Մատչելի հղումներ

Դանիան և Նիդեռլանդները Ուկրաինային Leopard տանկեր չեն փոխանցի


Նիդեռլանդներն ու Դանիան իրենց պաշարներից Ուկրաինային Leopard-2 տանկեր չեն մատակարարի։ Երկրների կառավարությունները վերանայել են Կիևին ժամանակակից մարտական մեքենաներ փոխանցելու իրենց որոշումը։ Այս մասին հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով Նիդեռլանդների և Դանիայի կառավարություններին ուղղված հարցումներին։

Նիդեռլանդները պատրաստվում էր Ուկրաինային փոխանցել 18 Leopard-2 տեսակի տանկ, որոնք վարձակալվել են Գերմանիայից և գտնվում են գերմանա-հոլանդական գումարտակում։ Այժմ, ի պատասխան թերթի խնդրանքի, երկրի իշխանությունների ներկայացուցիչները պատասխանել են, որ չեն կարող այդ տանկերը տրամադրել Ուկրաինային։ Դանիայի կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ երկիրը չի մատակարարի Leopard 2-ն իր պաշարներից:

Die Welt-ը հայտնում է, որ երկու երկրներն էլ որպես փոխհատուցում ստանձնելու են 100 Leopard-1 տանկի վերանորոգման ծախսերը, որոնք Գերմանիան մտադիր է փոխանցել Ուկրաինային։

Ըստ թերթի՝ Շվեդիան և Ֆինլանդիան նույնպես հրաժարվում են Leopard-2 տանկերը տեղափոխել Կիև։ Երկու երկրներն էլ սպասում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն և մտադիր են սարքավորումներ ուղարկել դաշինքի անդամ դառնալուց հետո։

Հունվարին ԱՄՆ-ը հայտարարեց 31 Abrams տանկ մատակարարելու պատրաստակամության մասին, իսկ Գերմանիան հայտարարեց, որ կփոխանցի իր 14 Leopard տանկերը, ինչպես նաև թույլտվություն կտա այլ երկրներին Leopard մատակարարել Ուկրաինային։ Լեհաստանը, Նիդեռլանդները և Իսպանիան ավելի վաղ հայտարարել էին Leopard տանկերի մի մասը իրենց պաշարներից ուկրաինական բանակին փոխանցելու պատրաստակամության մասին, սակայն նրանք չէին կարող դա անել առանց այդ տեխնիկան արտադրող երկրի՝ Գերմանիայի թույլտվության։ Այսպիսով, Կիևը կարող է ստանալ առնվազն 112 միավոր գերմանական տանկ։ Սպասվում է, որ նրանք կարող են հայտնվել Ուկրաինայում երկու-երեք ամսվա ընթացքում։ Կիևը և Բեռլինը հայտարարեցին, որ տանկերը չեն կիրառվի Ռուսաստանի տարածքում՝ համաշխարհային հանրության կողմից պաշտոնապես ճանաչված սահմաններում։ Դրանք կօգտագործվեն միայն Ուկրաինայի տարածքն ազատագրելու համար։

Հոդվածը պատրաստվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG