Մատչելի հղումներ

Բայդենն ու Քաթարի շեյխը քննարկել են Եվրոպա էներգակիրների մատակարարման հնարավորությունը


ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները փորձում են գործողությունների տարբեր տարբերակներ մշակել Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Քաթարի շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին Սպիտակ տանը քննարկել են Քաթարի բնական գազի մատակարարումների հնարավորությունը դեպի Եվրոպա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում:

Հանդիպման նախօրեին Բայդենը Քաթարն անվանել է «կարևոր դաշնակից ՆԱՏՕ-ից դուրս», իսկ էմիրին՝ «լավ բարեկամ և վստահելի գործընկեր»։

«Մենք հավատարիմ ենք Ձեր երկրին և մեր բարեկամությանը», - ասել է Բայդենը Շեյխ Թամիմին:

Էմիրը, ով դարձել է Պարսից ծոցի երկրների առաջին ղեկավարը, ով հանդիպել է Բայդենին Վաշինգտոնում իր նախագահության սկզբից ի վեր, ասել է, որ Քաթարը և ԱՄՆ-ը «շատ ամուր հարաբերություններ ունեն»:

Շեյխ Թամիմը նշել է, որ ծրագրում է Բայդենի հետ քննարկել «պաղեստինցիների հավասար իրավունքները» և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղիները։

Հանդիպման ընտրված ժամանակացույցը պատահական չէր. ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները մտավախություն ունեն, որ եթե նրանք կոշտ տնտեսական պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ի պատասխան դադարեցնել էներգակիրների մատակարարումները Արևմտյան Եվրոպա:

Ռուսաստանն ապահովում է Արևմտյան Եվրոպայի էներգետիկ կարիքների մոտ մեկ երրորդը։ Մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Քաթարը հեղուկ բնական գազի երկրորդ արտահանողն է աշխարհում՝ միայն մի փոքր զիջելով ԱՄՆ-ին: Այն նաև կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ շուկայում:

Քանի որ Քաթարն արդեն ստորագրել է էներգակիրների մատակարարման պայմանագրեր ասիական երկրների հետ, վերլուծաբաններն ասում են, որ պարզ չէ, թե արդյոք երկիրն ունի գազի արդյունահանման բավարար հզորություն՝ Եվրոպային մատակարարելու համար:

ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները փորձում են տարբերակներ մշակել Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա, սակայն ավելի քան 100,000 զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ իր սահմանին:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ներխուժումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։

Շեյխ Թամիմը նաև առանձին հանդիպումներ է ունեցել ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, ներառյալ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի։ Հաղորդվում է, որ կողմերը, ի թիվս պաշտպանության ոլորտի այլ հարցերի, քննարկել են զենքի մատակարարման հետ կապված հարցեր։

Սպասվում էր նաև, որ Քաթարի էմիրը Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում կպնդի, որ ԱՄՆ հաստատի Դոհայի կողմից ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքեր և F-35 ռմբակոծիչներ գնելու խնդրանքը:

XS
SM
MD
LG