Մատչելի հղումներ

Ավելի քան 50 երկիր քննադատել է ՌԴ-ի երեխաների հարցով պաշտպան Լվովա-Բելովայի ելույթը 


Նրան ձերբակալելու օրդեր է տվել Հաագայի Միջազգային քրեական դատարանը

Ավելի քան 50 երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Ռուսաստանի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հետ, ուր տեսակապով ելույթ է ունեցել երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։

Հիշեցնենք, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանը մի քանի օր առաջ վերջինիս կալանավորելու օրդեր է տվել` ուկաինացի երեխաների բռնի արտագաղթը դեպի ՌԴ կազմակերպելու համար։ Նույն մեղադրանքն ու կալանավորման օրդերը տրվել է ՌԴ նախագահ Պուտինի վերաբերյալ:

«Ռուսաստանի Դաշնությունը կձգտի Ուկրաինայում իր գործողությունները ներկայացնել համահունչ միջազգային իրավունքին, երեխաների իրավունքների պաշտպանության չափանիշներին և զինված հակամարտությունների մեջ գտնվող երեխաների պաշտպանության գործողությունների ծրագրին: Բայց սա շատ հեռու է իրականությունից»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Այստեղ նաև նշվում են ուկրաինական իշխանությունների կողմից հավաքագրված փաստերը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից 19500 ուկրաինացի երեխաների դուրսբերման վերաբերյալ, և այն, որ այդ կապակցությամբ ՄՔԴ-ն Լվովա-Բելովային և նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել:

Նախկինում Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն արգելափակել էին այս նիստի հեռարձակումը ՄԱԿ-ի կայքում։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը լրագրողներին ասել է, որ դա նշանակում է, որ Լվովա-Բելովան «միջազգային հարթակ չունի ապատեղեկատվություն տարածելու և Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները պաշտպանելու համար»:

Twitter-ում բրիտանական առաքելությունը հայտարարության մեջ նշել է, որ «եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է զեկուցել իր գործողությունների մասին, կարող է դա անել Հաագայում»:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի և Մալթայի դեսպանները լքեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը՝ Լվովա-Բելովայի տեսակապային ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ պաշտոնական նիստ է հրավիրվել, որը նվիրված է Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված երեխաների խնդրին։ Ռուսական կողմը, իր ձևակերպմամբ, դա որակում է «երեխաների տարհանում հակամարտության գոտուց»։

XS
SM
MD
LG