Մատչելի հղումներ

Թուրք գրողը «Ամերիկայի Ձայն»-ի տաղավարում պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված ծպտյալ հայերի մասին


Ազգությամբ թուրք գրող Քեմալ Յալչընը ով հեղինակել է «Սիրտս քեզնով է ուրախանում» գիրքը, պատմում է այն դժվարությունների մասին, որոնց նա հանդիպել է գիրքը հրատարակելիս: Նա կիսում է Հայոց ցեղասպանությունից փրկված և Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հետ իր զրույցների մանրամասները:

Ազգությամբ թուրք գրող Քեմալ Յալչընը ծնվել է Դենիզլի քաղաքում, ապա ուսում ստացել Ստամբուլում և աշխատանքի անցել որպես լրագորղ:

Վերջինիս կյանքը շրջադարձորեն փոխվել է 1980 թվականին, երբ նրան բանտարկել են հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով։ Նա ստիպված փախուստի է դիմել Գերմանիա: Հայոց ցեղասպանության մասին Յալչընը առաջին անգամ լսել է Հունաստան կատարած այցի ժամանակ:

Նա պատմում է,- «Իմ հայրենական Հոնազ գյուղում, պապերիս բոլոր հարևանները հույներ էին և երբ հույները Թուրքիայից արտաքսվել են, հարևաններից մեկը իր աղջիկների հարսնաբաժինքը հանձնել է պապիս և խնդրել պահել: Տարիներ հետո պապս ու տատս խնդրեցին, որ գտնեմ Միրորլո ընտանիքին Հունաստանում և վերադարձնեմ հարսնաբաժինքը: 1994 թվականին գտա ընտանիքին և գնացի Հունաստան, այնտեղ հանդիպեցի Կեսարիայից, Սեբաստիայից և այլ քաղաքներից փախած հայերի: Լսեցի նրանց պատմությունները»:

Նա նշում է, որ այս զրույցները իրեն ապշեցրել էին, քանի որ Թուրքիայում պատմության բոլոր դասագրքերում հայերի մասին մեկ տող կար միայն, որ հայերը թուրքերին մեջքից դանակով հարվածել են:

Քեմալ Յալչընը մեծ ջանքեր է գործադրել «Սիրտս քեզնով է ուրախանում» գիրքը գրելու համար, նա ճամփորդել է Անատոլիա և փորձել գտնել հայերի: Գիրքը Թուրքիայում առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, «Դողան» հրատարակչության կողմից, սակայն Թուրքիայի կառավարությունը անմիջապես հրաման է արձակել ոչնչացնել գրքի բոլոր օրինակները:

Գիրքը Թուրքիայում կրկին հրատարակվել է 10 տարի անց, երկար քաշքշուքներից հետո։

Այժմ այն հասանելի է ութ լեզուներով այդ թվում նաև հայերենով։

Քեմալ Յալչընն ասում է,- «Երբ առաջին անգամ գնացի Ամասիա հանդիպեցի Սոֆիա անունով տարեց մի կնոջ և Սոֆիան պատմեց ինձ, թե ինչի՞ միջով է անցել: Երբ հարցրեցի ի՞նչ է քո իսկական անունը լաց եղավ և ասաց, որ Զարուհի է իր իսկական ունունը: Նա ասաց, որ վերցրել էր Սոֆիա անունը քանի, որ դա մոտ էր իր իսկական անվանը: Սենյակում գտնվող բոլորը հուզվել էին նրա պատմությունից, քանի որ մինչ այդ նրա անունը երբեք չէին լսել: Նրան հարցրեցի, թե ինչու՞ էր անունը այդքան տարի գաղտնի պահել, նա պատասխանեց, որ նա իրավունք չուներ նույնիսկ իր ապրած գյուղի անունը բարձրաձայն ասել: Շատերը պատմեցին իրենց պատմությունը, սակայն խնդրեցին ոչինչ չգրել: Իսկ օրինակ վարպետ Սարգսի ու Վահրամ Կարապետի պես ոմանք էլ խնդրեցին գրել: Այսքան լռել ենք ոչինչ չենք շահել: Գրի՛ ամենն ինչ պատմում ենք, չենք վախենում: Հայերից շնորհակալ եմ, որ նրանք ոչ միայն բացեցին իրենց դռները իմ առջև, այլ նաև իրենց սրտերը»:

Քեմալ Յալչընը ավելի քան 30 գիրք է հեղինակել և նախքան «Սիրտս քեզնով է ուրախանում» գիրքը գրելը, նա հայերի մասին հիշատակել է նաև իր գրքերից մեկ ուրիշում:

«Այս գրքում էլ, գնացել եմ Քյահթա գյուղաքաղաքը, որտեղ կրոնափոխ եղած մարդիկ էին բնակվում, ովքեր իրենց կոչում էին մեռիլներ: 5000 էջանոց այս գրքում գրել եմ ծածուկ ապրող հայերի, ասորիների և եզդիների մասին: Այս մարդիկ ցերեկները որպես մահմեդական էին ապրում, իսկ գիշերները որպես քրիստոնյա: Հայ կանայք գլխներին հիջաբ էին կրում և հագուստի տակից խաչ կրում վզներին: Այս գիրքը գրելուց հետո միայն հասկացա, որ 5000 էջանոց գրքում Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին տեղ հատկացնելը բավարար չէր: Նրանց մասին պետք է առանձին խոսվեր»:

«Սիրտս քեզնով է ուրախանում» գիրքը Յալչընի ամենից շատ ընթերցվող գիրքն է, սակայն թե՛ Թուրքիայում և թե՛ Գերմանիայում, այն կարող են ընթերցել միայն այն թուրքերը ում հաջողվում է այն գտնել: Նրա խոսքերով, գիրքը դեռևս բավականին դժվար է գտնել:

Քեմալ Յալչընը ասում է,- «Ես նախ և առաջ կուզեմ, որ թուրքերն ու հայերը, թուրքերն ու քրդերը և ողջ մարդկությունը բարեկամաբար ապրեն և թշնամանք չունենան: 100 տարի շարունակ հայերը պայքարում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, թուրքերն էլ այն չճանաչելուց են հոգնել: Ցեղասպանությունը շատ երկրներ են ճանաչել արդեն, սակայն ոչ Թուրքիան: Իմ փափագն այն է, որ մի օր Թուրքիան էլ կընդունի հայոց ցեղասպանությունը և մենք խաղաղությամբ կապրենք: Կուզեմ որ մեր գալիք սերունդները բարեկամաբար ապրեն: Սիրելի Քույրս քո ցավերը իմ ցավերն են «Սիրտս քեզնով է ուրախանում»: Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Սիրելի հայ քույր ներելը դժվար է, սակայն ներվելը ավելի դժվար է: Ինձ ներեցեք, սա է իմ փափագը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG