Մատչելի հղումներ

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. USAID ղեկավար Սամանտա Փաուեր


ԱՄՆ և միջազգային հանրության մեծ մասը դատապարտում է Լաչինի միջանցքի փակումը և կոչ անում Բաքվին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով

Միջազգային հանրությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը: Հիշեցնենք, որ այս պահին միջանցքը շարունակում է մնալ փակված, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, նշել է Փրայսը՝ շեշտելով՝առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Ավելի ուշ պետքարտուղարության խոսնակը անդրադարձել է նաև գազի մատակարարման խափանումների մասին հաղորդումներին՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։

«Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել մարդասիրական ճգնաժամի, հատկապես ձմեռային ամիսներին: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է Փրայսը։

Այս կապակցությամբ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը:

‘’Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ արգելել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը»,- ասված է հայտարարության տեքստում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը իր հերթին թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ։ «Այդ միջանցքը չափազանց կարևոր է սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարման համար, որոնց հոսքը պետք է անխափան լինի»,–ասված է գրառման մեջ։

ԱՄՆ-ը կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ովքեր են սատարում այս մոտեցումը
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00

Իր հերթին, Բրյուսելում ընդգծել են, որ «լուրջ մտահոգությամբ» հետևում են զարգացումներին։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այդ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»,- նշված է հայտարարության տեքստում։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը իր հերթին կոչ է արել Բաքվին առանց որևէ նախապայմանի վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Ընդգծելով եռակողմ հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտությունը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը շեշտել է, որ Ադրբեջանը «պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի և բեռների երկկողմանի երթևեկությունը Լաչինի միջանցքով»։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ, ուր նշել է, որ «մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումներին։ Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում շարունակվող միջնորդական ջանքերին»:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նշել, որ Մոսկվան ակնկալում է, որ ճանապարհը շուտով կվերաբացվի: Ըստ Զախարովայի՝ իրավիճակի մեջ ռուս խաղաղապահներին մեղադրելն «անընդունելի է և հակաարդյունավետ»։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կվերականգնվեն տրանսպորտային կապերը», - լրագրողներին ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության և վերահսկողության ներքո:

Այդ ընթացքում Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների հարցում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ադրբեջանական հողերի բնական պաշարների յուրացումը չի համապատասխանում միջազգային իրավունքին, և դա Ադրբեջանի բնական հարստության գողություն է։ Նա քննադատել է, իր խոսքով, ադրբեջանցի մասնագետների մուտքը թույլ չտալը ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում շահագործվող բնական հանքավայրեր՝ ընդգծելով. «Այստեղ հիմնական խնդիրը ռուսներին է, քանի որ նրանք են պատասխանատու Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար։ Նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությանը արձագանքել են նաև տարբեր իրավապաշտպան կառույցներ: Դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել նախօրեին Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Երևանը եվրոպական դատարան էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքի շրջափակման վերացումը պարտադրելու պահանջով: Ըստ հայկական կողմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, Հայաստանի ներկայացրած պահանջին արձագանքելու համար, որից հետո կկայացվի վերջնական որոշումը:

Միևնույն ժամանակ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դեկտեմբերի14-ի իր թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը (Հիշեցնենք, որ գազի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին): Գրառման մեջ ասված է. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է»

Այն նաև հավելել է՝ «Ի վերջո, հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար՝ ներառյալ ազատ տեղաշարժի իրավունքը»,- նշված է կառույցի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG