Մատչելի հղումներ

Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները


Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները 2015 թվականին Թեհրանի միջուկային համաձայնագրի պահպանման շուրջ այլ տերությունների մասնակցությամբ վերսկսվեցին երեքշաբթի օրը 10-օրյա ընդմիջումից հետո, սակայն բանակցող կողմերը շատ տեղեկություն չտրամադրեցին, թե արդյոք իրենք ավելի մոտ են համաձայնության, թե ոչ:

Պատվիրակները ասում են, որ բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել այն բանից հետո, երբ դրանք վերսկսվել են նոյեմբերին՝ հնգամսյա ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գալու հետ:

Անցյալ ամիս բանակցությունները ինտենսիվ բնույթ էին կրում, սակայն մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, իսկ արևմտյան տերություններն ասում են, որ ժամանակը սուղ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Բանակցող կողմերը 10 օր առաջ դադարեցրեցին երկխոսությունը՝վերադառնալով տուն՝ իրենց քաղաքական ղեկավարության հետ խորհրդակցելու համար՝ գործընթացը արագացնելու նպատակով:

Երեքշաբթի օրը Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պաշտոնյաները սկսեցին տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենալ: Դեռևս պարզ չէ, թե որքան առաջընթաց է ապահովվել քաղաքական խորհրդակցությունների արդյունքում:

Բանակցությունները համակարգող Էնրիկե Մորան հրաժարվեց մեկնաբանություն տալ լրագրողներին, երբ նա դուրս էր եկել այն հյուրանոցից, որտեղ ընթանում էին բանակցությունները: Ժամեր անց բանակցությունների վայր ժամանեց Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին:

«Կարճ ընդմիջումից հետո Վիեննայի բանակցությունների 8-րդ փուլը վերսկսվում է»,- Twitter-ում գրառում է արել Վիեննայում գտնվող ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը:

2015 թվականի համաձայնագիրը սահմանափակումներ է սահմանել Իրանի միջուկային գործունեության վրա, որը երկարացրել է այն ժամանակը, որը անհրաժեշտ է Թեհրանին՝ միջուկային ռումբ պատրաստելու համար: Իրանը հերքում է միջուկային զենք պատրաստելու մտադրությունը:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս բերեց ԱՄՆ-ը համաձայնագրից՝ վերականգնելով ամերիկյան պատժամիջոցները Իրանի դեմ, որոնք կրճատեցին վերջինիս նավթի արտահանումը:

Իրանը պատասխանեց՝ համաձայնագրի շատ դրույթների խախտմամբ՝ հարստացնելով ուրանը մինչև սպառազինության մակարդակը և օգտագործելով առաջադեմ ցենտրիֆուգներ:

Թեհրանը պնդում է՝ քանի որ Վաշինգտոնը առաջին է դուրս եկել համաձայնագրից, ապա այն պետք է կատարի առաջին քայլը՝ համաձայնելով չեղարկել պատժամիջոցները, ինչպես նաև երաշխավորել, որ այլևս չի լքի համաձայնագիրը: Արևմտյան պաշտոնյաներն էլ ասում են, որ իրենք լուծումներ են փնտրում, որոնք հնարավորություն կտան կողմերին գործել համաձայնեցված:

XS
SM
MD
LG