Մատչելի հղումներ

Էրդողանը չեղարկում է նախընտրական միջոցառումները, բայց մասնակցում տեսակապով ատոմակայանի բացմանը


Turkey Elections
Turkey Elections

Ընտրությունները Թուրքիայում նշանակված են մայիսի 14-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է չորեքշաբթի և հինգշաբթի օրը նախատեսված նախընտրական միջոցառումները՝ առողջական վիճակի պատճառով` մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։

«Այսօր ես կհանգստանամ տանը՝ իմ բժիշկների խորհրդով»,- գրել է Էրդողանը Twitter-ում։

Երեքշաբթի օրը Էրդողանի ուղիղ հեռարձագվող հարցազրույցը ընդհատվեց ենթադրաբար Էրդողանի առողջության կտրուկ վատթարացումից հետո: Հետագայում նա ասաց, որ ունի ստամոքսի հետ կապված խնդիրներ: Եթերի ընթացքում հաղորդավարի հարցից հետո արձանագրվեց դադար: Տեսախցիկը ուղղված էր հարցազրուցավարի վրա, ուստի հնարավոր չէ ասել, թե ինչ է կատարվում այդ պահին Էրդողանի հետ: Սակայն ակնհայտ էր, որ առկա է որոշակի խուճապ: Եթերը դադարեցվեց գովազդայն հոլովակով և վերսկսվեց 20 րոպե անց: Էրդողանն արդեն կարող էր խոսել և ասաց, որ իր մոտ «սաստիկ ստամոքսի ցավ էր»։

Հինգշաբթի օրը Էրդողանը տեսակապով մասնակցեց թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի երկար սպասված բացման արարողությանը, որը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ նախագիծն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այս արարողությանը չէր նախատեսվում։ Կրեմլը զգուշացրել է, որ Պուտինը կմասնակցի բացմանը տեսակապով՝ չնայած նախկինում Կրեմլը դիտարկում էր Պուտինի անձնական մասնակցությունը։ Էրդողանը սկզբում հայտարարել էր, որ անձամբ ներկա կգտնվի միջոցառմանը, սակայն Անկարան ստիպված եղավ վերանայել ձևաչափը Էրդողանի վատանալուց հետո։

Ըստ ԲԲՍ-ի՝ «Աքքույու» ատոմակայանի բացումը նախատեսված էր Անկարայի ժամանակով 13:30-ին, սակայն այն հետաձգվել է մի քանի ժամով։ Մամուլի հաղորդման համաձայն Պուտինն ու Էրդողանը հեռախոսազույց են ունեցել, նախքան միջոցառումը, որի ընթացքում քննարկել են ցորենի համաձայնության ու Սիրիայի հիմնախնդրի հետ կապված հարցեր։

ՌԴ նախագահը ու Թուրքիայի նախագահը տեսակապով մասնակցեցին ատոմակայան ռուսական միջուկային վառելիքի մատակարարման հանդիսավոր արարողությանը։ Տեսակապով հանդիպման սկզբում երկու երկրների ղեկավարները ողջունեցին միմյանց: Այսպիսով, Էրդողանն առաջին անգամ հայտնվեց տեսախցիկների առջև իր առողջության վատթարացման մասին լուրերից հետո։

XS
SM
MD
LG