Մատչելի հղումներ

Իրանը չի դադարեցնի իր ռազմական ծրագրերը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

«Մենք չենք կարող հաստատել և չենք հաստատի Իրանի գործողությունների համապատասխանեցումը համաձայնագրին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նրա վարչակազմն առաջ է քաշում մի մոտեցում, որով չեղարկվում է նախկին վարչակազմի արտաքին քաղաքական ժառանգության ևս մի մաս, ըստ որի, տասը տարով Իրանը սառեցնում էր իր միջուկային ծրագիրը՝ պահպանելով հրթիռային և այլ ծրագրեր:

«Մենք պետք է նրանց պատասխանատվության բերենք: Նրանք չեն կարող շարունակել աջակցել ահաբեկիչներին, ինչպես տեսնում ենք: Նրանք չեն կարող շարունակել զարգացնել բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը տանում է դեպի միջուկայնացված Իրան»,- ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին:

Իսրայելը ողջունել է Թրամփի որոշումը, սակայն համաձայնագիրը ստորագրած այլ կողմերը մտահոգված են:

«Մենք բոլորս Եվրոպայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Եվրամիությունում աջակցում ենք Իրանի հետ համաձայնագիրը և ցանկանում ենք պահպանել այն»,- ասում է Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը:

Սակայն դեսպան Հեյլին հակազդում է:

«Իրանն այս պահին չի ասում «Մա՛հ Գերմանիային», այն ասում է՝ «Մա՛հ Ամերիկային»,- հայտարարել է Հեյլին:

Նա նաև հավելել է, որ Իրանի համաձայնագրի շուրջ իրավիճակը լավ ուղերձ է Հյուսիսային Կորեային, որ այսուհետ ԱՄՆ-ը չի պատրաստվում աչք փակել անպատասխանատու գործողությունների վրա:

Այժմ արձագանքելու հերթը Կոնգրեսին է: Եթե դեմոկրատները քննադատում են նախագահի գործողությունները, ապա հանրապետականները դիտարկում են այս իրավիճակը որպես լավ հնարավորություն՝ շտկելու բացթողումները:

«Այս համաձայնագրով Իրանը միջուկային զենք աստիճանաբար ձեռք բերելու հնարավորություն է ստացել, ուստի մենք պետք է ուղղենք սխալը, և հույս ունեմ, որ նախագահը կխորհրդակցի մեր դաշնակիցների հետ, քանի որ սա բազմակողմանի համաձայնագիր է»,- ասում է հանրապետական սենատոր Սուզան Քոլինսը:

Ի պատասխան Թրամփի հայտարարությանը, Իրանն արձագանքել է, որ շարունակելու է սառեցված պահել իր միջուկային ծրագիրը, սակայն հրթիռային և այլ ռազմական ծրագրերը չեն դադարի:

Facebook Forum

XS
SM
MD
LG