Մատչելի հղումներ

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում՝ «երկրաշարժային դիվանագիտության» պայմաններում


14 հոկտեմբերի, 2009 թ., Թուրքիայի Բուրսա քաղաքի «Աթաթուրք»-ի անվան մարզադաշտ, 2010 թ-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպում

Երևանում կայանալիք Եվրո 2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն անցնում է Անկարայի ու Երևանի միջև «երկրաշարժային» դիվանագիտության ու անորոշության պայմաններում

Մարտի 25- ին Երևանում կկայանա Եվրոպայի ֆուտբոլի 2024 թ-ի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Պատասխան խաղը տեղի կունենա սեպտմբերին Թուրքիայում: Ավելի քան տասը տարի առաջ այս երկու հավաքականների հանդիպումները Երևանում, իսկ այնուհետև թուրքական Բուրսայում մեկնարկ տվեցին Հայաստանի ու Թուրքիայի միջև «ֆուտբոլային դիվանագիտություն» բանակցային գործընթացին: Ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու պատրվակով Երևան ժամանեց Թուրքիայի այդ օրերի նախագահ Աբդուլա Գյուլը, որից հետո Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Թուրքիա պատասխան այցով:

«Ֆուտբոլային դիվանագիտություն»-ը հանգեցրեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև արձանագրությունների ստորագմանը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Արձանագրությունները չեղարկվեցին տարիներ անց, իսկ երկրների խորհրդարաններն այդպես էլ չվավերացրեցին դրանք։

Ադրբեջանցի լագրող Արզու Գեյբուլաևան «Global Voices» էլեկտրոնային պարբերականում հրապարակած «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները «ֆուտբոլային դիվանագիտությունից» վերածվում են «երկրաշարժային դիվանագիտության» վերնագրով իր հոդվածում նշում է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ներքո բանակցություններն «ի վերջո ձախողվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս եկավ գոծընթացից Ադրբեջանի կողմից ուժեղացող ճնշման պատճառով: Հայաստանը պաշտոնապես չեղյալ հայտարարեց արձանագրությունները 2018թ-ին», գրում է Գեյբուլաևան:

Մարտի 25-ի ֆուտբոլային հանդիպման նախօրեին, չնայած որոշ վերլուծաբանների սպասումներին, սակայն, այդպես էլ չհայտարարվեց «ֆուտբոլային դիվանագիտության» երկրոդ փորձի մասին: Այդուհանդերձ, «ֆուտբոլայն դիվանագիտությանն» այսօր փոխարինման է եկել «երկրաշարժային դիվանագիությունը», որը մեկնարկեց Թուրքիայում աղետալի երկրաշարժից հետո այս տարվա փետրվարին:

Երևանն ու Անկարան դեռևս 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել էին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստության մասին, որից հետո կողմերը նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ առանց նախապայմանների բանակցություններ վարելու համար: Վերջիններս մի քանի հանդիպումներ ունեցան՝ արձանագրելով մի փոքր առաջընթաց:

Այս զարգացումներին հաջորդեցին ողբերգական աղետալի երկրաշարժերը Թուրքիայում ընթացիկ տարվա փետրվարին, որոնց արդյունքում եղան տասնյակ հազարավոր զոհեր Թուրքիայում և Սիրիայում: Հայաստանն արձագանքեց Թուրքիայի ողբերգությանը՝ այստեղ ուղարկելով փրկարարների խումբ և մարդասիրական օգնություն, որը Թուրքիայի աղետի գոտի հասավ՝ անցնելով 30 տարվա ընթացքում առաջին անգամ կարճ ժամանակով վերաբացված հայ-թուրքական սահմանով: Դրան հաջորդեց նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, ուր նա հանդիպեց իր գործընկեր Մևլութ Չավուշօղլու հետ, իսկ փետրվարի 7-ին կայացավ ՀՀ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Ըստ Արզու Գեյբուլաևայի՝ «բարեկամական այս փոխանակումները նշանավորում են նկատելի տեղաշարժ երկու ժողովուրդների միջև սովորաբար սառը հարաբերություններում»: Այդուհանդերձ, Գեյբուլաևան գտնում է, որ «չնայած ջերմ փոխադարձ շփումների, երկու երկրների միջև կապերի վերականգնման շուրջ հույսերը մնում են մռայլ և անորոշ»: Գեյբուլաևան այստեղ կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների վրա Ադրբեջանի ունեցած ազդեցությունը և Թուրքիայում գալիք ընտրությունների արդյունքները:

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը ևս կարևորում է Թուրքիայում կայանալիք ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, որից առաջ, ըստ նրա, պետք չէ սպասել որևէ լուրջ զարգացում: Իր «Հայաստանի անապահով տարի» վերնագրով հոդվածում նա ընդգծում է. «... երբ դրանք ավարտվեն, ապա չի բացառվում լավ հեռանկար: Եթե ընդդիմությանը հաջողվի հաղթել Թուրքիայի ընտրություններում, մեծ հավանականություն կա, որ նրանք կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի որ դա բխում է երկրի պետական շահերից և ավելի քիչ հակված կլինեն թույլ տալ Ադրբեջանին կիրառել վետո այս հարցում»:

Թոմաս դե Վաալի մոտեցումը, սակայն, մասամբ չի կիսում Փարիզի համալսարանի թուրք քաղաքագետ Ահմեդ Ինսելը: Euronews-ում հրապարակված «Կարո՞ղ է արդյոք ֆուտբոլը օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը» վերնագրով հոդվածը մեջբերում է Ինսելի կարծիքը, ըստ որի՝ Թուրքիայում ընդդիմության հաղթանակի դեպքում չպետք է ակնկալել արագ և էական փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում: Նա հիշեցնում է, որ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ կոալիցիան բաղկացած է ազգայնական ուժերից, այդ թվում՝ «Լավ կուսակցությունից», որոնք «ծագում են ծայրահեղ աջ ազգայնական «Գորշ գայլեր» կուսակցությունից և շատ դժկամությամբ հանդես կգան Ադրբեջանի կամքին հակառակ»:

Քաղաքագետը չի բացառում, սակայն, որ ընտրություններում հաղթանակ տոնելուց հետո նոր իշխանությունները որդեգրեն Էրդողանի դիվանագիտության հետ համեմատած «հարևան երկրների նկատմամբ ավելի քիչ ագրեսիվ և սպառնալից» քաղաքականություն: Ընդդիմության հաղթանակի դեպքում «կարելի է ակնկալել, որ մի փոքր հանգիստ, մի փոքր ավելի խաղաղ հարաբերություններ կլինեն: Դրանք, հնարավոր է, հող նախապատրաստեն զուսպ դիվանագիտության համար, որը կկարողանա հանգեցնել հարմար պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանը», հայտնում է թուրք քաղաքագետը:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին Euronews-ի նույն հրապարակումը մեջբերել է նաև ֆրանսիահայ լրագրող Տիգրանե Եղավյանի կարծիքը, ով գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ներքին քաղաքականության մեջ «մեծապես հենվում է ծայրահեղ ազգայնական ընտրազանգվածի վրա», որի համար կարևոր են Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը չափազանց բարձր է կլինի Թուրքիայի նախագահի համար», շեշտում է Տիգրան Եղավյանը։

Այսպիսով, վերլուծաբանների կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագան մնում է «անորոշ», իսկ մարտի 25-ի ֆուտբոլային հանդիպումը երկու երկրների հավաքականների միջև կանցնի առանց թուրք երկրպագուների. եվրոպական ֆուտբոլային կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել է արգելել թուրք երկրպագուներին ներկա գտնվել երևանյան հանդիպմանը: Ակնկալվում է, որ նմանատիպ որոշում կկայցվի սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք պատասխան խաղում:

XS
SM
MD
LG