Ո՛չ Իրանը եւ ո՛չ էլ ԱՄՆ-ը չունեն միմյանց միջեւ առանց այն էլ լարված հարաբերություններն է՛լ ավելի սրելու որեւէ նպատակ։ Այս մասին են հայտնում երկու երկրկների ղեկավարները։ Սակայն միմյանց միջեւ բանակցություններ սկսելու նրանց ցանկությունն իրականություն դարձնելը դյուրին չէ, քանի որ այդ ճանապարհին մեծ խոչընդոտներ կան ե՛վ Թեհրանում ե՛ւ Վաշինգտոնում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատերին զարմացրեց իր այն հայտարարությամբ, թե կա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ եկող շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնելու ՝՝լավ հնարավորություն՛՛։ Այն հարցին, թե արդյոք Իրանի հետ ճգնաժամն արդեն ավարտված է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսփերը Պենտագոնում պատասխանել է՝ ասելով, թե ՝՝ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ։ Մենք ուզում ենք նրանց հետ շփվել դիվանագիտական ուղով՛՛։
Նույն միտքն է արտահայտել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։ Նա ասել է, թե իր երկիրը չի ուզում տեսնել լարված հարաբերություններ ԱՄՆ-ի հետ ու ավելացրել. ՝՝Սակայն մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր պիտի կարողանա միջազգային օրենքներին համապատասխան, օգտվել իր իրավունքներից՛՛։
Հիշեցնենք, որ կողմերի միջեւ լարվածությունը սրվեց անցյալ տարի, երբ նախագահ Թրմափն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագրից ու նոր պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Թեհրանի։
Այժմ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներն ասում են, թե ստեղծվել է ԱՄՆ-Իրան ձեւաչափով գագաթաժողով հրավիրելու հարմար պահ։
Նրանցից Բարբարա Լիիֆի խոսքերով, հանդիպումը կարող է լինել ցնցող։ ՝՝Սակայն հանդիպումը բանակցություններ չէ։ Բանակցությունները երկարատեւ ու բարդ գործընթաց է՛՛, ասում է նա։
Այլոք, հաշվի առնելով միջազգային ջրերում ներկա թշնամական գործողությունները, այնքան էլ լավատես չեն։ Նրանցից, ինչպես Լյուք Քոֆեյն է ասում, մինչեւ արդյունավետ բանակցություններ սկսելը, հարկավոր է, որ Իրանը դադարեցնի միջազգային ջրերում նավեր կանգնեցնելու գործողությունները, իսկ ԱՄՆ-ը՝ չշարունակի նոր պատժամիջոցներ ուժի մեջ դնելու քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է Իրանի ղեկավարներին, ապա պետք է ասել, որ նրանց կարող են մտահոգել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ Թրամփի գագաթաժողովները։ Չէ որ այդ հանդիպումները չկարողացան լուծել Հյուսիսի միջուկային ծրագրերի ու ԱՄՆ-ի կողմից հաստատված պատժամիջոցների հարցով երկար տարիներ շարունակվող հակամարտությունը։