Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնելու նախագծին


ԱՄՆ Սենատի շենք
ԱՄՆ Սենատի շենք

ԱՄՆ Սենատը երեքշաբթի քվեարկել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլար աջակցություն նախատեսող փաթեթի օգտին:

Օրինագիծն ընդունվել է ձայների 70 - 29 հարաբերակցությամբ: Ի աջակցոսւթյուն նախագծին՝ ավելի քան մեկ տասնյակ հանրապետականներ միացել են դեմոկրատ մեծամասնությանը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը «օգնում է մարդկային կյանքեր փրկել ռուսական ահաբեկչությունից»։

«Ամերիկյան օգնությունն ավելի է մոտեցնում Ուկրաինային խաղաղությանը և վերականգնում գլոբալ կայունությունը, ինչն էլ [իր հերթին] հանգեցնում է բոլոր ամերիկացիների և ողջ ազատ աշխարհի անվտանգության ամրապնդմանը»,- «X» հարթակում գրել է Զելենսկին:

Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերն խոսքով, որոշումը «մեծապես կազդի ոչ միայն մեր և մեր դաշնակիցների ազգային անվտանգության վրա, այլև կամրապնդի արևմտյան ժողովրդավարության անվտանգությունը»:

«Այս օրինագծով Սենատը հայտարարում է, որ [աշխարհում] ամերիկյան առաջնորդությունը հետ չի կանգնի, չի թուլանա, չի տապալվի»,- ընդգծել է Շումերը՝ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

Նա խոսել է երկու կուսակցությունների անդամների կողմից օրինագծի ընդունմանը ցուցաբերած աջակցության մասին և վստահություն հայտնել, որ Ներկայացուցիչների տանը կայանալիք քվեարկությունը նույնպես կհանգեցի նմանատիպ արդյունքի:

Սակայն ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի հանրապետականները Ուկրաինային տրամադրվող հետագա օգնությունը շարունակում են պայմանավորել ամերիկա-մեքսիկական սահմանի անվտանգության ամրապնդմամբ:

Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը երկուշաբթի հայտարարեց, որ առաջնահերթություն է «ապահովել Ամերիկայի սեփական սահմանը՝ նախքան աշխարհով մեկ լրացուցիչ օգնություն բաժանելը», և որ Սենատի այդ օրինագիծը «լուռ է մեր երկրի առջև ծառացած ամենահրատապ խնդրի առջև»։

Անցած շաբաթ Սենատի հանրապետականներն խոչընդոտեցին մի նախագծի ընդունումը, որը Ուկրաինային, Իսրայելին ու Թայվանին օգնություն ցուցաբերելուց զատ, նախատեսում էր խստացնել ամերիկա-մեքսիկական սահմանը հատելու գործընթացը՝ նման կերպ արձագանքելով ամեն օր Միացյալ Նահանգներ ուղղություն բռնող հազարավոր անօրինական միգրանտների հոսքին:

Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել սահմանային այդ նախագծին, քանի որ նրա համոզմամբ այն բավականաչափ խիստ չէ։ Հանրապետական օրենսդիրները ականջալուր եղան նրան:

Արդյունքում՝ Սենատում որոշեցին ընդունել արտաքին օգնություն ցուցաբերող առանձին օրինագիծ՝ այն չկապելով սահմանային հարցին, որն էլ ընդունվեց երեքշաբթի, և ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին, և մոտ 5 միլիարդ դոլար՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին, ներառյալ՝ Թայվանին:

Հիշեցնենք, Պենտագոնն Ուկրաինայի համար նախատեսված աջակցության նախորդ փաթեթն ուղարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 27-ին։

Անցած շաբաթ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե «վրդովեցուցիչ» կլինի եթե Կոնգրեսը չաջակցի Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրմանը:

«Կոնգրեսի ձախողումը՝ աջակցել Ուկրաինային, եթե այդ տեղի ունենա, մոտ կլինի հանցավոր անտարբերությանը»,- ասել է Բայդենը։

Գաղտիք չէ, որ հանրապետականների շրջանում, ընդհանուր առմամբ, ավելի մեծ աջակցություն է վայելում Իսրայելին օգնելու գաղափարը, թեև ամերիկացի բազմաթիվ օրենսդիրներ, հատկապես առաջադեմ դեմոկրատները, խստորեն դատապարտում են իսրայելական բանակի գործողությունները Գազայի հատվածում:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, պաղեստինցիների շրջանում զոհերի թիվն անցել է 28 հազարը։

Հայտնի է նաև, որ Կիևին ցուցաբերվող օգնությանը հատկապես դեմ են որոշ աջակողմյան հանրապետական օրենսդիրներ, չնայած դեմոկրատ օրենսդիրների մեծ մասը կողմ է:

«Ուկրաինային արդեն տվել ենք ավելի քան 120 միլիարդ դոլար։ Սա ավելի քան բավարար է՝ մեր երկրի բոլոր սահմաններն ապահովելու համար: Ցավոք, այդ 120 միլիարդ դոլարը, որը մենք ուղարկել ենք Ուկրաինա, հանգեցրել է փակուղու, որը կարող է երկար տարիներ տևել և հարյուր հազարավոր ուկրաինացիների ու ռուսների

կյանքեր խլել»,- երկուշաբթի Սենատում հայտարարել է հանրապետական օրենսդիր Թոմի Թուբերվիլը:

XS
SM
MD
LG