Սիրիայի ակտիվիստները համազգային բողոքի ցույց անցկացնելու կոչ են արել

Սիրիայի ակտիվիստները համազգային բողոքի ցույց անցկացնելու կոչ են արել

Սիրիայի ակտիվիստները կոչ են արել ուրբաթ օրն անցկացնել համազգային բողոք ՝ ի աջակցություն ապստամբների զինյալ «Սիրիական ազատ բանակ» խմբավորման:

Ակտիվիստներն այս կոչն արել են ընդդիմադիրների առաջնորդ Բուրհան Ղալիունի և ապստամբների առաջնորդ, գնդապետ Ռիադ ալ-Ասսադի միջև կայացած հանդիպումից մեկ օր անց:

Երկու գործիչների հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը և «Սիրիական ազատ բանակ»-ի կարիքները, որի կազմում հիմնականում ընդգրկված են Սիրիայի բանակի դասարլիքները:

Մեծ Բրիտանիայից գործող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է այն մասին, որ Արաբական պետությունների լիգայի դիտորդները շարունակում են լքել Սիրիան` արտահայտելով իրենց բողոքն այս երկրի կառավարության կողմից իրականացվող բռնությունների դեմ:

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Մուսաբ Ազզավին, որի համաձայն, Իրաքից, Քուվեյթից և Միացյալ Արաբական Էմիրություններից Սիրիա ժամանած ընդհանուր թվով 11 դիտորդ երեքշաբթի օրը Դեյր էլ-Զոր քաղաքում ականատես են եղել, թե ինչպես այս երկրի անվտանգության ուժերը կրակ են բացել հակակառավարական ակտիվիստների ուղղությամբ:

Ազզավիի համաձայն, այս դիտորդները շուտով կլքեն Սիրիան:

Արաբական պետությունների լիգայի դիտորդները մեկնարկել են Սիրիայում իրենց առաքելությունն անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին: Առաքելության նպատակն է` ստուգել, արդյոք նախագահ Բաշար ալ-Ասսադը կատարում է Արաբական պետությունների լիգայի հետ համաձայնեցված ծրագիրը, որի համաձայն պետք է դադարեցվեն հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող բռնությունները:

Միավորված ազգերի կազմակերպությունն ու ԱՄՆ-ը սակայն հայտնել են, որ դիտորդական առաքելությունը մեկնարկելու ժամանակից Սիրիայի անվտանգության ուժերի կողմից իրականացվող բռնությունները սաստկացել են: