Մատչելի հղումներ

Բայդենն այցով գտնվում է Իսրայելում


Նախագահի մերձավորարևելյան շրջագայության նպատակներն են ամրապնդել տարածաշրջանային կայունությունը, ինչպես նաև հակազդել իրանական ազդեցությանն ու Ռուսաստանի և Չինաստանի ագրեսիային

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, որտեղից սկսում է իր շրջագայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Ժամանելուն պես իր կարճ ելույթում Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի խորը համագործակցությունը և հայտարարել, որ «սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել»:

Ուղևորության ընթացքում Բայդենը կձգտի համոզել Պարսից ծոցի ԱՄՆ-ի դաշնակիցներին ավելացնել նավթի արդյունահանումը և օգնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մերձեցմանը:

Բայդենը երկու օր կանցկացնի Երուսաղեմում՝ բանակցություններ վարելով Իսրայելի առաջնորդների հետ, նախքան ուրբաթ օրը նախատեսված Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպումը։

Բայդենի բանակցություններն Աբասի հետ կլինեն առաջին բանակցություններն ԱՄՆ նախագահի և Պաղեստինի առաջնորդի միջև՝ Օբամայի վարչակազմից ի վեր: Պաղեստինցիները բոյկոտել են Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագիրը, որը նրանք համարում էին կողմնակալ:

Այցի նպատակներին անդրադարձավ նաև Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում, ուր նա մասնավորապես նշել է.

«Շատ խնդիրներ պետք է քննարկվեն այս այցի ընթացքում, և օրակարգը բավականին հագեցած է. Իսրայել այցելելուց միմնչև մեր պաշտպանական գործընկերության խորացում ու Իսրայելի պաշտպանությանը մեր միանշանակ հանձնառության վերահաստատում, (պաղեստինցի) նախագահ (Մահմուդ) Աբասի հետ հանդիպումից մինչև մեր հանձնառություն Իսրայելի և Պաղեստինի միջև «երկու պետություններ» մոտեցման հիմքի վրա հակամարտության կարգավորման մասին: Այնուհետև, իհարկե, այց Սաուդյան Արաբիա, որտեղ մենք երկկողմ քննարկումներ կունենանք թագավոր Սալմանի և նրա ղեկավար թիմի հետ։ Դարձյալ այն մեր ռազմավարական գործընկերն է արդեն 80 տարի։ Սաուդյան օդաչուները շարունակում են թռիչքներ իրականացնել ամերիկացի օդաչուների հետ, օրինակ, 2014 թվականին, երբ նրանք թիրախավորում էին ԴԱԻՇ-ը: Սաուդյան նավաստիները ևս շարունակում են այսօր նավարկել ամերիկացի նավաստիների հետ Պարսից ծոցում՝ փորձելով նվազագույնի հասցնել իրանցիների ապակայունացնող գործունեությունն այնտեղ՝ իրենց ծովային տարածքում: Նրանք ռազմավարական գործընկեր են։ Շատ հարցերի շուրջ անհրաժեշտ է խոսել լինի դա հակաահաբեկչական գործողություն, Իրանի սպառնալիք կամ Եմենի պատերազմ»,- ասում է Քիրբին:

Իր հերթին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափում նախագահը վերահաստատելու է իր աջակցությունը Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտության կարգավորմանը «երկու պետություններ» սկզբունքի հիման վրա և կփորձի վերականգնել հարաբերությունները Պաղեստինի ինքնավարության հետ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրճատեց օգնությունը և փակեց Երուսաղեմում ամերիկյան հյուպատոսությունը:

Բայդենը «երկու պետություններ» մոտեցման հիման վրա կարգավորումն անվանել է «լավագույն հույս» երկու ժողովուրդների համար։

Ուրբաթ օրը նախագահը Իսրայելից ուղիղ չվերթով կմեկնի Սաուդյան Արաբիա: Սա իր առաջին այցն է Սաուդյան Արաբիա՝ երկրի պաշտոնյաների հետ բանակցելու և Պարսից ծոցի դաշնակից երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար:

ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ այս այցը Բայդենի առաջին այցն է Մերձավոր Արևելք նախագահի պաշտոնում: Դա կարող է հանգեցնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև բարդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր քայլերի:

«Մենք աստիճանաբար քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», - ասել է իսրայելցի պաշտոնյան՝ հավելելով, որ այն փաստը, որ Բայդենը Իսրայելից անմիջապես Սաուդյան Արաբիա կմեկնի, «արտացոլում է վերջին ամիսների ընթացքում զարգացումները»։

Սաուդյան Արաբիայում նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը կհանդիպի թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ՝ Էր Ռիադի հետ կապերը վերականգնելու համար:

Բայդենի այցն ուղղված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, տարածաշրջանում Իսրայելի ինտեգրման խորացմանը և իրանական ազդեցությանն ու Ռուսաստանի և Չինաստանի ագրեսիայի հակազդմանը։

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին շեշտում է.

«Նախագահը շարունակում է հավատացած լինել, որ դիվանագիտությունը հանդիսանում է լավագույն միջոոց՝ Իրանի միջուկային տերություն դառնալը կանխելու համար: Այսօր սեղանին է դրված համաձայնագիր, և գնդակը իրանցիների դաշտում է: Նրանք դեռևս չեն ապացուցել, որ ցանկանում են կյանքի կոչել այս համաձայնությունը և մի շարք պահանջներ են առաջ քաշում համաձայնությունից դուրս»,- ասում է նա:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG