Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն այցելել է Թուրքիա


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է Թուրքիա, ուր հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուն: Երկու արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով

Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը չորեքշաբթի օրը Անկարա կատարած համերաշխության այցի համար՝ Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 40,000 մարդ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հայկական որոնողափրկարարական խումբը, որը բաղկացած է 28 փրկարարներից, Ադիյամանում փրկել է մի աղջնակի և մի երիտասարդ կնոջ։

«Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց մեր ժողովրդին այս դժվարին պահին»,- հայտարարել է նա:

Երևանը նաև 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ցամաքային սահմանային անցակետով, որը փակ է 1990-ականների սկզբից։

Չավուշօղլուն հավելել է, որ «մենք պետք է շարունակենք այս համերաշխությունը», իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։

«Եթե այս երեք երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը, անկեղծ քայլեր ձեռնարկեն, մենք կարող ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և հանգստություն հաստատել»,- նշել է նա:

Երկու նախարարները նաև պայմանավորվել են վերակառուցել պատմական «մետաքսի ճանապարհի» կամուրջը և արագացնել քայլերը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի, կամուրջների և ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամլո ասուլիսին իր հերթին նշել է, որ նմանատիպ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են պետությունների սահմաններից՝ դառնալով համընդհանուր ողբերգություն, և աշխարհը պետք է միասին աշխատի որպես միասնական ճակատ՝ դրանք հաղթահարելու համար։ Հենց այս սկզբունքով էլ ՀՀ կառավարությունը որոշել է ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո փրկարարներ ու մարդասիրական օգնություն ուղարկել Թուրքիա, ասել է ՀՀ արտգործնախարարը։

«Խորհրդանշական եմ համարում, որ շաբաթ օրը հայ-թուրքական սահմանը, որը փակ է արդեն 30 տարի, բացվեց մարդասիրական օգնությունով բեռնված հայկական բեռնատարների համար, որոնք ուղեւորվում էին Ադիյաման։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, իսկ ժամեր անց մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման»,- հայտարարեց նա:

Բացի այդ, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

«Այս ծանր պահին գտնվելով Թուրքիայում՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն ու հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, մասնավորապես, Թուրքիայի հետ լիովին հարաբերությունների կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացմանը »,- ասաց նա։

Վերջին անգամ երկու նախարարները հանդիպել են անցյալ տարի Անթալիայում, որտեղ որոշել են աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Թուրքիան և Հայաստանը 2021 թվականին պայմանավորվել են առանց նախապայմանների բանակցություններ սկսել՝ հարաբերությունները կարգավորելու և սահմանը վերաբացելու համար:

Բացի այդ, ՀՀ արտգործնախարարության տեղեկությամբ, Թուրքիայում այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, ուր հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Հայաստանի փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել Հայաստանից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:

Հոդվածը պատրաստված է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG