Մատչելի հղումներ

Բայդենն ու Մոդին պատրաստ են ընդլայնել առևտուրը տեխնոլոգիաների ոլորտում և հակազդել Չինաստանին


Միացյալ Նահանգներ՝ Հնդկաստանի վարչապետի այցին ընդառաջ՝ Վաշինգտոնն ու Դելին խորացնում են համագործակցությունը կարևոր նշանակություն ունեցող տեխնոլոգիաների ուղղությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին` ինը տարվա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ՝ այս հունիսի 21-ին պետական այցով ժամանելու է Վաշինգտոն: Այցելությունը համընկել է կարևոր նշանակություն ունեցող և վերելք ապրող տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև խորացող համագործակցության ֆոնին։ Հաղորդում է «Ամերիկայի Ձայնի» թղթակից Մեթ Դիբլը։

Վաշինգտոնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին կհյուրընկալի նախագահ Ջո Բայդենը։ Կողմերը քննարկելու են տեխնոլոգիական և արդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Օրինակ, Հնդկաստանի բանակի համար շարժիչներ արտադրելու գործարք է կնքվել «General Electric»-ի հետ:

Սպիտակ տան հաղորդմամբ, օրակարգում տեխնոլոգիական ոլորտում՝ պաշտպանության, մաքուր էներգիայի և տիեզերքի ուղղություններում ռազմավարական գործընկերության հաստատումն է։ Երկու երկրների կառավարությունները նաև ձգտում են հակազդել Չինաստանին համաշխարհային տեխնոլոգիական դաշտում:

Մոդին, ով ինը տարի առաջ նախաձեռնեց «Արտադրված է Հնդկաստանում» ծրագիրը, նպատակ ունի իր երկիրը դարձնել տեխնոլոգիական և զարգացած արտադրություն ունեցող տերություն:

«Նախկինում եղել են արդյունաբերական ոլորտներ, ուր Հնդկաստանը միջազգային կարգի հաջողություններ է գրանցել, սակայն դրանք քիչ են»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ԱՄՆ-Հնդկաստան քաղաքականության ծրագրի ղեկավար Ռիկ Ռոսոուն:

Ռոսոուն ասում է, որ [Հնդկաստանում] ենթակառուցվածքային թուլությունները և պետական բարդ կարգավորումները խոչընդոտ են աճին:

«Եթե խոսեք ծանոթ արտադրողների հետ, [կհասկանաք]՝ նրանք էլեկտրաէներգիայի, ջրի, դյուրին և հասկանալի ընթացակարգերի կարիք ունեն, և այդ ամենը կարգավորվում է նահանգային իշխանությունների կողմից»,- ասում է Ռոսոուն:

«Նրանք աշխատում են այնպես, կարծես ժամանակը կարևոր չէ: Նախագծերի իրականացումը կարող է հավերժ տևել»,- ասում է «Greater Pacific Industries»-ի գործադիր տնօրեն Բեն Չժանը:

Բեն Չժանի գլխավորած ամերիկյան ընկերությունը պայմանագրեր ունի Հնդկաստանում՝ ապրանքների արտադրության վերաբերյալ, սակայն նրա կարծիքով՝ Դելին դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ գնի և արագության հարցերում Պեկինի հետ մրցելու համար:

«Չինաստանն այսպես է աշխատում՝ ստացավ նախագիծը, մեկ-երկու և այն իրականացված է»,- ասում է Չժանը:

Բայց քաղաքական լարվածությունը և «Covid-19»-ով պայմանավորված արգելափակումները Չինաստանում արագացրեցին փոփոխությունները:

Ըստ «Reuters»-ի, «Foxconn» ընկերությունը, որը «Apple»-ի համար «iPhone» -ներ է արտադրում, հաջորդ տարի Հնդկաստանի Կարնատակա նահանգում նոր գործարան կբացի՝ 50 հազար աշխատատեղով։

«Apple»-ի առաջին երկու պաշտոնական խանութները մեծ ոգևորությամբ բացվեցին երկրում:

Ռոսոուի խոսքով, Հնդկաստանը ինժեներական մտքի տեր տաղանդների պետություն է, որը կարող է օգնել երկրին թռիչքաձև զարգացում ապրել:

«Հավանաբար, Հնդկաստանի ուղղությամբ ավելի մեծ ուշադրության ականտեսը լինեք՝ տեխնոլոգիաների և ինժեներական [նորամուծությունների գծով]: Հնդկաստանը հիանալի է [իր գործը կատարում] մշակման, զարգացման, նախագծման ու հետազոտության ուղղություներում»:

Բնակչության թվով Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից։ Տեխնոլոգիական և արդյունաբերության ոլորտներում գերիշխանության համար պայքարն ընթացքի մեջ է:

XS
SM
MD
LG