Մատչելի հղումներ

Միջազգային քրեական դատարանը տվել է Վլադիմիր Պուտինին և Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր


Դատարանը նրանց կասկածում է ուկրաինացի երեխաների բռնի արտաքսումը կազմակերպելու մեջ

Ուրբաթ օրը Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։

Դատարանը գտնում է, որ նրանք «ենթադրաբար պատասխանատու են երեխաների անօրինական տեղահանման և նրանց անօրինական տեղափոխման Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստանի Դաշնության տարածք։ Ըստ դատարանի՝ հանցագործությունները կատարվել են Ուկրաինայի օկուպացված տարածքում առնվազն 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր։

«Կոնկրետ այս գործով դատախազը ներկայացրել է մեղադրանք կասկածյալների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ, և դա ուսումնասիրվել է անկախ դատավորների կողմից, որոնք որոշել են, որ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ հանցագործությունները կատարվել են այդ անձանց կողմից: Այս նկատառումներից ելնելով՝ դատարանը կայացրել է կալանքի մասին որոշում»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազույցում ասում է Միջազգային քրեական դատարանի նախագահ Պետր Հոֆմանսկին:

Հաագայում Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00

ՄՔԴ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «հիմքեր կան ենթադրելու, որ պարոն Պուտինը ուղղակիորեն, այլոց հետ համատեղ և/կամ այլոց միջոցով կատարված գործողությունների համար կրում է անհատական քրեական պատասխանատվություն վերոնշյալ հանցագործությունների հարցում՝ Հռոմի կանոնադրության համապատասխան հոդվածի համաձայն: Բացի այդ, նա պատասխանատու է, ըստ դատարանի, քաղաքացիական ու զինվորական ենթակաների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չսահմանելու մեջ, ովքեր կատարել կամ թույլ են տվել նման գործողություններ:

Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների հարցերով մարդու իրավուքնների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան ևս մեղադրվում է «ռազմական հանցագործության մեջ, որը ներառում է երեխաների ապօրինի տեղահանումն ու նրանց Ուկրաինայի օկուպացված տարածքներից ապօրինի տեղափոխումը Ռուսաստան:

Դատարանը գտնում է, որ Լվովա-Բելովան «կրում է անհատական քրեական պատասխանատվություն ուղղակիորեն, այլոց հետ համատեղ և/կամ ուրիշների միջոցով հանցագործ գործողություններ կատարելու համար:

Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման այս օրդերները տրվել են դատախազության կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին ներկայացված դիմումների հիման վրա։ Սակայն դատարանը նախկինում գտնում էր, որ դրանք պետք է գաղտնի մնան «տուժողների և վկաների պաշտպանության և հետաքննության անվտանգությունն շահերից ելնելով:

Այնուամենայնիվ, Միջազգային քրեական դատարանը որոշեց, ի վերջո, հրապարակել այս օրդերները, քանի որ Պուտինի և Լվովա-Բելովայի դեմ մեղադրանքները շարունակվում են, և, հետևաբար, դատարանը գտնում է, որ «օրդերների մասին հանրության տեղեկացումը կարող է օգնել կանխել հետագա հանցագործությունները»:

Միջազգային քրեական դատարանի նախագահ Պետր Հոֆմանսկին բացատրում է.

«Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրի՝ Հռոմի կանոնադրության համաձայն, բոլոր մասնակից պետությունները իրավական պարտավորություն ունեն լիովին համագործակցել դատարանի հետ, որը ներառում է նաև ձերբակալության օրդերների կատարումը: Որպես գործնական հարց, եթե կասկածյալը մտնում է մասնակից պետության տարածք, այդ պետությունը իրավական պարտավորություն է ձերբակալել այդ անձին և հանձնել նրան»:

Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը և նրա որոշումները համարում է «իրավականորեն անվավեր»։ Սակայն Միջազգային քրեական դատարանի նախագահն այլ կարծիքի է:

«Դատարանը իրավասու է անդրադառնալ այն հանցագործություններին, որոնք կատարվել են անդամ պետության տարածքում, որն ընդունել է իր իրավասությունը: Ուկրաինան ընդունել է ՄՔԴ իրավասությունը մինչև 2014 թվականը, այնուհետև կրկին 2015 թվականին: 43 պետություններ դատարանին են ներկայացրել Ուկրաինայում իրավիճակը, որով պաշտոնապես գործարկել են իրավասությունը: Դրանով ընդգծվում է, որ դատարանն իրավասու է 2013 թվականի նոյեմբերից սկսած որևէ մեկի կողմից Ուկրաինայի տարածքում կատարված հանցագործությունների համար անկախ հանցագործների ազգությունից»,- ասել է Պետր Հոֆմանսկին:

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քըրբին հիշեցրել է, որ նախագահ Բայդենը նախկինում հստակեցրել էր, որ Միացյալ Նահանգները պնդում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր վայրագությունների և մարդկության դեմ պատերազմական հանցագործությունների համար, որոնք իրականացվում են ուկրաինացիների դեմ։

«Մենք մտադիր ենք շարունակել օգնել միջազգային մարմիններին, քանի որ նրանք ապացույցներ են հավաքում և սկսում ուսումնասիրել դրանք», - ասել է Ջոն Քըրբին:

Աշխարհի բոլոր անկյուններում մարդու իրավունքների խախտումները հետաքննող Human Rights Watch միջազգային կազմակերպությունը իր հերթին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը։

Human Rights Watch-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Սա կարևոր օր է 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից իրականացված հանցագործությունների բազմաթիվ զոհերի համար: Ձերբակալության այս որոշմամբ ՄՔԴ-ն Պուտինին հետախուզման մեջ մտցրեց և կատարեց առաջին քայլն անպատժելիությանը վերջ տալու համար, որն այսքան ժամանակ ոգեշնչում էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմ սանձազերծողներին»:

Ըստ Human Rights Watch-ի, ձերբակալության օրդերները «հստակ ուղերձ են հղում, որ հանցագործությունների պատվիրատուները կամ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված հանցագործությունների կոծկողները կարող են հայտնվել Հաագայի բանտախցում: Դատական օրդերները սթափեցնող կոչ են մյուսներին, ովքեր հանցագործություններ են կատարում կամ կոծկում դրանք, որ նրանց դատաստանի օրը մոտենում է՝ անկախ նրանց կոչումից և պաշտոնից»:

XS
SM
MD
LG