությունը՝ ամբողջ Գազայի համար։ Ուստի, պարզ ասել ենք՝ Ռաֆահում նման մասշտաբի ռազմական գործողություն պետք է իրականացնել՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու, նրանց ապահով տեղ հասցնելու, կերակրելու, տանիքով ապահովելու ծրագրի առկայության դեպքում»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Ռաֆահում ստեղծված իրավիճակն արդեն իսկ աղետալի դրություն է ստեղծել նաև առողջապահության տեսանկյունից․ օրինակ՝ չորս նորածին երեխաներին բաժին է հասնում ընդամենը մեկ ինկուբատոր:

XS
SM
MD
LG