Մատչելի հղումներ

Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ եվրոպական երկրներում պարենամթերքի ներմուծման արգելքի վերաբերյալ


Ուկրաինայից հացահատիկ բեռնափոխադրող նավ
Ուկրաինայից հացահատիկ բեռնափոխադրող նավ

Ուկրաինան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, երբ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ արգելեցին ուկրաինական պարենամթերքի ներմուծումը։

Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան ուրբաթ արգելեցին ուկրաինական հացահատիկի և այլ պարենամթերքի ներմուծումը՝ պնդելով, որ ուկրաինական էժան ապրանքները հարվածում են տեղական ֆերմերներին։ Կիևն արձագանքել է՝ գանգատ ներկայացնելով Առևտրի համաշխարհային կազմակերպություն:

«[Գանգատը քննելու] գործընթացը մեկնարկում է 60-օրյա խորհրդակցություններով, որոնց ընթացքում կողմերը ժամանակ են ստանում փոխհամաձայնեցված լուծման գալու համար։ Նման տարբերակը քիչ հավանական չէ՝ հաշվի առնելով, որ Սլովակիան ու Լեհաստանը ընտրությունների շեմին են», ասում է առևտրի գծով փորձագետ Դեյվիդ Քլեյմանը:

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փակեց Կիևի համար ավանդական արտահանման շատ ուղիներ, ու Եվրամիությունն առաջարկեց այլընտրանքային ցամաքային ճանապարհներ՝ այն կոչելով «համերաշխության ուղիներ»:

«Եվրամիությունը բախվել է աննախադեպ իրավիճակի, երբ իր՝ այս շուկաներ է մուտք գործում մրցունակ գնով ցորեն, որն ի սկզբանե նախատեսված չէր նրանց համար»,- ասում է «Farm Foundation»-ի հետազոտությունների գծով ղեկավար Օլիա Թայեբ Չերիֆը:

Նման զարգացումը հանգեցրեց Ուկրաինային հարևան եվրոպական պետություններում ֆերմերների բողոքի ակցիաների, որոնց ներկայացմամբ՝ ուկրաինական պարենն ուղղակի հեղեղել է տեղական շուկաները:

«Խանութներում վաճառվում է անորակ, մերից էժան ապրանք։ Շատ ծախսեր ենք արել՝ որակյալ միս ու կաթ ստանալու համար։ Վնասով ենք աշխատում, հետևաբար՝ կփակվենք»,- ասում է բուլղարացի ֆերմեր Վասիլ Ջորգովը:

Եվրամիությունը փոխհատուցում է առաջարկել ֆերմերներին, իսկ այս մայիսին ժամանակավոր սահմանափակումներ կիրառեց ներմուծվող ուկրաինական պարենամթերքի նկատմամբ։ Երբ սեպտեմբերի 15-ին ավարտվեց սահմանափակումների ժամկետը, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան որոշեցին արգելել ուկրաինական այդ ապրանքների մուտքը: Խորվաթիան երեքշաբթի հայտարարեց, թե միայն թույլ կտա ուկրաինական հացահատիկի տարանցումը: Եվրոպական այլ երկրներ խստորեն քննադատել են նշված չորս պետությունների որոշումները։

«Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի ագրեսիվ հարձակմանը։ Պետք է հասկանանք․․․, պետք է տեսնենք ավելի լայն պատկերը և ըմբռնումով մոտենանք, ինչպես նաև աջակցենք Ուկրաինային՝ արտահանել իր հացահատիկը»,- ասում է Ֆինլանդիայի գյուղատնտեսության նախարար Սարի Էսայահը:

Այս ամենի ֆոնին՝ Եվրահանձնաժողովը Ուկրաինային առաջարկել է կիրառել, այսպես կոչված, «արտահանման կամավոր սահմանափակումներ»՝ միաժամանակ փորձելով համոզել Արևելյան Եվրոպայի երկրներին չեղարկել ներմուծման արգելքները:

Սլովակիայում ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 30-ին, Լեհաստանում՝ հոկտեմբերի 15-ին: Եվրամիությունն ու Ուկրաինան հույս ունեն, որ Արևելյան Եվրոպայի այդ երկրներում տրամադրությունները կփոխվեն ընտրություններից հետո:

XS
SM
MD
LG