Մատչելի հղումներ

Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի տեղակալ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի քննարկումից առաջ լրագրողների առջև կարճ ելույթով հանդես եկավ Ֆրանսիան ներկայացնող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Նատալի Բրոդհերսթը: Իր խոսքում դեսպան Բրոդհերսթը, մասնավորապես, ասել է.

«Ցանկանում եմ նշել, որ Ֆրանսիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող շատ լուրջ հումանիտար ճգնաժամով։ Տեղում վիճակը ծանր է. այն շարունակում է վատանալ օր օրի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ Անվտանգության խորհուրդն այսօր հանդիպում ունենա իրավիճակը գնահատելու համար: Եվ մենք անհամբեր սպասում ենք ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման կողմից հումանիտար իրավիճակի մասին զեկույցին: Ինչպես երեկ նշեց Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հակասում է հրադադարի համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին և վտանգում բանակցային գործընթացը։

Այսպիսով, Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ իրականացնելով այն ժամանակավոր միջոցները, որոնք մատնանշվել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի որոշման մեջ:

Նրանք պարտադիր են կատարման համար: Այսպիսով, մենք պահանջում ենք վերականգնել մարդկանց, բեռների, ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Եվ մենք խնդրում ենք շարունակել տեղի բնակչության գազի ու էլեկտրաէներգիա մատակարարումները։ Նաև կենսական նշանակություն ունի ողջ բնակչության համար հիմնական ծառայությունների շարունակական հասանելիության ապահովումը, որպեսզի Ֆրանսիան ակտիվացնի բազմաթիվ մարդասիրական աջակցության ծրագրերը՝ ուղղված տուժած բնակչությանը: Մենք որոշել ենք հավելյալ 3 միլիոն եվրո տրամադրել Կարմիր խաչի մարդասիրական ակցիային։

Եվ մենք, իհարկե, կշարունակենք քննարկել այդ հարցը՝ վստահ լինելով, որ Անվտանգության խորհուրդը կզբաղվի այս հարցով»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս պահին բոլոր տարբերակները քննարկման ենթակա են Լաչինի միջանցքի հարցում: Նա կարևորեց ԱԽ-ի քննարկումը, որպեսզի պարզ դառնա, թե ինչի շուրջ հնարավոր է պայմանավորվել:

Արձագանքելով Ռուսասատի հետ այս խնդրի շուրջ համագործակցության մասին հարցին՝ նա շեշտեց, որ Մոսկվան կարևոր դեր ունի այս հարցում, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ը իրականացնում են միջնորդական առաքելություն: Դիվանագետն ընդգծել է, որ դիտարկվում են բոլոր հնարավորությունները:

XS
SM
MD
LG