Մատչելի հղումներ

Իսրայելի կառավարությունը մերժել է Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկը


Բենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու

Իսրայելի կառավարությունը կիրակի հայտարարեց, թե մերժում է Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկը։ Նման կերպ, փաստորեն, հրեական պետությունը արձագանքում է միջազգային հանրության կողմից աճող ճնշմանը, թե հակամարտության հանգուցալուծման համար հարկ է գնալ «երկու պետության» ստեղծման տարբերակով։

Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել այսպես կոչված «հռչակագրային որոշմանը», որը դեմ է արտահայտվում պաղեստինյան պետության ճանաչմանը: Կառավարությունում նախագծի քվեարկության նախաձեռնողը վարչապետ Բենիամին Նեթանյահուն էր։

«Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական համաձայնության հասնելու մասին միջազգային կարգադրությունները։ Նման համաձայնություն կարող է ձեռք բերվել կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ [Իսրայելի դեմ իրականացված] հոկտեմբերի 7-ի ջարդից հետո, [պաղեստինյան պետության] ճանաչումը մեծ մրցանակ կլինի ահաբեկչությանը»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի դեմ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» իրականացրած հարձակման հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվեցին մոտ 1 200 հոգի, պատանդառվեցին շուրջ 240-ը:

Իսրայելի կառավարությունում նման որոշումն ընդունվեց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հանդիպումից ընդամենը մեկ օր անց: Չնայած հրեական պետությանը ցուցաբերվող աջակցությանը, Միացյալ Նահանգները հանդես է գալիս մերձավորարևելյան հակամարտությունը «երկու պետությունների ստեղծման» սկզբունքով լուծելու օգտին:

«Մեր մտքին են այն տառապանքները, որ կրում են հակամարտության ներքո գտնվող մարդիկ, այդ թվում՝ պաղեստինցի տղամարդիկ, կանայք և երեխաները Գազայում: Նաև մտածում ենք այն իրական հնարավորությունների մասին, որոնք մեր առջև են՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանում մեր բոլոր ընկերների համար ստեղծելու ավելի լավ, ապահով ապագա»,- ասել է Բլինքնեը:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ավելի քան 28 հազար պաղեստինցի:

ՄԱԿ-ի տվյալներով, «ամբողջովին անգործունակ» է դարձել Գազայի՝ մեծությամբ երկրորդ՝ Նասերի անվան հիվանդանոցը:

Այս ամենի ֆոնին՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի բնակիչները շաբաթ օրը բողոքի ակցիա էին իրականացրել՝ գանգատվելով սննդի և բժշկական պարագաների պակասից:

«Հյուսիսային Գազայում՝ դեղերի բացակայության պատճառով, մեր ժողովրդի մեջ, հիվանդություններ են տարածվում: Բայց անգամ եթե այդ դեղերը առկա լինեն, մարդիկ ի վիճակի չեն գնել այն»,- ասել է տեղաբնակ Ամեր Աբու Ալ-Քումսան:

Անցած՝ հանգստյան օրերին Գազայում Իսրայելի գործողությունները քննադատող հայտարարությամբ է հանդես եկել Աֆրիկյան միությունը, որի գագաթնաժողովը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում էր:

Սպասվում է, որ Ալժիրն այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացելու Գազայում անհապաղ հրադադար պահանջող բանաձևի նախագիծը։

ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել փաստաթղթի ընդունմանը՝ պնդելով, որ գործընկերների հետ աշխատում է մի տարբերակի ուղղությամբ, որը թույլ կտա առնվազն վեց շաբաթ հրադարար հաստատել Գազայում և ազատ արձակել «Համասի» ձեռքում գտնվող պատանդների հերթական խմբին։

XS
SM
MD
LG