Մատչելի հղումներ

Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ հրթիռներ են պայթել


Հրթիռակոծության հետևանքով վնասված շենքեր Էրբիլում, 13 մարտի, 2022թ.

Իրանից արձակված բալիստիկ հրթիռները հարվածել են քրդական ինքնավարության մայրաքաղաքին

Կիրակի օրը Իրանից արձակված մոտ 12 չկառավարվող հրթիռներ խոցել են Հյուսիսային Իրաքի քրդական մայրաքաղաք Էրբիլը, հայտնում են քուրդ պաշտոնյաները։ Զոհեր չկան: Այս մասին հայտնում է Իրաքի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Քրդստանի հակաահաբեկչական ուժերին։ Քուրդ պաշտոնյաները չեն նշել, թե որտեղ են ընկել հրթիռները, սակայն տեղական պաշտոնյաների խոսքով, Էրբիլի օդանավակայանում թռիչքների խափանումներ չկան, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտոնյաները The Wall Street Journal-ին ասել են, որ մարտի 13-ի վաղ առավոտյան հրթիռներ են պայթել ԱՄՆ նոր հյուպատոսության կառուցվող շենքի մերձակայքում: Էրբիլի նահանգապետ Օմիդ Խոշնաուն, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը, ասել է, որ պարզ չէ, թե արդյոք նպատակը եղել է ԱՄՆ հյուպատոսությունը, թե օդանավակայանը, որտեղ տեղակայված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող արևմտյան կոալիցիայի ռազմակայանը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հրթիռային հարձակումն անվանել է «աղաղակող», սակայն ընդգծել է, որ ոչ մի ամերիկացի չի տուժել և ոչ մի վնաս չի հասցվել Էրբիլում գտնվող ԱՄՆ կառավարական կառույցներին:

«Kurdistan24» արբանյակային հեռուստաալիքը, որը գտնվում է ԱՄՆ հյուպատոսարանի մոտ, եթեր է դուրս եկել հարձակումից անմիջապես հետո՝ ցուցադրելով տաղավարի հատակին կոտրված ապակիները և հարձակման հարվածի հետևանքները։

Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում ստանձնել է Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական «ռազմավարական կենտրոնների» դեմ, և որ «Իսրայելի կողմից ցանկացած նոր հարձակումներին կհետևի կոշտ, վճռական և կործանարար պատասխան»։

Ինչպես նշվել է, ավելի վաղ Իսրայելը Սիրիայում ավիահարվածով սպանել էր ԻՀՊԿ-ի երկու սպաների։

Էրբիլի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան զորքերը նախկինում ենթարկվել են հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակման: ԱՄՆ պաշտոնյաները դրա մեջ մեղադրել են Իրանի հետ կապված գրոհայիններին և շիա աշխարհազորայիններին, սակայն պաշտոնական Իրանը հերքում է հարձակումներին իր մասնակցությունը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նման հարձակումներ չեն գրանցվել։ Հրթիռները վերջին անգամ արձակվել են 2020 թվականի հունվարին՝ որպես իրանական կողմի պատասխան ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում Քասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ ժամանակ ևս ամերիկացի զինվորների շրջանում զոհեր չեն գրանցվել, բայց ոմանք ստացել էին մարմնական վնասվածքներ։

2022 թվականի մարտի 7-ին իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամ, այս շաբաթ հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները: Նշել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է պատասխան հարված հասցնել։

Ներկայիս հրթիռային հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ավարտին հասցնել բանակցությունները Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ: Այն մոտ էր ավարտին, սակայն Ռուսաստանը նոր պահանջներ առաջ քաշեց՝ պահանջելով ազատել պատժամիջոցներից Իրանի հետ իր առևտրային հարաբերությւոնները, նշել են ամերիկացի պաշտոնյաները The Guardian-ի հետ զրույցում:

XS
SM
MD
LG