Մատչելի հղումներ

Կրեմլը ձգտում է բռնակցել ուկրաինական հողերը


Փորձագետներն անդրադառնում են նման քայլի հետեւանքներին

Կրեմլը շարունակում է բռնակցել բռնազավթված ուկրաինական հողերը՝ չնայած հակամարտության երկու կողմերի կրած հսկայական կորուստների և ճակատներում տիրող անկայուն իրավիճակին։ Այս եզրակացությանն են հանգում «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հետ զրուցած փորձագետները։

ԱՄՆ-ի գնահատականներով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում կորցրել են մոտ 15000 մարդ, մոտ երեք անգամ ավելի շատ վիրավորներ։ Այս մասին երեկ հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Նա խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերի կորուստները նույնպես զգալի են։

Այնուամենայնիվ, զոհերի թիվը, կարծես թե չի ազդում գրավյալ տարածքներում ռուսական իրավասության ընդլայնման Կրեմլի ծրագրերի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, Ռուսաստանը պատրաստվում է անեքսիայի ենթարկել Ուկրաինայի տարածքի զգալի մասը՝ համաձայն «Ղրիմի սցենարի»՝ շարունակելով դրա համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը։

Վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները՝ Քիրբին ասում է, որ ՌԴ իշխանությունները ցանկանում են Խերսոնի և Զապորոժիեի շրջանները, ինչպես նաև ողջ Դոնբասը հայտարարել Ռուսաստանի մաս։

Սպիտակ տան խոսնակը զգուշացրել է, որ նման գործողությունները կոպտորեն կխախտեն ՄԱԿ-ի կանոնադրությունը և անպատիժ չեն մնա՝ նկատի ունենալով Կրեմլի դեմ նոր կոշտ պատժամիջոցները։

Բացի այդ, Քիրբին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի, որ Ուկրաինային կփոխանցի զենքի ևս մեկ փաթեթ, այդ թվում՝ HIMARS շարժական հրթիռային կայաններ և իրենց անհրաժեշտ մարտագլխիկներ։

Որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է ուկրաինական տարածքի բռնակցմանը, համոզված է քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին։ Նրա կարծիքով, Սպիտակ տան կոչն այս հարցում սենսացիա չէ։

«Պարզապես Վաշինգտոնը նման հայտարարություններ է անում, ըստ երևույթին, ապացույցների կրիտիկական զանգված կուտակելու համար», - պարզաբանել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ -Ես առնվազն մեկ ամիս առաջ ասացի, որ Կրեմլում (գրավյալ տարածքների) բռնակցման մասին որոշումը կայացված է, և այս գործողությունը պետք է ավարտվի մոտավրապես աշնան սկզբին։ Այսպես կոչված անջատողականները, իսկ ավելի ճիշտ՝ ռուսաստանցիների խամաճիկները խոսում են սեպտեմբերի 11-ին կեղծ հանրաքվեներ անցկացնելու մասին։ Բայց կարծում եմ, որ այլ ժամկետներ կարելի է դիտարկել։ Ակնհայտ է, որ Կրեմլն այժմ ձգտում է «սառեցնել» ռազմական գործողությունները՝ այս կեղծ քվեարկությունն իրականացնելու համար»։

Միևնույն ժամանակ, Իվան Պրեոբրաժենսկին կարծում է, որ դա, մեծ հաշվով, չի ազդի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների ճակատագրի վրա, քանի որ այս թեման այսօր արդեն բացարձակ անհեռանկարային է։ Նրա կարծիքով, միակ բացառությունը համաշխարհային շուկաներ հացահատիկի մատակարարման համար ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակումն է։

«Հակառակ դեպքում, երկու կողմերի հռետորաբանությունն այնքան կոշտ է, որ ստեղծված իրավիճակում բանակցությունները հնարավոր չեն թվում»,- հավելել է նա։ -Այստեղ սառույցը կշարժվի մեկ պայմանով. երբ Ռուսաստանը և Ուկրաինան տեսնեն բանակցությունների սեղանի շուրջ նստելու հիմքեր, այսինքն՝ կողմերից մեկի ռազմական պարտության դեպքում։ Իսկ թե ինչպիսի կեղծ իրավական որոշումներ կընդունի Մոսկվան օկուպացված հողերի վերաբերյալ, ինձ թվում է, որ դա կարևոր չէ Ուկրաինայի համար, քանի որ Կիևը վաղուց հայտարարել է ուկրաինական միջազգայնորեն ճանաչված բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմն ազատագրելու իր հաստատակամ մտադրության մասին։

Այսպիսով, Ռուսաստանի որևէ հայտարարություն Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բռնակցման մասին միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական որևէ ուժ չունի, կարծում է վերլուծաբանը։ Նոր անեքսիան միայն լրացուցիչ դժվարությունների կստեղծի հենց Մոսկվայի համար, գտնում է նա։

«Կրեմլը չի պատրաստվում նահանջել, անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը մարտի դաշտում»,- վստահ է դիտորդը։ -Իսկ թե ինչ կլինի հետո, պարզ է. Ռուսաստանի կողմից օկուպացված հողերի բռնակցման հայտարարությանն անմիջապես կհաջորդի միջուկային ռումբ կիրառելու ռուսական սպառնալիքը, ըստ որի՝ Խերսոնի և Զապորոժյեի ուղղությամբ որևէ գործողություն կհանդիպի միջուկային սպառնալիքին:

Սա միակ փաստարկն է, որը մնացել է Կրեմլի մոտ, ամփոփեց Իվան Պրեոբրաժենսկին։

Ինչպես նախազգուշացրել էր Ջոն Քիրբին, Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր Կրեմլի կողմից կնշանակվեն օկուպացված տարածքները ղեկավարելու համար։ Անվտանգության խորհրդի խոսնակը նաև առաջարկել է, որ այդ պաշտոնյաները կփորձեն «ֆիկտիվ հանրաքվեներ» անցկացնել՝ Ուկրաինայի տարածքների նկատմամբ ռուսական վերահսկողությունը օրինականացնելու համար։

Քաղաքագետ Անդրեյ Օկարան այս կապակցությամբ նշել է, որ օկուպացված հողերում բնակչության լոյալության մակարդակը «նոր կառավարության» նկատմամբ չափազանց ցածր է։ Միաժամանակ, նրա կարծիքով, ժողովրդի տրամադրվածությունն այս պարագայում, ցավոք, այնքան էլ կարևոր չէ։

«Այս գործոնը կլինի վերջին տեղում՝ որոշելու, թե որ երկրի դրոշները պետք է ծածանվեն Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանի կողմից գրավված քաղաքների վարչական շենքերի վրա»,- ընդգծել է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ «Սակայն այնտեղ իրավիճակը բարդ է։ Հայտնի են ինչպես համագործակցության անհատական, այնպես էլ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների սպանության կամ ահաբեկման դեպքեր»։

Բացի այդ, Անդրեյ Օկարան նշել է, որ վերջերս կրեմլամետ տելեգրամյան որոշ ալիքներ ակտիվորեն տարածում են սոցիոլոգիական հարցման մասին լուրեր, որոնք, իբր, բացահայտում են «օկուպացված բնակչության» շրջանում Ռուսաստանի նկատմամբ աճող աջակցությունը։

«Իրականում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, նման բան այժմ հնարավոր չէ որոշել: Սա անհաջող փորձ է։ Եվ դա պայմանավորված էր Մոսկվայի ցանկությամբ՝ ինչ-որ կերպ լեգիտիմացնելու սայթաքուն և կասկածելի որոշումները, որոնք կարող են արձանագրվել մոտ ապագայում»,- եզրափակեց քաղաքագետը։

Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG