Մատչելի հղումներ

Ստորագրվել է գործարք`ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա դուրս բերելու համար


ՆՅՈՒ ՅՈՐՔ - Ուրբաթ օրը Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր, որը կօգնի ուկրաինական հացահատիկը հասցնել համաշխարհային շուկա՝ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար պարենային ճգնաժամը մեղմելու համար:

«Դուք մի կողմ դրեցիք տարաձայնությունները՝ ճանապարհ հարթելու նախաձեռնության համար, որը կծառայի ընդհանուր շահերին», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին: Նա նաև նշել է, որ համաձայնագրի ստորագրման համար նրանք հաղթահարել են բազում խոչընդոտներ:

«Մարդկության բարօրության խթանումը այս բանակցությունների շարժիչ ուժն է», - հավելել է նա: «Այս համաձայնագիրը ամբողջ աշխարհի համար է»։

Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Օլեքսանդր Կուբրակովի, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Ուկրաինան հացահատիկի առաջատար արտահանողն է, սակայն երկրի արտադրած հացահատիկի մոտ 20 միլիոն տոննան ամիսներ շարունակ արգելափակված է եղել Ռուսաստանի կողմից:

«Կարծում եմ, այս համատեղ քայլը, որը մենք այսօր անում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին, կվերածնի խաղաղության հույսերը», - ասել է Էրդողանը։ Նա նաև հավելել է, թե հույս ունի է, որ սևծովյան նախաձեռնության շուրջ ստեղծված «բարեկամական և խաղաղ մթնոլորտը» կարող է հանգեցնել պատերազմի մոտալուտ ավարտին:

Նախնական համաձայնագիրը նախատեսված է 120 օրվա համար, սակայն ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ համաձայնագրի պայմաններին անհրաժեշտ է հետևել մինչև պատերազմի ավարտը:

Միավորված ազգերի կազմակերպությունը ամիսներ շարունակ աշխատում է ուկրաինացի և ռուս պաշտոնյաների հետ ռուսական շրջափակումը Ուկրաինայի հարավային սևծովյան նավահանգիստների վրա վերացնելու և ռուսական պարենի և պարարտանյութի մուտքը համաշխարհային շուկաներ հեշտացնելու ուղղությամբ: Կազմակերպությունը նշել է, որ մինչ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, 276 միլիոն մարդ պարենային խիստ անապահովության մեջ էր: Այժմ պաշտոնյաները կանխատեսում են, որ այդ թիվը հասել է 345 միլիոնի: Ակնկալվում է, որ գործարքը օգտակար կլինի միլիոնավոր մարդկանց համար, ովքեր պատերազմի արդյունքում ստիպված էին պայքարել պարենային ապրանքների գների աճի դեմ:

Ինչպես է աշխատելու ծրագիրը

Քանի որ Ուկրաինան ականապատել է իր տարածքային ջրերը, ըստ համաձայնագրի, այն օգնելու է ուղղորդել հացահատիկը տեղափոխող բեռնատար նավերը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի, սա առավել արագ լուծում է, քանի որ ջրերի ականազերծման համար կարող են պահանջվել բազում ամիսներ:

Թուրքիան կարևոր դեր է խաղալու հացահատիկի տեղափոխման գործողությունների մեջ, քանի որ նավերը Սև ծովից դուրս են գալու Բոսֆորի միջով։

Երկու կողմերն էլ խոստացել են չհարձակվել այն նավերի վրա, որոնք նավարկում են համաձայնագրի համաձայն անվտանգ միջանցքներով: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի, հնարավոր միջադեպերը կլուծվեն Համատեղ համակարգման կենտրոնի միջամտությամբ:

Համաձայնագիրը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ այն օգնում է հաղթահարել երկրի պարարտանյութի և պարենային ապրանքների վաճառքի խոչընդոտները։ Թեև Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները չեն ներառում այդ արտահանումները, միևնույն է կա անվստահություն ռուսների հետ աշխատելու հետ կամված հնարավոր պատժամիջոցների վախի արդյունքում:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը պնդում է, որ Մոսկվան միտումնավոր հետ է պահում իր արտահանումները՝ որպես արևմտյան պատժամիջոցների մասին ապատեղեկատվական արշավի մի մաս։

«Չկան պատժամիջոցներ նրանց գյուղատնտեսական արտադրանքի կամ պարարտանյութի նկատմամբ», - այս շաբաթ Կոնգրեսին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Ցանկության դեպքում նրանք ազատ են տեղափոխել իրենց գյուղմթերքը և ցորենը: Սակայն նրանք նախընտրում են նետել այդ մեղադրանքները, կարծելով, որ դա իրենց ավելի մեծ աջակցություն կբերի աշխարհի կողմից: Այս հարցում նրանք իհարկե ձախողվել են»:

Հոդվածը պատրաստվել է Մարգարեթ Բեշիրի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG