Մատչելի հղումներ

Կերկարաձգվի արդյո՞ք Իսրայելի և «Համասի» միջև հրադադարը. Իրադրությունը հրադադարի վերջին օրը


Պաղեստինցի նախկին բանտարկյալը՝ «Համասի» կողմից պատանդների արձակման դիմաց իսրայելական բանտից ազատվելուց հետո, Ռամալլահ, Հորդանան գետի արևմտյան ափ, 26 նոյեմբեր, 2023 թ.
Պաղեստինցի նախկին բանտարկյալը՝ «Համասի» կողմից պատանդների արձակման դիմաց իսրայելական բանտից ազատվելուց հետո, Ռամալլահ, Հորդանան գետի արևմտյան ափ, 26 նոյեմբեր, 2023 թ.

Երկուշաբթի օրը Իսրայելի և «Համասի» միջև ծրագրված քառօրյա հրադադարի վերջին օրն է: Ակնկալվում է, որ Իսրայելը ազատ կարձակի ավելի շատ պաղեստինցի բանտարկյալներ, իսկ «Համասը»՝ ավելի շատ պատանդներ: Այս ամենի ֆոնին ջանքեր են գործադրվում հրադադարի երկարաձգման ուղղությամբ:

«Համասն» ազդարարել է, որ դեմ չէ երկարաձգմանը, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է, որ Իսրայելը կողջունի այդ քայլը, եթե «Համասը» ազատ արձակի օրական ևս 10 պատանդների:

Նախնական համաձայնության համաձայն, որն ուժի մեջ է մտել վեց շաբաթ պատերազմից հետո, «Համասը» պետք է ազատեր 50 պատանդների Իսրայելի կողմից 150 պաղեստինցի բանտարկյալների ազատման և ռազմական գործողությունների դադարեցման դիմաց:

Կիրակի ուշ երեկոյան ՄԱԿ-ը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ազատ են արձակվել 39 իսրայելցի, 117 պաղեստինցի և 19 օտարերկրյա քաղաքացիներ:

Միացյալ Նահանգները, Եգիպտոսը և Քաթարը ջանքեր են գործադրում քառօրյա հրադադարը երկարաձգելու ուղղությամբ:

«Իմ և մեր բոլորի նպատակն է երկարաձգել այս հրադադարը վաղվանից, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ պատանդներ ազատ արձակենք և ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերենք Գազայի հատվածում կարիքավորներին», - կիրակի օրը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Բայդենը ողջունել է նաև 4-ամյա իսրայելցի ամերիկացի երեխայի՝ Աբիգեյլ Էդանի ազատ արձակումը, ում ծնողները սպանվել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» հարձակման ժամանակ:

Վերջինս 14 իսրայելցիների և երեք օտարերկրացիների թվում էր, որոնք հանձնվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երրորդ օրը «Համասի» կողմից Իսրայելի կողմից տարբեր հանցագործությունների համար բանտարկված պաղեստինցիներին ազատելու դիմաց:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենն ու Նեթանյահուն խոսել են պատանդներին ազատ արձակելու մասին կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես նաև քննարկել են զինադադարի և Գազայի հատվածում հավելյալ մարդասիրական օգնության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Սա առաջին ժամանակավոր զինադադարն էր այս հակամարտության ընթացքում այն բանից հետո, երբ «Համասը» հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի արդյունքում զոհվեցին ավելի քան հազար խաղաղ իսրայելցիներ , իսկ մոտ 240 հայտնվեցին գերության մեջ: Իսրայելն, իր հերթին, խոստացավ ոչնչացնել «Համասը» և սկսեց ռմբակոծել Գազայի հատվածը օդից և ցամաքից, որի արդյունքում զոհվել է, ըստ պաղեստինյան կողմի, ավելի քան 14,000 մարդ, որոնցից մոտ 40%-ը երեխաներ:

Բարսելոնայում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը քառօրյա զինադադարը անվանեց «կարևոր առաջին քայլ», բայց նշեց նաև, որ շատ ավելին է անհրաժեշտ «Գազայի հատվածում տիրող սարսափելի իրավիճակը մեղմելու և ներկայիս ճգնաժամից ելքեր գտնելու համար»:

«Հրադադարը պետք է երկարացվի՝ այն կայուն և տեւական դարձնելու համար՝ զուգահեռ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատելու հետ մեկտեղ», - ասել է նա երկուշաբթի օրը Միջերկրական ծովի միության հանդիպման մեկնարկին:

Բորելը ընդգծել է, որ «Համասի» դաժան հարձակումը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ չի կարող արդարացվել, սակայն, ըստ նրա, «մեկ սարսափը չի կարող արդարացնել մյուս սարսափը»՝ մատնանշելով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում մեծ ավերածությունները:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և այլ երկրներ «Համասը» որակել են որպես ահաբեկչական կազմակերպություն։

Չինաստանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր բարձրաստիճան դիվանագետ Վան Ին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը չորեքշաբթի օրը՝ Իսրայելի և «Համասի» միջև իրավիճակը քննարկելու համար:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը լրագրողներին ասել է, որ Չինաստանը հուսով է, որ բանակցությունները կհանգեցնեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև կթուլացնեն հումանիտար ճգնաժամը Գազայի հատվածում։

Հրադադարը թույլ է տվել մեծացնել անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը, որը հոսում է Գազայի հատված, որտեղ ՄԱԿ-ի գնահատմամբ մոտ 1,7 միլիոն մարդ՝ բնակչության մոտ երեք քառորդը, տեղահանված է:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը Գազայում ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող ապաստարաններում իրադրությունը որակել է «գերբնակեցված և վատ սանիտարական պայմաններ ունեցող»: Այստեղ են ապրում հակամարտության հետևանքով իրենց տներից տեղահանված պաղեստինցիների գրեթե կեսը:

Նյութը պատրաստմանը օգնել է Associated Press, Agence France-Presse և Reuters գործակալությունների տրամադրած տեղեկությունը

XS
SM
MD
LG