Մատչելի հղումներ

Անօդաչուները ժամանակակից պատերազմի անբաժան մասն են


ԱՄՆ-ը բանակի ռազմաան անօդաչու
ԱՄՆ-ը բանակի ռազմաան անօդաչու

Ուկրաինական այսօրվա մարտադաշտերում անօդաչուների կիրառումը ուղղակի պարտադիր է, և պատերազմող կողմերն էլ լայնորեն օգտագործում են այն։ Ամերիկյան ռազմական փորձագետների ներկայացմամբ, հատկապես փոքր անօդաչուները ժամանակակից պատերազմի կարևոր գործոններից են:

Այս օգոստոսին Պենտագոնը հայտարարեց ծավալուն ծրագրի՝ «Replicator»-ի մեկնարկի մասին, որի նպատակն է առաջիկա երկու տարիներին Չինաստանի զինված ուժերի ուղղությամբ հազարավոր անօդաչուների տեղակայումը, որոնք պետք է նպաստեն զսպելու Պեկինի ռազմական նկրտումները և ամերիկյան զինուժի կարողությունների ընդլայնմանը։

«Փոքր անօդաչուների շարք մտնելը, ըստ էության, նշանակում է ճշգրիտ կառավարվող սպառազինության մասսայականացում, քանզի աշխարհում ցանկացած մարդ այժմ կարող է մի քանի հազար դոլարով ստեղծել չափազանց հզոր և ճշգրիտ զենք, որը նախկինում կարող էին անել միայն հզոր երկրները: Կարծում եմ, [առաջիկայում փոքր անօդաչուների] կիրառությունը մարտի դաշտում միայն կընդլայնվի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է «Air War College»-ի ներևկայացուցիչ Մարկ Յակոբսոնը։

Պաշտոնաթող գնդապետի խոսքով, ուկրաինական պատերազմն աննախադեպ է անօդաչուների օգտագործման առումով․ ուկրաինացիներն ամսական օգտագործում են մինչև 10 հազար անօդաչուներ, տարեկան պատրաստում են անօդաչուների միջինը մոտ 10 հազար օպերատորներ։

Հայտնի է, որ ուկրաինական մարտադաշտերում կիրառվող անօդաչուների որոշ տեսակներ ունեն լայն հնարավորություններ, գործում են արհեստական բանականության միջոցով, և կարող են հայտնաբերել թիրախներ, հետևել դրանց և հարձակվել այդ թիրախների վրա՝ առանց մարդու միջամտության:

Յակոբսոնը նշում է՝ այստեղ մտահոգվելու պատճառ կա, քանզի թիրախավորելու գործառույթը պետք է պատկանի մարդուն․ «Առկա է միտում, որ սարքերն ինքնուրույնաբար գործեն, երբ անօդաչուները ինքնուրույն են թռչում և որոշումներ կայացնում: Սա մտահոգիչ է»:

Կոռնելի համալսարանի «Brooks Tech Policy» հաստատության գործադիր տնօրեն Ջեյմս Ռոջերսն հիշեցնում է՝ վաղուց է, ինչ անօդաչուներն ավտոմատ կերպով են որոշումներ ընդունում․ «Ննան համակարգերը թիրախը հայտնաբերում են ծրագրված ալգորիթմի միջոցով և կարող են որոշում ընդունել առանց օպերատորի հսկողության: Կարևոր է առաջ շարժվել՝ դեպի ապագա, բայց նաև կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է այդ ապագան»:

Պենտագոնում ընդգծում են՝ անօդաչուների պարագայում անգամ նման հնարավորությունների դեպքում, միևնույն է, ԱՄՆ զինված ուժերը գիտակցում են պատասխանատվության աստիճանը՝ նման ուժ կիրառելու ժամանակ, սակայն որևէ վստահություն չկա, որ նույն մոտեցում ունեն մյուս երկրներն ու դերակատարները։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» լրագրող Մայա Քեյի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG