Մատչելի հղումներ

Ամերիկացի փորձագետներն Ուկրաինային բրիտանական հրթիռների մատակարարման մասին 


Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարման լուրը, ըստ վերլուծաբանների, «վերջին ժամանակների լավագույն նորությունն է»: 

Ուկրաինային արևմտյան ռազմական աջակցության առումով այս շաբաթվա գլխավոր լուրը՝ Կիևին ավելի քան 250 կիլոմետր հեռահարությամբ Storm Shadow հրթիռներ մատակարարելու Լոնդոնի որոշումն էր։ Առաքման մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ Այսպիսով, քննարկումները, թե հնարավո՞ր է Ուկրաինային մատակարարել զենք, որը խոցում է Ռուսաստանի տարածքը և չի սահմանփակվում 2014թ․-ից բռնազավթված ուկրաինական հողերով, անցել են նոր հարթություն։

Բրիտանացիները հայտնել են, որ Ուկրաինայի հետ պայմանավորվել են չօգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Այնուամենայնիվ, շատ մեկնաբաններ պնդում են, որ եթե Կիևը որոշի հարվածել, օրինակ, ռուսական ռազմակայանին, որտեղից իրանական անօդաչուներ են գործարկվում՝ Ուկրաինայի քաղաքներին հարվածելու համար, ապա անօրինական ոչինչ տեղի չի ունենա։

Կրեմլն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը խիստ բացասաբար են արձագանքել Լոնդոնի այս որոշմանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «այն համարժեք արձագանք կպահանջի մեր զինվորականներից, որոնք համապատասխան ռազմական որոշումներ կկայացնեն»։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիայի որոշումը որակել է որպես «Լոնդոնի հերթական ծայրահեղ թշնամական քայլ, որի նպատակը Ուկրաինա նորանոր սպառազինություններ մատակարարելն է»:

ԱՄՆ-ում ռազմական փորձագետները դրական են արձագանքել դաշնակցի քայլին: Եվրոպայում ամերիկյան ռազմուժի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Բեն Հոջեսը «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանն ասել է. «Սա լավագույն լուրն է, որ տևական ժամանակ չէի լսել, քանի որ այժմ ուկրաինացիները հնարավորություն կունենան Ղրիմը ոչ պիտանի դարձնել ռուսական զինված ուժերի համար»:

Պաշտոնաթող գեներալի խոսքով, «սա ռուսների համար իրական խնդիր կստեղծի, քանի որ առնչվում է նաև ռազմական օդանավակայաններին։ Նրանք չեն կարողանա թռչել այնտեղից, քանի որ հարվածի տակ են գտնվելու թռիչքուղիներն ու աերոնավիգացիոն համակարգերը»։

«Իհարկե, Ուկրաինան կօգտագործի այդ հնարավորությունները այնտեղ, որտեղ դրանք առավել օգտակար կլինեն»,- ընդգծել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը:

Մեկ այլ ռազմական փորձագետ՝ Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում հրթիռների գծով գլխավոր մասնագետ Քևին Ռայանը «Ամերիկայի Ձայնին» փոխանցել է. «Չեմ կարծում, որ սա կփոխի [Ուկրաինայում ընթացող] բոլոր ճակատամարտերի ուղղությունը, բայց նման առաքումը Կիևին ավելի լավ հնարավորություն է ընձեռում հաջողության հասնել, այն է՝ դուրս մղել ռուսական բանակն իր տարածքից»։ Քևին Ռայան բրիգադի պաշտոնաթող գեներալ է և Ռուսաստանում ԱՄՆ նախկին ռազմական կցորդը։

Արդյո՞ք Storm Shadow-ը կթռչի ուկրիանական սահմանից այն կողմ

Արդյո՞ք Կիևը կորոշի հարվածել Ռուսաստանում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի քաղաքներին հարվածելու համար՝ քննարկում են վերլուծաբանները։ Բեն Հոջեսը նշում է, որ Ուկրաինան պաշտպանվում է, ուստի նման օբյեկտին հարվածելը լիովին օրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից։

«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Ուկրաինան լիարժեք իրավունք ունի պատասխան կրակ բացել այն օբյեկտների ուղղությամբ, որտեղից հարձակում են գործել։ Նման օբյեկտը օրինական ռազմական թիրախ է։ Բայց ես նաև կարծում եմ, որ ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կառավարությունները մտահոգված են՝ եթե Ուկրաինան հարվածի Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, այն թույլ կտա Մոսկվային արդարացնել իր որոշ գործողություններ և փոխել հակամարտության բնույթը: Այնպես որ, այս դեպքում, ճիշտ եմ համարում, որպեսզի ուկրաինացիներն այդ հրթիռներն օգտագործեն միայն Ուկրաինայի տարածքում»,-ասել է նա։

Հոջեսը կարծում է, որ «Դոնբասում և Ղրիմում կան բազմաթիվ թիրախներ, որոնք կարող են խոցվել միայն Storm Shadow հրթիռներով, և դրանց օգտագործումը ողջամիտ կլինի»:

Այս տեսակետը կիսում է Քևին Ռայանը. «Եթե Ուկրաինան համաձայն է Մեծ Բրիտանիայի հետ, որ այդ հրթիռները չպետք է օգտագործվեն Ռուսաստանի տարածքում, ապա այդպես էլ պետք է լինի։ Իսկ ինչ կարելի է հաջողությամբ անել այս հրթիռներով, որոնց համար դրանք բավականին հարմար են, ոչնչացնել զինամթերքի և այլ պահեստներ՝ [ռուսական բանակի] օպերատիվ-մարտավարական խմբերի

թիկունքում, որոնք տեղակայված են Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ղրիմում։ Սա ուկրաինացիների հնարավորությունների որակական փոփոխություն կլինի»։

«Եթե Արևմուտքը կարողանա ավելի շատ զենք տրամադրել, ապա, իհարկե, Ուկրաինայի համար ավելի դյուրին կլիներ հարձակվել: Բայց շատ գործոններ են ազդում, թե Գերմանիան, Բրիտանիան կամ Միացյալ Նահանգները քանի տանկ կարող են փոխանցել Կիև»,- ասում Ռայանը։

Բելֆեր կենտրոնի փորձագետի փոխանցմամբ, ռուսական կողմի մոտ սպառազինության պակաս է նկատվում. «Իհարկե, Ռուսաստանում ավելի շատ մարդիկ և ռեսուրսներ կան, բայց նրանք չեն կարող զենք արտադրել անհրաժեշտ արագությամբ»։

Հարցին՝ արդյո՞ք կարելի է ակնկալել, որ Ուկրաինայի հակահարձակումը հաջողությամբ կպսակվի՝ արևմտյան ռազմական նման աջակցության շնորհիվ, Բեն Հոջեսն արձագանքել է. «Ինձ զայրացնում է, որ մենք դեռևս նմանատիպ որոշում չենք կայացրել, ինչ Մեծ Բրիտանիան: [Ռուսաստանի] սևծովյան նավատորմն արդեն անհետացած կլիներ։ Չեմ ընդունում որևէ պատճառաբանություն։ Ինձ թվում է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ չի որոշել, թե ինչ ռազմավարական նպատակի է ձգտում այս ամենի արդյունքում»։

«Եթե Ուկրաինային մատակարարեինք անհրաժեշտ ամեն ինչ, ապա ուկրաինացիներն ավելի քիչ կորուստներ կունենային։ Վստահ եմ, որ Ուկրաինան հաջողությամբ կգործի, բայց նրա գործողությունները կարող են ավելի արագ լինել և ավելի քիչ կյանքեր արժենալ»,- ընդգծում է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը։

XS
SM
MD
LG