Մատչելի հղումներ

Գազայում լրանում է խաղաղ բնակչության տարհանման ժամկետը


Պաղեստինցի տեղահանվողների հոսքը շարունակվում է Գազայում
Պաղեստինցի տեղահանվողների հոսքը շարունակվում է Գազայում

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 1,1 միլիոն պաղեստինցիներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում լքել իրենց տները և շարժվել հարավ՝ Իսրայելի ակնկալվող ցամաքային հարձակումից առաջ: «Համասը» բնակիչներից պահանջում է մնալ տեղում:

Իսրայելի բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին ուրբաթ ասել է, որ իսրայելական զորքերը տանկերի աջակցությամբ հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի ուղղությամբ՝ պաղեստինյան հրթիռային անձնակազմերը թիրախավորելու և պատանդների գտնվելու վայրի մասին տեղեկություններ հավաքելու համար։ Սա Գազայում իսրայելական ռազմական ակտիվության առաջին պաշտոնական զեկույցն է ճգնաժամի սկզբից ի վեր։

«Համասն» ասում է, որ պայքարելու է մինչև արյան վերջին կաթիլը և պահանջում է բնակիչներից մնալ Գազայում:

Ուրբաթ օրը Գազայի հատվածի հյուսիսային մի քանի հազար բնակիչներ ուղեւորվեցին հարավ, սակայն շատերը որոշեցին մնալ: Մզկիթներից հնչում էին կոչեր. «Պահպանե՛ք ձեր տները: Պահի՛ր քո հողը:

Իսրայելը խոստացել է ոչնչացնել «Համասը» հոկտեմբերի 7-ի հարձակման համար, երբ «Համասի» զինյալները սպանեցին 1300 իսրայելցիների, հիմնականում խաղաղ բնակիչների, և տասնյակ պատանդներ վերցրեցին:

Այդ ժամանակվանից Իսրայելը ամբողջապես շրջափակել է Գազայի հատվածը, որտեղ ապրում է 2,3 միլիոն պաղեստինցի, և օդային հարվածների է ենթարկում այն: Գազայի իշխանությունները հայտնել են 1900 զոհի մասին:

«Մենք հարվածում ենք մեր թշնամիներին աննախադեպ հզորությամբ», - ասել է Նեթանյահուն ուրբաթ օրը՝ Շաբաթի մեկնարկից հետո, հազվադեպ հեռուստաուղերձում: «Շեշտում եմ, որ սա դեռ սկիզբն է».

ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ նախազգուշացրել են հումանիտար աղետի մասին, եթե 1,1 միլիոն մարդ ստիպված լինի փախչել:

ՄԱԿ-ը կարծում է, որ նման զանգվածային տեղաշարժը չի կարող տեղի ունենալ առանց մարդասիրական աղետալի հետևանքների, և Իսրայելից խնդրում է վերանայել իր կոչը։

«Մենք պահանջում ենք անհապաղ մարդասիրական հասանելիություն Գազայի հատվածում, որպեսզի կարողանանք վառելիք, սնունդ և ջուր մատակարարել բոլոր կարիքավորներին: Նույնիսկ պատերազմում կան կանոններ», - ուրբաթ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր վարչակազմը խորհրդակցում է Մերձավոր Արևելքի կառավարությունների հետ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի շուրջ, որտեղ պաղեստինցիները իսրայելական ռմբակոծությունների պատճառով բախվում են էլեկտրաէներգիայի, սննդի և ջրի պակասի:

Բայդենը, ուրբաթ օրը Ֆիլադելֆիայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գազայում հումանիտար ճգնաժամի լուծումը առաջնահերթություն է:

«Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ոչ մի կապ չունի «Համասի» կամ դրա աղաղակող հարձակումների հետ»,- ասել է Բայդենը։ «Եվ արդյունքում նրանք նույնպես տուժում են»:

«Համասի» հակառակորդ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Հորդանանում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որ հարկադիր տեղահանումը կլինի 1948 թ-ի կրկնությունը, երբ հարյուր հազարավոր պաղեստինցիներ փախան կամ վտարվեցին ներկայիս Իսրայելից: Գազայի բնակիչների մեծ մասը նման փախստականների ժառանգներ են։

Գազայի հատվածը երկրագնդի ամենախիտ բնակեցված վայրերից մեկն է, և մինչ այժմ այդ տարածքից ելք չկա. բացի Իսրայելի շրջափակումից, Եգիպտոսը դիմադրում է Գազայի հետ սահմանը բացելու կոչերին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ օրը հանդիպել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ։

Օսթինն ասաց, որ ռազմական օգնություն է ցուցաբերվում Իսրայելին, բայց այժ վճռականության, ոչ թե վրեժխնդրության ժամանակն է:

«Ճանապարհը երկար է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ, որ ի վերջո մենք հաղթելու ենք»,- ի պատասխան ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Ուժի կիրառումն անընդունելի է. Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի հակամարտության կարգավորման համար. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:

Ի պատասխան՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար», նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։

Ամերիայն արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»:

Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:

«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր [զինված] ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», ասված է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված պետքարտուղարության պատասխանում:

XS
SM
MD
LG