ԵՄ մի շարք երկրներ պերսոնա նոն գրատա են հայտարարում իրենց երկրներում ռուսաստանցի դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին
Պորտուգալիայի կառավարությունը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Լիսաբոնում Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցներին։
Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսօրին Պորտուգալիայի կառավարությունը Ռուսաստանի դեսպանին ծանուցել է դիվանագիտական առաքելության տասը աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշման մասին, որոնց գործունեությունը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը։
Նրանց երկու շաբաթ ժամանակ կտրվի երկիրը լքելու համար։
«Պորտուգալիայի կառավարությունը վերահաստատում է իր վճռական դատապարտումը Ուկրաինայի տարածքում ռուսական ագրեսիայի նկատմամբ», - ասված է Պորտուգալիայի ԱԳՆ-ում:
Միևնույն ժամանակ Հունաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակիցների։
Այս մասին հաղորդվում է Հունաստանի արտգործնախարարության չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Հունաստանի կառավարությունը Հունաստանում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակիցներին պերսոնա նոն գրատա է հայտարարել»,- ասվում է փաստաթղթում։
Այն նաև նշում է, որ այդ աշխատակիցները «հայտարարվել են որպես անցանկալի անձինք՝ 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի և 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների հիման վրա»:
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, Հունաստանում Ռուսաստանի դեսպանին զեկուցվել է դիվանագետներին արտաքսելու որոշման մասին։
Բացի այդ, Եվրամիությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել 19 ռուս դիվանագետների՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործողություններին մասնակցելու համար»։ Նրանց հրահանգվել է լքել Բելգիան, որտեղ տեղակայված է ԵՄ կենտրոնակայանը։
Խոսքը Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության Բրյուսելում գտնվող անձնակազմի մասին է։ Նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կարգադրություն է տվել նրանց արտաքսման մասին։
Այս քայլին նախորդել էին ԵՄ մի շարք այլ անդամ երկրների՝ ներառյալ Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Բելգիայի և Իսպանիայի առանձին նմանատիպ որոշումները, որոնք մեղադրում էին ռուս դիվանագետներին լրտեսության մեջ։
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է Դաուգավպիլսում և Լիեպայայում Ռուսաստանի հյուպատոսությունների փակման մասին։ Այդ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցները երկրում անցանկալի անձինք են հայտարարվել։
Իր հերթին ապրիլի 5-ին Սլովենիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմը (խոսքը դեսպանատան աշխատակիցների մասին է) կրճատելու որոշման մասին։ Ռումինիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 10 ռուսաստանցի դիվանագետների։ Էստոնիան արտաքսել է Ռուսաստանի 14 հյուպատոսական աշխատակցի. Տալլինում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը նոտա է ստացել Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Տարտուում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի փակման մասին։
ԵՄ ղեկավարությունն ընդգծում է, որ ռուսական մշտական առաքելությունների կրճատումը նաև բողոքի ձև է փետրվարի 24-ին ռուսական ներխուժման, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական քաղաքներում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանության դեմ: Մոսկվան պնդում է, որ այս ամենը Կիևի «բեմադրությունն» է։
ՌԴ ԱԳՆ-ն ապրիլի 5-ին հայտարարել է, որ ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցների արտաքսումն անպատասխան չի մնա։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի, Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութերի հիման վրա