Մատչելի հղումներ

Ուկրաինան պահանջում է նորանոր զենքեր, Ռուսաստանը փորձում է զարկ տալ իր զենքերի արտադրությանը


Ուկրաինան ՆԱՏՕ-ից պահանջում է նոր ծանր զինատեսակներ՝ Ռուսաստանի կողմից սկսված ներխուժումը տապալելու համար։ Այսպիսով, ի՞նչ է պահանջում Ուկրաինան, ինչ են Կիեւին խոստանում եւ ինչ է ուզում անել Մոսկվան:

Ուկրաինացի ավելի քան 450 զինվորականներ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում ավարտել են նոր զինատեսակներ կիրառելու մարզումները: Նոր զինատեսակների մեջ են մտնում բազմակի արձակման հրթիռային համակարգեր, որոնք վճռորոշ դեր ունեն ռուսական հրետանու դեմ պայքարում:

Ինչպես բրիտանական բանակի կապիտան Ջեյմս Օլիֆանթն է ասում, բրիտանական այս համակարգերը թրթուռավոր են ի տարբերություն ուկրաինականի, որոնք տեղից տեղ են շարժվում անիվներով: ‘’Թրթուռավորները մեծապես են օգնում համակարգի շարժունակությանը’’, ասում է նա:

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն Ուկրաինային նման մի քանի համակարգեր են մատակարարել այլ ծանր զինատեսակների հետ միասին, որոնց շարքում են հաուբիցները, զրահամեքենաները, անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության և հրթիռային համակարգերը:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին հորդորում է ուղարկել ավելի առաջադեմ զենքեր ու դա անել շատ արագ։

‘’Դրանք մեզ տրամադրելով՝ դուք կփրկեք մեր քաղաքները ոչնչացումից և ուկրաինացի խաղաղ բնակիչներին` զոհվելուց’’, ասել է նա:

Սակայն ՆԱՏՕ-ն, որպես առանձին կառույց, ծանր սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Եվրոպայի գծով օգնականի նախկին տեղակալ, Ջիմ Թաունսենդի խոսքերով, սակայն, դա անում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները: ‘’Եվ ՆԱՏՕ-ն խրախուսում է դա անել իր անդամ երկրներին’’, ասում է նա:

Մադրիդի գագաթաժողովում ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների նոր խոստումներ տվեցին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կառաքվի Ուկրաինա:

«Նոր առաջադեմ արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգեր, հավելյալ հրետանի և զինամթերք, հակահրետային ռադարներ, բարձր շարժունակության HIMARS մակնիշի բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար հավելյալ զինամթերք’’, ասել է Բայդենը:

Մեծ Բրիտանիան հինգշաբթի օրը խոստացավ լրացուցիչ 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն՝ իր ընդհանուր ներդրումը հասցնելով 2,8 միլիարդ դոլարի:

Ֆրանսիան հայտարարել է, որ ծրագրում է ուղարկել վեց լրացուցիչ ինքնագնաց «Սիզըր» մակնիշի հեռահար հրետանային համակարգեր, դրանց թիվը հասցնելով 18-ի: Ըստ հաղորդագրությունների, Ուկրաինան դրանք տեղակայել է Սև ծովի Զմեինի կղզու մոտ գտնվող ափին: Հիշեցնենք, որ այս կղզուց ռուսական ուժերը հեռացան հինգշաբթի օրը:

Գերմանիան պարտավորվել է հուլիսին մատակարարել 15 հակաօդային հրասայլեր: Իսպանիան քննարկում է գերմանական արտադրության Leopard մակնիշի մոտ 40 հրասայլ առաքելու հնարավորությունը, եթե Բեռլինը դա հաստատի:

Սակայն այսօր, երբ պատերազմը թեւակոխում է իր հինգերորդ ամիսը, Արևմուտքը դեռևս չի մատակարարել ծանր սպառազինություն այն քանակով, որն Ուկրաինան է խնդրում որպես շատ կարեւոր պահանջ:

ՆԱՏՕ-ի քաղաքականության պլանավորման նախկին ղեկավար Ֆաբրիս Փոթիերի խոսքերով, ‘’Կա քաղաքական հաշվարկ այն մասին, որ մենք պետք է մի քիչ ավելի շատ մատակարարենք, բայց ոչ այնքան, որ իրադրությունը դուրս գա վերահսկողությունից: Սակայն ես ինքս կարծում եմ, որ դա խորապես սխալ մոտեցում է, քանի որ սկզբունքորեն դա նշանակում է, որ մենք խնդրում ենք Զելենսկիին կռվել մի ձեռքը մեջքի հետեւում պահած’’, ասում է նա:

Ուկրաինան հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է զենքի մատակարարումների ծավալի տասնապատիկ ավելացում, որպեսզի հնարավոր լինի հակազդել Ռուսաստանի հրետանու զինանոցին:

Իսկ վերջին հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանը թեթևացնում է աշխատանքային կանոնները՝ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում զենքի իր արտադրությանը զարկ տալու նպատակով: Պաշտպանական ընկերությունները կստանան զենքերը վերանորոգելու և նոր զենքեր արտադրելու հնարավորություն ըստ հեշտացված օրենքների: Նոր օրենքը կառավարությանը կտա «հատուկ միջոցներ» կիրառելու, այդ թվում գիշերային հերթափոխի և արտաժամյա աշխատանքի անցնելու հնարավորություն: Այնպես որ, Մոսկվան արդյունաբերությունը փորձում է դնել, իր ավանդական խոսքերով ասած, ռազմական ռելսերի վրա:

Փորձագետներն ասում են, որ Արեւմուտքն այժմ ունի ավելի լավ մտածելու պարտավորություն:

XS
SM
MD
LG