Մատչելի հղումներ

«Հեզբոլլահի» ու Իսրայելի միջև լարվածության աճի ֆոնին՝ Լիբանանի քրիստոնյաները մտահոգ են


Լիբանան
Լիբանան

Լիբանանում «Համասի» բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո, վրեժխնդիր լինելու «Հեզբոլլահի» հայտարարության ֆոնին՝ մերձավորարևելյան այդ փոքրիկ երկրի բնակչությունը մտահոգված է։ Հատկապես անհանգիստ են լիբանանցի քրիստոնյաները, թե հայտնվելու են մի հակամարտության կիզակետում, որի հետ առնչություն չունեն:

«Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվում է լարվածության աճը, ինչ շարժման առաջնորդ Հասան Նասրալլան սպառնաց, թե Իսրայելի կողմից «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի սպանությունը «անպատիժ չի մնա»:

Նասրալլայի խոսքերը մտահոգություն են առաջացրել հատկապես Լիբանանի քրիստոնյաների շրջանում:

Ալիսն ապրում է Բեյրութի արևելյան արվարձաններից մեկում՝ նկուղում, ամուսնու՝ Բաշիրի և վեց երեխաների հետ։ Սպասում են յոթերորդ զավակի ծնվելուն:

Գրեթե թշվառության եզրին՝սարսափած է, որ հակամարտությունը պարզապես կկործանի իր կյանքը:

«Ինձ վախեցնում է, որ պատերազմը կարող է հասնել Բեյրութ: [Այդ դեպքում] չեմ իմանա ինչ անել երեխաների հետ: Որտե՞ղ կարող ենք թաքնվել: Հիմա, համենայնդեպս, թեև աղքատ ենք, բայց կարող եմ նրանց հաց տալ։ Հետո ի՞նչ ենք անելու։ Թող Աստված մեզ պահապան լինի»,- ասում է նա:

Այս անորոշ ժամանակներում մարդիկ ասում են, որ ուժ և աջակցություն են գտնում միայն իրենց հավատքի մեջ:

«Մարդիկ սկսում են մտածել, որ լիբանանցի քաղաքական գործիչները և օտարերկրյա առաջնորդներն այլևս ի վիճակի չեն ճգնաժամին լուծումներ տալ և դիմում են Աստծուն: Նա միակն է, ով կարող է մխիթարություն ու ուժ տալ՝ առաջ գնալու համար»,- ասում է Հայր Գաբրիել Տաբետը:

«Kitchen Mariam» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը բացվել է երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հայտնի, հսկայածավալ պայթյունից հետո: Կամավորներն ամեն օր մոտ 1500 բաժին տաք կերակուր են պատրաստում կարիքավորների համար:

«Մարդիկ գալիս են մեզ մոտ՝ իմանալով, որ անվճար սնունդ կստանան: Տա Աստված, հուսով ենք, որ կարող ենք շարունակել օգնել նրանց»,- ասում է կամավոր Քրիստին Զեիլան:

Լիբանանը, ուր բնակչության 80%-ն աղքատ է, իր պատմության ամենից ծանր տնտեսական ճգնաժամերից մեկի ներքո է:

«[Մեր ազգային ] դրամը արժեզրկվել է․ 2009 թվականին մեկ ամերիկյան դոլարի դիմաց 1 500 լիրա էին տալիս, այժմ՝ 89 հազար: Եթե իրավիճակը վատանա, տնտեսության անկումը կշարունակվի, ինչն էլ կործանարար հետևանքներ կունենա»,- ասում է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագետ Մոհամադ Ֆաուրը:

Այս ամենի ֆոնին՝ ավելի ինտենսիվ են դարձել Իրանի հովանավորությունը վայելող «Հեզբոլլահի» ու իսրայելական ռազմուժի միջև սահմանային բախումները։ Լիբանանի քրիստոնյաները կոչ են արել «Հեզբոլլահին» խուսափել պատերազմից:

Անորոշությանն ընդառաջ՝ լիբանանցիների մեծ մասը հույս ունի, որ երկիրը, այնուամենայնիվ, կխուսափի արյունահեղությունից ու ավերածություններից:

XS
SM
MD
LG