Մատչելի հղումներ

Կոչ ենք անում Ադրբեջանին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը. ԱՄՆ պետքարտուղարություն


Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման միջոցով:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը», գրել է Փրայսը՝ շեշտելով՝ առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ հանդիպմանը ևս անդրադարձավ խնդրին՝ հիշատակելով էներգետիկ ենթակառուցվածքների խափանումների մասին հաղորդումները՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։

«Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել մարդասիրական ճգնաժամի, հատկապես ձմեռային ամիսներին: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը», - ընդգծել է Փրայսը։

Իր հերթին, Բրյուսելում ընդգծել են, որ «լուրջ մտահոգությամբ» հետևում են այստեղ արդեն որոշ ժամանակ տեղի ունեցող զարգացումներին։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այդ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին», նշված է հայտարարության տեքստում։

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս կապակցությամբ իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը: Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնոդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին: Սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար»: Դե Վաալի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն հայկական կողմը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք նա ցանկանում է տեսնել: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին, զգուշացնում է դե Վաալը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար. Թոմաս դե Վաալ
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ձախողման արդյունք է:

«Ավելի լայն տեսանկյունից դա երկկողմ շարունակական շփումների ձախողման արդյունք է, որոնք հուսով էինք, որ այս աշնան սկզբին որոշակի արդյունքներ կսկսեին տալ»,- պնդում է նա:

Կազլյարիչի կարծիքով՝ Ռուսաստանը, որն այսօր ներխուժել է Ուկրաինա, ի վիճակի չէ չեզոք խաղաղապահ գործունեություն ծավալել: Արդյունավետ խաղաղապահ գործունեության համար, ըստ նախկին դեսպանի, բավարար չէ նաև այստեղ առկա զորամիավորման թվաքանակը:

«Ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր միայն ռուսական խաղաղապահների ուժերի միջոցով անել այն ամենը, ինչը կբավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշում է Կազլյարիչը:

Նախկին դեսպանի պնդմամբ՝ այսօր Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալի չափով թուլացած են, իսկ վարկանիշը՝ ցածր՝ կապված այն ամենի հետ, ինչը Մոսկվան անում է Ուկրաինայում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության պահպանումը, որը Մոսկվան կարող է վերահսկել, Ռուսաստանի միակ շահն է: Կարծում եմ՝ ռուսական կողմը հետաքրքված չէ կայունությամբ՝ խաղաղություն հաստատելու իմաստով։ Նրանց շահն է զերծ պահել կողմերին առճակատման վերսկսումից, որքան հնարավոր է»,- ընդգծում է Կազլյարիչը:

Հայաստանցի վերլուծաբան Հովսեփ Խուրշադյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն ու ռուս խաղաղապահները գործում են համաձայնեցված.

«Նրանք գործում են փոխհամաձայնեցված Ադրբեջանի հետ, քանի որ նրանց երկուսի նպատակն է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանը վերածել ռուսական մեկ բազայի, որը կբերի Հայաստանի պետականության կործանմանն ու Հայաստանը զոհասեղանին դնելուն, այդ թվում Ռուսաստանի մղվող տարբեր պատերազմներում»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ Երևանը օր առաջ պետք է պահանջի միջազգային խաղաղապահների տեղաբաշխում Լեռնային Ղարաբաղում:

«Քանի դեռ այնտեղ չկան հստակ մանդատով ձևակերպված խաղաղապահ ուժեր, որևէ երկարատև կայունության և անվտանգության մասին Արցախի բնակչության համար խոսելն ավելորդ է»,- շեշտում է Խուրշուդյանը:

Այս առումով վերլուծաբան Թոմաս դե Վաալն էլ գտնում է, որ խնդիրը նրանում է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի իրականացման հիմնական բեռը շարունակում է մնալ Մոսկվայի ուսերին այն դեպքում, երբ այն չի կարողանում հաջողությամբ իրականացնել այն, ուկրաինական պատերազմի պատճառով: «Ռուսաստանի նկատմամբ վստահությունը մեծ չէ Հայաստանում կամ Ադրբեջանում, և զրոյական է միջազգային հանրության շրջանում», գրում է դե Վաալը թվիթերյան իր գրառման մեջ՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները չունեն որևէ համաձայնեցված մանդատ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Դրա հետ մեկտեղ, ըստ վերլուծաբանի, ԼՂ հայության համար ռուս խաղաղապահները դիտարկվում են «որպես իրենց գլխավոր պաշտպան», որն է՛լ ավելի է մեծացնում նրանց նկատմամբ անվստահությունը Բաքվի կողմից, նկատում է դե Վաալը:

XS
SM
MD
LG