Մատչելի հղումներ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում


Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով: Իր խոսքի մեջ նա մասնավորապես ասել է.

«Հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ տևական խաղաղ լուծման հասնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով: Ուզում եմ շատ հստակ լինել այսօր: Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը», - նշեց Ռիչարդ Միլսը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Անվտանգության խորհուրդի մշտական և ոչ մշտական անդամները, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG