Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն հանդես է եկել նախազգուշացմամբ՝ Ուկրաինայի համար նախատեսված զինամթերքը սպառվում է


ՆԱՏՕ-ի ղեկավարն ու Ուկրաինայի նախագահը՝ մամուլի ասուլիսի ժամանակ
ՆԱՏՕ-ի ղեկավարն ու Ուկրաինայի նախագահը՝ մամուլի ասուլիսի ժամանակ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը զգուշացրել է, որ զինամթերքի եվրոպական պաշարները սպառվում են, քանզի Արևմուտքը շարունակում է մեծ ծավալներով ռազմա-տեխնիակական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ դիմագրավելու ռուսական ուժերի ներխուժմանը: Լոնդոնից հաղորդում է Հենրի Ռիդջվելը:

Ուկրաինական ուժերն ամեն օր մի քանի հազար հրետանային արկ են արձակում երկիր ներխուժած ռուսական ուժերի ուղղությամբ։ Զինամթերքի մեծ մասը Կիևը ստանում է արևմտյան դաշնակիցներից:

Պատերազմի քսաներորդ ամսում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ երեքշաբթի հայտարարելով, թե զինամթերքի պաշարները մոտենում են սպառման եզրին։

«Սկսեցինք [Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումներն] իրականացնել Եվրոպայի՝ կիսով չափ լցված, կամ ավելի վատ վիճակում գտնվող պահեստներից։ Ուստի, այսպես ասած․ տակառի հատակն այլևս երևում է։ Հարկավոր է, որպեսզի արդյունաբերությունն արագացնի [զինամթերքի] արտադրությունը։ Մեզ մեծ ծավալներ են պետք»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան արդեն իսկ հայտարարել են սպառազինության արտադրության ընդլայնման ծրագրերի մասին։

Պաշտպանական հարցերով վերլուծաբան Սիմոնա Սոարեի խոսքով, զինամթերքի պաշարների համալրումն ու, միաժամանակ, սպառազինության առաքումներն Ուկրաինա պահանջում են, որպեսզի արևմտյան քաղաքական առաջնորդներն այս հարցում հանդես գան հստակ ուղերձներով։

«Շատ բան կարելի է անել՝ [հանրությանը] հասցնելու, որ [սպառազինության արտադրության ընդլայնումը] ժամանակավոր չէ, այլ՝ շարունակական, հավանաբար՝ երկարատև քաղաքականություն է։ Խոսքը միլիարդավոր դոլարների հասնող ներդրումների մասին է»,- ասում է Սոարեն:

Այս շաբաթ Պենտագոնը հայտարարեց, որ Կոնգրեսի հատկացրած 25,9 միլիարդ դոլարից մնացել է 1,6 միլիարդը․ գումարն ուղղվում է զինամթերքի ամերիկյան պահեստները համալրելուն՝ Ուկրաիա իրականացվող առաքումների ֆոնին։ 2022 թվականի փետրվարից ի վեր՝ Ռուսաստանի ներխուժումից հետո, Միացյալ Նահանգները 46,6 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է ցուցաբերել Կիևին։ Եվրամիությունը հատկացրել է 27 միլիարդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան՝ մոտ 7 միլիարդ։ Չնայած այս տպավորիչ թվերին, սպառազինության արտադրության խթանումը ժամանակ է պահանջում:

«Ուկրաինային անհրաժեշտ սպառազինության արտադրական նոր գիծ ստեղծելու համար մանհրաժեշտ է միջինը երկուսից չորս տարի: Նույնը վերաբերում է զինամթերքին: Խոսում ենք հարյուրավոր, հնարավոր է՝ հազարավոր մարդկանց մասին, ովքեր այս ձեռնարկություններում աշխատանքի անցնելու համար պետք է ունենան հատուկ հմտություններ»:

Վերլուծաբանների ներկայացմամբ, Ուկրաինայի աջակիցների շրջանում աճում է մտահոգությունը, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում կայանալիք առաջիկա ընտրությունները կարող են խաթարել Արևմուտքի միասնությունը՝ Կիևին աջակցելու հարցում:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսը կարողացավ վերջին պահին՝ շաբաթ օրը ընդունել կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման փաստաթուղթը, որպեսզի Միացյալ Նահանգների գործադիր մարմինը հնարավորություն ունենա գործել ևս վեց շաբաթ՝ մինչ տարեկան պետբյուջեի ընդունումը։ Սակայն այդ փաստաթղթում բացակայում է Ուկրաինայի աջակցության նոր փաթեթը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է շարունակել ամերիկյան օժանդակությունը Կիևին։

XS
SM
MD
LG