Մատչելի հղումներ

Մյունխենում ԱՄՆ-ը պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ 


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում, փետրվարի 17, 2024 թ., Reuters
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում, փետրվարի 17, 2024 թ., Reuters

Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Ամերիյան կողմն առանձին հանդիպումներ է ունեցել նաև արտգործնախարարների հետ

X հարթակում թողած իր գրառման մեջ ԱՄՆ պետքարտուղարը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը, գրել է.

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերի՝ այս առիթով տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է մեր շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի տեսլականին՝ իր ժողովրդի համար բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների շատ արժեքավոր գործընկերն է:

«Մենք գնահատում ենք ձեր [Հայաստանի] հանձնառությունը կայուն խաղաղությանը։ Մենք նաև կարող ենք ամրապնդել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով»,- ասել է պետքարտուղարը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կողմերի միջև հաստատվել է «արդյունավետ գործընկերություն»:

«2019-ին սկսեցինք ռազմավարական երկխոսությունը: Ընթացիք տարին ևս կարևոր է, քանի որ մենք պատրաստվում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգում։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ. վերջերս արձանագրվեց լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ նոր կորուստների։ Զոհվեցին հայ դիրքապահներ Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել ձեզ հետ»,- հանդիպման բացման իր խոսքում ասել է ՀՀ վարչապետը:

Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X հարթակի իր էջում կատարել է գրառում, ուր ասված է. «Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում: ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»։ Բացի այդ, ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, փետրվարի 17-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում արտգործնախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։ «Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարության քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ, փետրվարի 17, 2024 թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ
Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարության քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ, փետրվարի 17, 2024 թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլերի հաղորդագրության համաձայն, նույն օրը տեղի է ունեցել պետքարտուղար Բլինքենի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և կարևորել Միացյալ Նահանգների աջակցությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի [համաժողովի] հաջող անցկացմանը: Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Պետքարտուղարը վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը այդ ջանքերը հաջողությամբ ավարտին հասցնելուն` հիմնված նախորդ բանակցությունների վրա: Պետքարտուղարը կարևորել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորություններին և հանձնառություններին հավատարիմ մնալը»,- ասված է պետքարտուղարության հաղոդագության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում, փետրվարի 17, 2024 թ., Reuters
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում, փետրվարի 17, 2024 թ., Reuters

Հանդիպման բացմանը Բլինքենն ընդգծել է. «Կարծում եմ, որ սա կարևոր պահ է. կարևոր է, որ Ադրբեջանը ստանձնում է COP-ի առաջնոդությունը, որը մենք մեծապես աջակցում ենք, և պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի այն հաջողությամբ պսակվի»:

Պետքարտուղարը նաև կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատումը՝ շեշտելով՝ այս ուղղությամբ Միացյալ Նահանգները աշխատել է օգտակար լինել և կշարունակի անել դա, կողմերի ցանկության դեպքում:

Իր հերթին, Իլհամ Ալիևն ընդգծել է. «COP29-ը մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն է, որը ընդլայնում է, ըստ էության, մեր օրակարգի թեմաները: Ապավինում ենք ձեր կառավարության աջակցությանն այս տարվա մեր բոլոր նախաձեռնություններում: Եվ, ինչպես նշեց պարոն պետքարտուղարը, մեր օրակարգում կա նաև մեկ այլ հարց, դա տարածաշրջանային իրավիճակն է Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները։ Ադրբեջանը հանձնառու է խաղաղությանը: Խաղաղության համաձայնագրի կնքումը որքան հնարավոր է շուտ բխում է մեր ազգային շահերից։ Ես շատ երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին՝ այս ուղղությամբ իր ջանքերի համար»,- հանդիպմանը ասել է Ադրբեջանի նախագահը:

Մյունխենի համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղաալ Ջեյմս Օ՛Բրայանի հետ, փետրվարի 17, 2024 թ., լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ, X հարթակ
Մյունխենի համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղաալ Ջեյմս Օ՛Բրայանի հետ, փետրվարի 17, 2024 թ., լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ, X հարթակ

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Մյունխենում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առանձին հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հետ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը և Վաշինգտոնի ու Բաքվի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր։

XS
SM
MD
LG