Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Պաղեստին պետության ստեղծման ծրագիր է մշակում


Պաղեստինի համար ցույց Նյու Յորքում
Պաղեստինի համար ցույց Նյու Յորքում

Թեև Գազայում ռազմական գործողությունների ավարտի որևէ նշան չկա, միջազգային հանրությունը, սակայն, Գազայի հատվածին վերաբերող նոր սցենար է դիտարկում: Միացյալ Նահանգներում ասում են, թե ցանկանում է տեսնել ապառազմականացված պաղեստինյան պետություն։

Իսրայելի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Պաղեստին պետության ճանաչումը մերժելու օգտին:

«Իսրայելը կշարունակի դեմ հանդես գալ Պաղեստին պետության ճանաչմանը։ [Անցած տարվա] հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո, նման ճանաչումը հսկայական և աննախադեպ նվեր կլինի ահաբեկչությանը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով տևական ժամանակ դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը:

Այս ամենի ֆոնին՝ միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, ինչի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, սպանվել են ավելի քան 29 հազար հոգի:

ԱՄՆ-ն Պաղեստին պետության ստեղծման ծրագիր է մշակում
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Միջազգային հանրության մոտ ամրապնդվում է գաղափարը, որ Գազայի հատվածը պետք է լինի ապագա պաղեստինյան պետության մաս։

Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմեդ Շտայեհը հայտարարել է. «Աշխարհը չպետք է ուշադրություն դարձնի Նեթանյահուի և նրա կառավարության դիրքորոշմանը, որը մերժում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով այս հակամարտության հանգուցալուծումը: Փոխարենը, աշխարհը պետք է ձգտի վերջ դնել օկուպացիային, միակողմանի ճանաչի Պաղեստին պետությունը և քվեարկի, որպեսզի Պաղեստինը դառնա Միավորված ազգերի կազմակերպության անդամ»:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Վաշինգտոնում մշակվում է նոր նախագիծ, ըստ որի Իսրայելը պետք է իր համաձայնությունը տա Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում ապառազմականացված պաղեստինյան պետության ստեղծմանը, ինչի դիմաց հրեական պետությունը խաղաղության համաձայնագիր կկնքի Սաուդյան Արաբիայի հետ, որն էլ իր հերթին պաշտպանական պայմանագիր կստորագրի ԱՄՆ հետ։ Արաբական այն երկրները, որոնք արդեն ունեն խաղաղության համաձայնագրեր Իսրայելի հետ, նրկայացնելու են անվտանգության երաշխիքներ, որ Պաղեստին պետությունը սպառնալիք չի դառնա Իսրայելի համար։

Այդուհանդերձ, պաղեստինցի որոշ դիտորդներ ԱՄՆ նախաձեռնությունը համարում են անիրատեսական:

Քաղաքագետ Գեյթ Ալ Օմարին ասում է․ «Երբ ԱՄՆ-ն խոսում է Պաղեստին պետության մասին, չեմ կարծում, որ հստակ է, թե ինչ է այն նշանակում: Խոսելով այդ մասին՝ նրանք արձագանքում են տարածաշրջանին»։

1993 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հովանու ներքո Իսրայելը և պաղեստինցիները ստորագրեցին Օսլոյի հայտնի համաձայնագրերը, որոնք սահմանում էին Պաղեստին պետության ստեղծման ճանապարհային քարտեզը, ինչը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։

Այդուհանդերձ, դիտորդները չեն կորցնում հույսը՝ նույնիսկ անցած տարվա հոկտեմբերի 7-ի «Համասի» իրականացրած ջարդերից և Գազայում չորս ամիս շարունակվող ռազմական գործողութուններից հետո էլ հնարավոր է պայմանավորվել:

Պաղեստինցների հետ բանակցություններում Իսրայելի ներկայացուցիչ Յոսի Բեյլինն ասում է․ «Սովորաբար, պատերազմից հետո ատելությունը երկու կողմում էլ մեծանում է, բայց [ի վերջո] խաղաղություն է հաստատվում, որովհետև մարդիկ ցանկանում են ձերբազատվել ատելությունից և պատրաստ են հաշտվել»:

Սակայն խաղաղության մասին Բեյլինի տեսլականը, կարծես, համահունչ չէ Իսրայելում այսօր տիրող հանրային կարծիքին։ Իսրայելի Ժողովրդավարության ինստիտուտի հարցման համաձայն, հրեա իսրայելցիների երկու երրորդը չի աջակցում Պաղեստին պետության ստեղծման գաղափարին՝ անգամ որպես Սաուդյան Արաբիայի հետ խաղաղություն համաձայնագրի մաս:

XS
SM
MD
LG