Մատչելի հղումներ

Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնողներին դատելու համար կարող են ստեղծվել Նյուրենբերգի նման տրիբունալներ. փորձագետի կարծիք


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց Ուկրաինայի օգտին: Փորձագետները քննարկում են Ուկրաինայի պատերազմում իրագործած հանցագործություններն ու դրանց իրավական հետևանքները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնախյուն հնչեցրեց դատարանի վճիռը, որը բավարարեց Կիևի հայցն ընդդեմ Մոսկվայի: Ուկրաինական կողմը պնդում է, որ Ռուսաստանը խախտում է Ցեղասպանության 1948 թվականի կոնվենցիայի դրույթները, երբ անհիմն մեղադրում է Կիևին Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Արդարադատության միջազգային դատարանի գործընթացին: Այնուամենայնիվ, Մոսկվան ներկայացրեց գրավոր իր փաստարկները՝ պնդելով, որ իր գործողությունները Ուկրաինայում պետք է որակել ինքնապաշտպանություն: Բացի այդ, ռուսական կողմը գտնում է, որ Ուկրաինայի ներկայացրած բողոքը չի կարող դիտարկվել 1948թ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում: Փորձագետների կարծիքով ռուսական կողմի այս պնդումները անհիմն են:

«Ուկրաինան, դիմելով Արդարադատության միջազգային դատարան պաշտպանվում է օրենքի միջոցով: Կիևը պնդում է, որ Ռուսաստանը անհիմն շահարկում է ցեղասպանություն եզրը՝ այսպիսով խախտելով Ցեղասպանության կոնվենցիան»,- Associated Press-ին ասել է Ամստերդամի համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Մարիեկ դե Հունը:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Շտեյնհարդթը խնդրահարույց է որակում նաև ռուսական կողմի ինքնապաշտպանության մասին փաստարկը:

«Ինքնապաշտպանության իրավունքը կիրառելու համար անհրաժեշտ է, որ լինի հարձակում պետության սահմաններից այն կողմ, որը թույլ կտա իրականացնել ինքնապաշտպանություն: Բնական է՝ ոչ ոք չի կարող պնդել, որ Ուկրաինայի կառավարությունն ագրեսիայի ակտ է իրականացրել Ռուսաստանի տարածքում»,- ասում է պրոֆեսոր Շտեյնհարդթը:

Մոսկվան պատրաստ չէ դադարեցնել ռազմական գործողությունները դատարանի վճռի հիման վրա, գտնում է Մարիեկ դե Հունը: Նա, սակայն, կարևորում է միջազգային դատարանի ներգրավվածությունը:

«Ամեն դեպքում այն առնվազն արձանագրում է, որ Ուկրաինայի գործողությունները Դոնբասում ցեղասպանություն չեն: Դրանով այն կարող է նպաստել Ռուսաստանի քարոզչամեքենայի դեմ պայքարին, որը տարածում է ապատեղեկատվություն»,- պնդում է դե Հունին:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրագործումը պարտադիր է, պնդում է Շտեյնհարդթը: Ըստ նրա՝ վճիռների կատարումը կարող է պարտադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բայց Ռուսաստանը, լինելով այդ մարմնի մշտական անդամ, օժտված է վետոյի իրավունքով, որն, ըստ պրոֆեսորի, դժվարեցնում է վճռի իրագործումը:

Նրա կարծիքով այսօր Ռուսաստանի դեմ միջազգային օրենքը կիրառվում է ապակենտրոնացված, երբ առանձին երկրներ ու կառույցներ պատժամիջոցներ են սահմանոեւմ Մոսկվայի դեմ ոչ միայն Ուկրաինայի դեմ ագրեսիա սկսելու, այլ նաև այստեղ ռազմական կամ մարդկության դեմ հնարավոր հանցագործություններ իրականացնելու պատճառով: Նա ընդգծում է՝ այսօր լրատվամիջոցներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունը չափազանց հավաստի հիմքեր է ստեղծում այն պնդման համար, որ Ուկրաինայում տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, սակայն դրա վերջնական իրավական ձևակերպումը պետք է տա դատարանը՝ փաստերի ու ապացույցների հիման վրա:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի միացել Միջազգային քրեական դատարանի ստեղծման Հռոմի պայմանագրին՝ Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ագրեսիայի իրականացումը չի կարող քննվել Միջազգային քրեական դատարանի շրջանակում: Սակայն առկա են ագրեսիայի իրականացման և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության այլ մեխանիզմներ, գտնում է պրոֆեսոր Շտեյնհարդթը:

«Չի բացառվում, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան դատապարտելու համար ստեղծվեն հատուկ տրիբունալներ նախկինի նման: Օրինակ, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները Երկրորդ աշխարհամարտից հետո լսվում էին Նյուրնբերգի և Տոկիոյի ռազմական հանցագործությունների դատարաններում: Դրանք հատուկ տրիբունալներ էին, որոնք ստեղծվել էին պատերազմի ճարտարապետներին դատելու համար»,- նշում է նա:

Ըստ նրա՝ նման տրիբունալներ ստեղծելու իրավասություններ ունեն ՄԱԿ-ը, միջազգային դատարանները, միջազգային տարբեր կառույցներն ու առանձին երկրները, որոնց օրենսդրությունը թույլ է տալիս նման գործունեություն:

XS
SM
MD
LG