Մատչելի հղումներ

Ենթակա ուժերի միջոցով Իրանն ապակայունացնում է Մերձավոր Արևելքը


Հութիների զինյալները՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներից հետո հութիների կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայում
Հութիների զինյալները՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներից հետո հութիների կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայում

Ամերիկյան ռազմուժը չորեքշաբթի ուշ երեկոյան նոր հարվածներ է հասցրել Եմենի հութիներին: Պենտագոնի նոր գրոհին նախորդել էր հութիների հարձակումը Ադենի ծոցում ամերիկյան առևտրային նավի ուղղությամբ։ Նավը վնասվել էր: Վաշինգտոնը հութիներին ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական խմբավորում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, անցած տարվա նոյեմբերի կեսերից հարձակումներ են գործել տարբեր երկրների առևտրային մոտ 30 նավերի վրա։

«Եթե հութիները դադարեցնեն հարձակումները, կարող ենք վերանայել որոշումը»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Այլ տարբերակը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու դաշնակիցների գրոհների շարունակումն է հութիների ռազմական օբյեկտների ուղղությամբ:

«Հութիները պետք է հարց ուղղեն իրենց, թե որքանով են ցանկանում թուլացնել իրենց կարողությունները»,- ասում է Պենտագոնի մամլո քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Սպիտակ տան քննադատների, օրինակ՝ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ղեկավար Բեհնամ Բեն Թալեբլուի խոսքով, հարկ է ավելի վճռական գործել հութիների դեմ, որոնք, իրականում, դարձել են Իրանին ենթակա ուժ․ «Սա նեոգաղութատիրական նախագիծ է, ուր ներգրավված են [Իրանի] ենթակա ուժերը, և նման կերպ [Թեհրանը] ապակայունացնում է Արաբական թերակղզին, Մերձավոր Արևելքը՝ գաղափարական հակառակորդի՝ հրեական պետության դեմ պայքարելու համար»։

Հայտնի է, որ Իրանը սպառազինություն է մատակարարում Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում գործող իրեն ենթակա ուժերին:

Վաշինգտոնը սկսեց աստիճանաբար արձագանքել։ Օրինակ, այս ամիս Սոմալիի ափերի մոտ գործող ամերիկյան ռազմանավերը ձեռնամուխ եղան Եմեն ուղղություն վերցնող իրանական արտադրության սպառազինության առգրավմանը:

Իրանը հերքում է, թե զենք է մատակարարում հութիներին, չնայած բազմաթիվ ապացույցների առկայությանը:

«Իրանը որդեգրել է իրեն ենթակա ուժերն օգտագործելու ռազմավարություն, որը թույլ է տալիս ասել, թե Թեհրանը ներգրավված չէ որևէ հակամարտությունում, և հեռու մնալ պատերազմի թատերաբեմից: Բայց այս՝ [Եմենի] պարագայում վարչակարգն դեմ չէ ցուցադրել իր կարողությունները»,- ասում է Բեհնամ Բեն Թալեբլուն:

Զուգհեռաբար իրավիճակը տարածաշրջանում սրվում է։ Այս շաբաթ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել հարևաններ՝ Իրաքին ու Պակիստանին: Ի պատասխան, Բաղդադն ու Իսլամաբադը հետ են կանչել Թեհրանում իրենց դեսպաններին։ Իրանական հարվածի թիրախում հայտնված իրաքյան Քուրդստանի բնակիչները բողոքի զանգվածային ցույցեր են անցկացրել, իսկ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին:

XS
SM
MD
LG