Մատչելի հղումներ

Ամերիկյան մամուլը Իսրայելի և «Համասի» միջև առճակատման հետագա զարգացման մասին


Իսրաելական բանակի զինտեխնիկան Գազայի սահմանին
Իսրաելական բանակի զինտեխնիկան Գազայի սահմանին

«Սա կշարունակվի երկար, երկար ժամանակ»: Ամերիկյան մամուլը քննարկում է «Համասի» զինյալների դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր սցենարները։

«Համասը» կհասկանա, որ հարձակվելով մեզ վրա՝ թույլ է տվել պատմական մեեծ սխալ։ Մենք այնպիսի գին ենք սահմանելու, որ նրանք և Իսրայելի մյուս թշնամիները կհիշեն տասնամյակներ շարունակ»,- ամերիկյան տարբեր աղբյուրներ մեջբերում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը վերջին իրադարձություններին։

Իսրայելը կշարունակի ուժով պատասխանել և, հնարավոր է, կանցնի ցամաքային ներխուժմանը Գազա, քանի որ «Համասը» նրան այլընտրանք չի թողել, գրում է The New York Times-ը: Հիմնական հարցերից մեկը, որը կորոշի, թե ինչպես կզարգանա ճգնաժամը, այն է, թե արդյոք լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը զերծ կմնա ներգրավումից, թե կակտիվացնի իր զինյալներին՝ Իսրայելի վրա հարձակվելու համար:

Եթե «Հեզբոլլահը» անմիջականորեն ներգրավվի մարտերում, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի տարածաշրջանում վերջին տարիների ամենաինտենսիվ գործողություններից մեկը, ասում է հեղինակ Ռոնեն Բերգմանը:

«Համասի» ղեկավարության հեռացումը օրերի կամ շաբաթների խնդիր չէ, CNBC-ին տված հարցազրույցում ասել է Eurasia Group քաղաքական խորհրդատվական ընկերության նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը։

«Դա ամիսներ են, գուցե նույնիսկ տարիներ: Սա երկար, երկար կշարունակվի։ Իսրայելցիները մտադիր են կռվել, իսկ դա նշանակում է ոչ միայն օդային հարվածներ, այլ նաև ցամաքային գործողություն՝ տուն առ տուն Գազայում՝ մեծ թվով զոհերով, ինչի համար «Համասը», իհարկե, ցանկանում է պատասխանատվությունը բարդել Իսրայելի վրա»:

Գազա ցամաքային զորքեր ուղարկելը «Համասի» բազաները ոչնչացնելու կամ խմբավորման զինյալներին սպանելու համար անխուսափելիորեն կհանգեցնի պաղեստինյան բնակչության շրջանում զգալի զոհերի, զգուշացնում է ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:

«Իսրայելի կողմից հավանաբար լուրջ կորուստներ կլինեն։ Առաջիկա ռազմական գործողության դժվարությունները դժվար թե կարելի է գերագնահատել։ Ինչպես ցույց են տալիս ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի գործողությունները Իրաքում և Աֆղանստանում, գործողությունները պետք է մանրակրկիտ վերլուծվեն պլանավորման փուլում, որպեսզի համոզվենք, որ դրանք նոր թշնամիներ չեն ստեղծում պատերազմի վարման ձևի պատճառով», - ասում է Պետրեուսը:

«Իսրայելը դժվար թե բանակցություններ վարի և, իհարկե, չի ձգտի վաղաժամ զինադադարի, որը կարող է միայն օգուտ բերել «Համասին», - Foreign Affairs ամսագրի կողմից հրապարակված հոդվածում ասում է Դենիս Ռոսը, Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի խորհրդական և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախկին բանագնացը: Նրա կարծիքով, «Համասի» ղեկավարությանը գլխատելը, նրա ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը, մեծ թվով գրոհայինների ոչնչացումը և նույնիսկ Գազայի վերագրավումը շատ իրատեսական նպատակներ են»։

Ռոսը կարծում է, որ Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ «Համասը» հիմնականում չի զինաթափվել, և մեխանիզմներ ստեղծվել, որոնք թույլ չեն տալիս նրան վերազինել:

«Իսրայելի վերջնական նպատակն է հասնել նրան, որ «Համասն» այլևս չկարողանա սպառնալ իրեն, իսկ արաբ առաջնորդները կարող են դիտարկել ապառազմականացումը որպես Գազայի պաղեստինցիներին փրկելու միջոց»,- գրում է փորձագետը:

Դժվար թե հակամարտությունը մնա Գազայի հատվածի շրջափակման փուլում, միակ հարցը ռազմական գործողությունների ընդլայնման ծավալն ու արագությունն է, շարունակում է Բրուքինգս ինստիտուտի փոխնախագահ և արտաքին քաղաքականության ծրագրի տնօրեն Սյուզան Մելոնին՝ անդրադառնալով այս թեմային Foreign Affairs-ի հոդվածում:

«Առայժմ իսրայելցիները կենտրոնացած են անմիջական սպառնալիքի վրա և հակված չեն ընդլայնելու հակամարտությունը, բայց ընտրությունը կարող է նրանցը չլինել», - ասել է Մալոնին: «Որովհետև «Համասի» հաջողության ցնցումից հետո «Հեզբոլլահը» շատ գայթակղված կլինի բացել երկրորդ ճակատը»:

Անհասկանալի է, թե Իսրայելը կհարվածի Իրանին այս հարձակումներում իր ուղղակի կամ անուղղակի դերի պատճառով, բայց բոլոր տարբերակները պետք է դիտարկել որպես հնարավոր, ասել է POLARIS-ի ազգային անվտանգության ավագ խորհրդական Ջոն Նունանը National ամսագրում:

«Վարչապետ Նեթանյահուի վերջնական պատերազմական նպատակները կարող են ներառել Գազայի վերագրավումը և տարածքի վրա Իսրայելի վերահսկողության վերականգնումը, կամ կարող է սահմանափակվել «Համասի»՝ որպես ֆունկցիոնալ միավորի վերացումով»:

Վաղ թե ուշ Իսրայելը գրեթե անկասկած կսկսի ցամաքային ներխուժում Գազա՝ «Համասի» և նրա «ահաբեկչության լեգեոնների» հենակետերի ուղղությամբ, քանի որ «Համասի» լկտի և բարբարոս հարձակումները այլ ելք չեն թողնում», - ասված է The New York Post-ի խմբագրականում:

«Քանի որ «Համասը» զորքեր և զինամթերք է տեղակայում քաղաքացիական տարածքներում՝ մզկիթներում, հիվանդանոցներում, դպրոցներում, և թույլ չի տալիս խաղաղ բնակիչների տարհանումը, մենք կարող ենք ակնկալել սովորական Գազայի տանջանքների անմշակ պատկերների հեղեղ», - շարունակել է թերթը: «Սակայն նրանք չպետք է սասանեն Ամերիկայի վճռականությունը՝ կանգնելու Իսրայելի կողքին և աջակցելու այն, ինչ պահանջում է ահաբեկչական հարձակման դաժանությունը, այն է՝ «Համասի» լիակատար ոչնչացումը»:

Ինչպիսի՞ն կարող է լինել ԱՄՆ դիրքորոշումն այս հակամարտությունում

Ջո Բայդենին ավելի բարդ խնդիր է սպասում, քան ԱՄՆ նախագահներին վերջին տարիներին՝ թույլ չտալ, որ ընդհարումը դուրս գա Մերձավոր Արևելքում վերահսկողությունից։

«Այս փուլում ամերիկացիների խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա ներկայիս իրավիճակից»,- ասում է փորձագետը։ «Այս փուլն անցնելուց հետո մենք կարող ենք սկսել մտածել դեէսկալացիայի մասին»:

«Բայդենի մարտահրավերն է աջակցել Իսրայելին, օգնել նրան հաղթել «Համասին», միևնույն ժամանակ ինչ-որ կերպ պահպանել խաղաղությունն ու կարգավորման բանակցությունները Իսրայելի, արաբական պետությունների և, անխուսափելիորեն, այն պաղեստինյան կողմերի միջև, ովքեր պատրաստ են դա անել», - ասվում է խմբագրականում: – Սա հենց այն խնդիրը չէ, որի հետ հույս էր կապում Բայդենը, և, իհարկե, հեշտ խնդիր չէ: Եվ, այնուամենայնիվ, հենց դա է, որ պետք է արվի Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ազդեցությունը պահպանելու համար»:

XS
SM
MD
LG