Մատչելի հղումներ

Հռոմի ստատուտը պատրաստ է վավերացման, բայց չի բացառվում նաև գործընթացի սառեցման հնարավորությունը


Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Հռոմի ստատուտը վարվերացնելու նպատակով Սահմանադրական դատարան կրկին դիմելու հարցը, քանի որ փաստաթուղթը Հայաստանի կողմից ստորագրվել է 1999 թվականի հոկտեմբերի մեկին, սակայն մինչ օրս չի վավերացվել։ Գործընթացը ընդհատվել է 2004 թվականին, երբ Սահմանադրական դատարանը որոշել է, որ այն 1995 թվականին ընդունված Սահմանադրությանը չի համապատասխանում։

Դրանից հետո Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել երկու անգամ, և կառավարությունը որոշեց մեկ անգամ ևս ճշտել՝ արդյոք այն ներկայումս հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թե՝ ոչ։ Պարզվեց՝ այլևս չի հակասում, և կարող է արդեն վավերացվել։

Նշենք, որ աշխարհի 123 պետություն միացել է Հռոմի կանոնադրությանը, եվ այս տարածաշրջանում այն վավերացրել է միայն Վրաստանը։

«Այդ Կանոնադրության ընդունումը անհրաժեշտ է Հայաստանին», օրեր առաջ ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ գործընթացը սկսվել է ամիսներ առաջ՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով։

Այսպիսիով, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը Հայաստանում սկսվել է Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահի և երեխաների իրավունքների պաշտպանի դեմ ձերբակալության օրդեր տալուց ամիսներ առաջ։ Քաղաքագետները պնդում են, որ Հռոմի ստատուտի ընդունումը անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ այն հնարավորություն է տալիս դիմել Միջագային քրեական դատարանին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից (2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին) ձեռնարկված ագրեսիայի դատապարտման նպատակով։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Հռոմի ստատուտի վավերացումը կարևոր քայլ է համարում՝ գնահատելով, որ դա լուրջ գործիք է՝ հակազդելու Ադրբեջանի թշնամական գործողություններին: Բայց նա նաև պնդում է, թե. «իրավիճակ է փոխվել՝ կապված Վլադիմիր Պուտինի նկատմամբ միջազգային հետախուզման հետ, և դա կարող է կաշկանդել ՀՀ կառավարությանը՝ այդ քայլին դիմելու առումով։ ''Որպես մասնագետ, ես, իհարկե, ցանկանում եմ, որ մենք միանանք այդ նոր ընտանիքին և ձեռք բերենք նոր, արդեն երրորդ հարթակը՝ միջազգային տրիբունալը'',- մեզ հետ զրույցում ասաց Արա ղազարյանը։- ''Բայց, մյուս կողմից, որպես քաղաքացի, ես էլ ունեմ մտահոգություն, որ դա է՛լ ավելի կվատթարացնի առանց այդ էլ ոչ այնքան լավ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա փաստ է, ապրելով Հայաստանում՝ մենք դա լավ պատկերացնում ենք»։ Փաստաբանը գտնում է, որ հնարավոր է այդ գործընթացը վերսկսել այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը կկորցնի իշխանությունը Ռուսաստանում․ «Ի վերջո, նրանք հավերժ իշխանության չեն լինելու, և, երբ իրավիճակը փոխվի, այդ ժամանակ կարելի է գործընթացին նորից զարկ տալ»։

Հռոմի ստատուտի վավերացումից հետո, եթե Պուտինը ժամանի Հայաստան, ապա Հայաստանը պարտավորված կլինի նրան ձերբակալել, իսկ դա նշանակում է, որ վավերացումից հետո նա այլևս այստեղ չի գա։ Բայց հարցը դա չէ, ասում է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը։ Ըստ նրա, հարցն այն է, որ Հայաստանը «հանդգնել է» նման քայլի գնալ, և Ռուսաստանը հասկանում է, որ դրանից հետո կարող են գլուխ բարձրացնել նաև Ղազախստանը, Ղրղզստանը և այլն։ Վերլուծաբանը շեշտում է, որ շատ են մարդիկ, ովքեր՝ ինչպես ինքը, պահանջում են ՀՀ կառավարությունից․ «առաջին իսկ հնարավորությամբ վավերացնել այդ Կանոնադրությունը՝ անկասկած և առանց որևիցե խնդրի, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից»։

Ի դեպ, ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ից իր աղբյուրներին, հաղորդել է, որ «Մոսկվայում բացարձակ անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի մտադրությունները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում»։ Բացի այդ, զգուշացնում են, որ այդ քայլը կունենա լուրջ և շատ բացասական հետևանքներ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առումով։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով, որքան էլ զգուշացնեն և սպառնան, քաղաքակիրթ աշխարհի սահմանած այդ կանոնադրությանը միանալն անհարժեշտ է․ «Անշուշտ պետք է վավերացնել։ Այդ դիրքորոշման համար առնվազն երկու պատճառ կա։ Առաջինը այն, որ դա ռետրոսպեկտիվ կերպով կանդրադառնա Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին, ինչպես նաև ծանրակշիռ պատճառ կդառնա հետագայում նման հանցագործությունները կաշկանդելու համար։ Երկրորդ, որ Հռոմի ստատուտին միանալով, Հայաստանը ևս մեկ քայլ կկատարի դեպի քաղաքակիրթ աշխարհ, որի շնորհիվ կբացվեն հավաքական Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության նոր հնարավորություններ։ Այդ համագործակցության շեմը կարող է հատել նաև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակները»։ Բացի այդ, նրա խոսքերով, դա ևս մեկ հստակ ազդակ կլինի Մոսկվային, որ շանտաժի և սպառնալիքի լեզուն փակուղի տանող վարվելակերպ է, և որ Հայաստանը ՌԴ ենթակայության տակ գտնվող կամակատար չէ,- ասում է քաղաքագետը՝ շեշտելով․ - «Օգտագործելով այն հանգամանքը, որ մեզ հետ շանտաժի լեզվով են խոսում, պետք է Արևմուտքից խնդրել հավելյալ դիվանագիտական և հատուկ միջոցների օժանդակություն։ Ես կարծում եմ, դրանով մեզ ապահովելու հնարավորություն աշխարհն ունի»։

XS
SM
MD
LG