Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունն արձագանքել է Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու մասին Բաքվի որոշմանը


ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթել
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթել

ԱՄՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում նախատեսված հանդիպումից՝ չնայած ԱՄՆ-ն բազմիցս շեշտել է կողմերի միջև երկխոսության կարևորությունը։

Դրա մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք նկատի ենք առնում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում նախատեսված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, մենք մշտապես հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Պետքարտուղարը և այստեղ գտնվող մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այդ հարցում, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է Փաթելը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար հայտարարված ռազմական օգնությունից հետո ԱՄՆ-ը պատրաստվում է նույնը անել և փոխել դիրքորոշումը, Փաթելն ընդգծել է․ «Ես դիրքորոշման փոփոխության մասին հայտարարություն չունեմ։ Կրկին նշեմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հարցում»։

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է անձամբ ներգրավված լինել այս գործում և պարբերաբար շփումներ է ունենում երկու երկրների իր պաշտոնակիցների հետ։

XS
SM
MD
LG